Լրահոս
Օրվա լրահոսը

Հարութ Փամբուկչյանը երգեր նվիրեց Արցախյան երկու պատերազմների մասնակցածներին ու նաեւ այն տղաներին, որոնք այսօր կանգնած են մեր հայրենիքի սահմաններին

Հուլիս 04,2022 17:11

Հուլիսի 3-ին «Կարեն Դեմիրճյան» մարզահամերգային համալիրում կայացավ ամերիկաբնակ երգիչ Հարութ Փամբուկչյանի՝ Ձախ Հարութի, հոբելյանական համերգը, որ կազմակերպել էր Եղոյան պրոդաքշընը: Երգիչ, որին այս տարիների ընթացքում կապեցին եւ նախկինների, եւ ներկա իշխանությունների հետ… Ի դեպ նրան ժամանակին վաստակավորի կոչում շնորհեցին, ու բոլորն են հիշում, թե ինչ անդրադարձեր եղան այդ կոչմանը:

Հարութ Փամբուկչյանի կատարած երգերում մի քանի սերունդների կենսագրություն է ամփոփված՝ «Տարիներն անցան»,«Ես առանց քեզ», «Թե աչերս քեզ որոնեն», «Մենք չենք լինի էլ քսան տարեկան», «Սիրում եմ քեզ» եւ այլն… Հարութ Փամբուկչյանին լսում էին տասնամյակներ առաջ, լսում են հիմա, երիտասարդ սերնդի երգիչներն էլ սիրով կատարանում են նա լավագույն՝ արդեն հիթային համարվող երգերը:

Հոբելյանական համերգին դահլիճում ասեղ գցելու տեղ չկար, դահլիճը երգում էր Հարութ Փամբուկչյանի հետ: Բազմաթիվ համերգներ ունեցած երգիչը երեւանյան այս համերգին շատ հուզված էր՝ ասես առաջին անգամ էր ելույթ ունենում: Նա էլ ավելի հուզվեց՝ խոսելով իր ծննդյան օրը Զինվորի տուն այցելության մասին, որտեղ նրան յուրահատուկ ձեւով շնորհավորել էին տղաները, ինքն էլ երգել էր նրանց համար: Պատմեց տղաներից ստացած հուշանվերի մասին, որ պայթած ռումբից պատրաստված կենաց ծառ էր:

Համերգին նա մի փունջ հայրենասիրական ու ազգագրական երգեր նվիրեց Արցախյան երկու պատերազմների մասնակցածներին ու նաեւ այն տղաներին, որոնք այսօր կանգնած են մեր հայրենիքի սահմաններին: «Այն ժողովուրդը, որ չի ուզում մեռնել, որեւէ մեկը չի կարող սպանել նրան»,-ասաց Հարութ Փամբուկչյանը: Ապա խնդրեց, որ բոլորը հոտնկայս ծափահարեն 44-օրյա պատերազմի մասնակիցներին, որոնցից ոմանք դահլիճում էին:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031