Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռասիզմը ոստիկանական զորքերում աճել է». Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովի զեկույց

Հունիս 02,2022 11:41

«Մեր արձանագրած երեք հիմնական միտումներն են՝ Քովիդ-19-ի շարունակական ազդեցությունը խոցելի խմբերի վրա, ռասիզմի և անհանդուրժողականության դրսևորումները ոստիկանության գործողություններում և ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների նկատմամբ անհանդուրժողականության, ահաբեկումների դրսևորումները»,- մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովի նախագահ Մարիա Դանիելա Մարուդան:

Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովը (ՌԵԱՀ) հրապարակել է 2021-ի տարեկան զեկույցը։ Այս հանձնաժողովը մարդու իրավունքների մշտադիտարկման անկախ մարմին է, որը մասնագիտացված է ռասիզմի և անհանդուրժողականության հետ կապված հարցերում։ Այն կազմված է անկախ և անկողմնակալ անդամներից, որոնք նշանակվում են իրենց բարոյական հեղինակության և ռասիզմի, այլատյացության և անհանդուրժողականության ոլորտում իրականացրած՝ հանրությանը հայտնի գործունեության հիմքով:

Ասուլիսի ընթացքում, մինչ զեկույցի բուն բովանդակությանն անդրադառնալը, Մարիա Դանիելա Մարուդան, հղում կատարելով ՌԴ-ի կողմից Ուկրաինայում իրականացվող գործողություններին՝ ասաց. «Ուզում եմ խոսել Ուկրաինայի մասին, քանի որ մենք բազմիցս անդրադարձել ենք ուլտրանացիոնալիզմին ու ատելության խոսքի կիրառմանը չկարգավորված հակամարտությունների պարագայում: Այդ մասին ահազանգելիս մեր հանձնաժողովը նկատի ուներ հենց Ուկրաինային: Այս ամենը պատերազմից ութ տարի առաջ է սկսվել»։

Խոսելով Քովիդ-19-ի բացասական ազդեցության մասին՝ հանձնաժողովի նախագահը նշեց, որ այն շարունակվում է նկատվել զբաղվածության ոլորտում և միգրացիոն հոսքերի վրա: Նա շարունակեց. «Շարունակական լոքդաուններն իրենց վատ ազդեցությունն է ունեցել կրթական ոլորտի վրա, նաև այն հարցերի, երբ ռասսայական խտրականության պատճառով խախտվում է անձի կրթություն ստանալու իրավունքը: Զբաղվածության ոլորտում ևս մեծ է բացասական ազդեցությունը, քանի որ շատ միգրանտներ, որոնք աշխատում էին սպասարկման ոլորտում, լոքդաունների պատճառով մնացին առանց աշխատանք»:

Մարիա Դանիելա Մարուդան նաև մտահոգություն հայտնեց, որ շատ անդամ երկրներում ոստիկանական գործողությունները շարունակում են մնալ բիրտ, որոնք պարունակում են ատելության և ռասսայական խտրականության դրսևորումներ: Զեկույցում ամրագրված է, որ անդամ երկրներում ռասիզմը ոստիկանական զորքերում և ոստիկանության անդամների՝ հանրության հետ շփումներում ռասիստական ​​վարքագծի աճ է գրանցվել:

Անդրադառնալով ատելության խոսքին՝ նա նշեց. «Այս հռետորաբանությունը հիմնականում օգտագործվում է ուլտրանացիոնալիստ քաղաքական գործիչների կողմից՝ քողարկված այն հիմնավորման տակ, թե նրանք պաշտպանում են ազգային ավանդական արժեքները։ Ռուսաստանի ագրեսիան դրա օրինակն է, երբ ուժի հետ կիրառվում է նաև ուլտրանացիոնալիստական հռետորաբանություն»։

Ամփոփելով խոսքը՝ Մարիա Դանիելա Մարուդան նշեց. «Պատերազմից և այլ արտակարգ իրավիճակների պատճառով փախուստի դիմած բոլոր մարդկանց՝ անկախ նրանց ազգային կամ էթնիկ ծագումից, քաղաքացիությունից, մաշկի գույնից, կրոնից, լեզվից, սեռական կողմնորոշումից կամ գենդերային ինքնությունից, պետք է անհապաղ առաջարկվի համապատասխան պաշտպանություն»:

ՌԵԱՀ-ի գործադիր քարտուղար Յոհան Ֆրեստեդը, անդրադառնալով ոստիկանական ուժերի բարեփոխումների անհրաժեշտությանը, նշեց. «Երբ մենք խոսում ենք ոստիկանական ուժերի բազմազանության մասին, մենք նկատի ունենք այն, որ այդ համակարգում պետք է լինեն նաև փոքրամասնությունների ներկայացուցիչներ, ու կարևոր է, որ նրանք լինեն ներգրավված ոստիկանական համակարգի բարձր մակարդակներում: Սա հենց այն անկյունաքարային գործողություններից է, ինչից պետք է սկսել։ Իհարկե, որոշ երկրներում այս առումով տեսնում ենք առաջընթաց, բայց ԵԽ-ի որոշ երկրներում մենք շատ մտահոգիչ միտումներ ենք արձանագրել: Ռուսաստանը մինչ մարտ ամիսն այդ երկրների շարքում էր։ Հիմա մենք այլևս ՌԴ-ի հետ կապված մոնիտորինգ չենք անում»:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930