Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵՄ երկրներում ապաստան հայցողների թիվը ամեն տարի կայուն իջնում է մոտ 30%-ով, սա էական փաստարկ է գործընկերներին համոզելու համար, որ վիզաներն ազատականացնեն». Եղոյան

Հունիս 06,2022 17:09 Share

Այսօր ԱԺ եվրաինտեգրման հարցերի եւ ֆինանսավարկային հարցերի հանձնաժողովների համատեղ նիստում փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը ուշացումով գալուց հետո ներկայացրեց 2021-ի բյուջեի տարեկան հաշվետվությունը:

Պարույր Հովհաննիսյան

Նա խոսեց հայ ռազմագերիների վերադարձմանն ուղղված ջանքերի մասին. «Մարդասիրական աջակցության տրամադրության շրջանակներում ԵԽ նախագահ Շառլ Միշելի ջանքերով 2021-ի հունիսին 15 հայ ռազմագերի, այնուհետեւ 2021-ի դեկտեմբերի 19-ին եւս 10 ռազմագերի վերադարձվել է հայրենիք: 2021-ի հոկտեմբերի 29-ին Հունգարիայի միջնորդությամբ ՀՀ-ին է վերադարձվել 5 հայ ռազմագերի»:

Փոխարտգործնախարարը նաեւ ընդգծեց. «ԵՄ-ի կողմից Հայաստան այցելությունների թիվը տարվա երկրորդ կեսին աննախադեպ էր թե՛ քանակապես, թե՛ բարձր մակարդակի առումով»:

Անդրադառնալով վիզաների ազատականացմանը՝ Պարույր Հովհաննիսյանն ասաց. «Այդ հարցը բարձրացվել է գործընկերության կոմիտեի ընթացքում: Եվրոպական կողմը հավաստիացրել է, որ եվրոպական հանձնաժողովը կարծես պատրաստակամ է եւ հարցը գտնվում է անդամ երկրների տիրույթում: Մի շարք անդամ երկրներում տեղի են ունեցել խորհրդարանական եւ նախագահական ընտրություններ ու այդ ընթացքում հարցը նպատակահարմար չէ բարձրացնել: Կարծում ենք, սեպտեմբերից ավելի բարենպաստ պայմաններ կստեղծվեն՝ հարցը առաջ քաշելու համար: Մենք այդ հարցը մշտապես օրակարգում ենք պահում ԵՄ-ի հետ»:

Եվրաինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանն էլ հավելեց, որ կապված միգրացիոն հոսքերի եւ ուկրաինական ճգնաժամի հետ` որոշ անդամ երկրներ մտավախություններ ունեն, որ վիզաների ազատականացմամբ անօրինական ներգաղթը իրենց երկիր կմեծանա, իսկ որոշման կայացման համար բոլոր 27 երկրների համաձայնությունն է պետք: Եղոյանը նաեւ արձանագրեց, որ վերջին տարիներին ԵՄ երկրներում ապաստան հայցողների թիվը ամեն տարի կայուն իջնում է մոտ 30%-ով, իսկ սա էական փաստարկ է գործընկերներին համոզելու համար, որ վիզաներն ազատականացնեն:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930