Լրահոս
Օրվա լրահոսը

Պատգամավորը վստահ է՝ ընկերների ֆինանսները չեն պակասի ու նորաստեղծ հիմնադրամը կաշխատի (տեսանյութ, ֆոտոշարք)

Մայիս 29,2022 23:40

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանի նախաձեռնությամբ հիմնվել է «Սահմանամերձ համայնքների զբաղվածության ապահովման հիմնադրամը»։

«Այն ստեղծել ենք ընկերներով, նպատակ ունենք ներդրումներ անել սահմանամերձ  բնակավայրերում՝  փորձելով լուծել զբաղվածության խնդիրը»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Դավիթ Դանիելյանը։

Առաջին ծրագրերից մեկը կյանքի է կոչվելու Գեղանուշ գյուղում։ Արդեն ձեռք է բերվել շինություն՝ կարի արտադրամաս ստեղծելու նպատակով։ Արտադրամասում կաշխատի 7 կին, իսկ նորագույն սարքավորումների ձեռքբերման արդյունքում անձնակազմի թիվը կաճի եւ­ս 4 հոգով: Ներկայումս ընթացքի մեջ են կարի արտադրամասի շենքի նորոգման աշխատանքները։

Պատգամավորի խոսքով, ֆինանսական միջոցները գոյանում են բարերարների հանգանակած գումարներով, որոնք հիմնականում  նրա ընկերներն են։ Իսկ եթե մի օր պակասեն  պատգամավորի ընկերների ֆինանսները ու ներդրումներ չանեն՝ ծրագրերը դադարեցվելո՞ւ են՝ հարցրինք պատգամավորին։ «Չեմ կարծում, որ նման օրի կհասնենք, բայց նպատակ ունենք մշակել այնպիսի համակարգ, որ գնալով հիմնադրամը կարողանա ինքնուրույն հոգալու իր ծրագրերի ծախսերը։ Դրա համար ստեղծում ենք փոքր բիզնեսներ»,-ասաց պատգամավորը։

Այն դիտարկմանը, թե արդյո՞ք այս հիմնադրամը ստեղծվել է ի հակադրություն Սյունիքի հարցերով միջգերատեսչական աշխատանքային խմբի, որը եւս Սյունիքի սահմանամերձ համայնքներում ծրագրեր է ֆինանսավորում, պատգամավորը պատասխանեց․ «Ոչ միայն միջգերատեսչական հանձնաժողովը, այլ տարբեր միջազգային կազմակերպություններ են ծրագրեր իրականացնում Սյունիքում։ Մենք փորձում ենք կապ հաստատել տարբեր երկրներում ապրող բարերարների հետ, այսինքն լինելու ենք  այն աշխատող ձեռքերը, որոնք տարբեր բնակավայրերում ծրագրեր կիրականացնեն»։

Շինաշխատանքներն իրականացվում են գյուղի բնակիչների ուժերով։ Կապան համայնքի ավագանու անդամ Իվան Կոստանդյանը պատմում է, որ համայնքի ավագանու  ընտրությունների քարոզարշավի ժամանակ, գեղանուշցիները պատգամավորին առաջարկեցին կարի արտադրամաս հիմնել։ «Ասացին, ինչու պիտի Շիկահողում լինի մեզ մոտ ոչ։ Դանիելյանը ասաց, որ չընտրվելու դեպքում էլ կաշխատի այդ ուղղությամբ եւ հիմա արդեն առաջին քայլերն արվում են»,-մեզ հետ զրույցում նշեց Իվան Կոստանդյանը։

 

Ի դեպ, նշենք, որ Շիկահողի կարի արտադրամասը հիմնադրվեց Սյունիքի հարցերով միջգերատեսչական աշխատանքային խմբի աջակցությամբ։  Այստեղ  14 կին է աշխատում։

Նշենք, որ նորաստեղծ հիմնադրամը չի սահմանափակվելու միայն Սյունիքի մարզով․ ծրագրեր են իրականացվելու Հայաստանի բոլոր սահմանամերձ համայնքներում։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031