Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ Սահմանադրության առանցքը մարդու արժանապատվությունն է, իսկ դրա բաբախող սիրտը քաղաքացին է․Արման Դիլանյան

Հուլիս 05,2022 12:20

Հարգելի՛ հայրենակիցներ,

Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ,

​Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ Սահմանադրության և պետական խորհրդանիշների օրվա առթիվ:

Լինելով զսպումներն ու հակակշիռները մարմնավորող յուրահատուկ իրավաքաղաքական համաձայնություն՝ Սահմանադրությունը կենդանի և ապրող փաստաթուղթ է: Սահմանադրորեն հռչակված ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետության հայեցակարգի հենքը սահմանադրական արժեքներին և Սահմանադրության ոգուն համահունչ գործելն է: Սա առավել առաջնային հրամայական է բոլոր նրանց համար, ովքեր ի պաշտոնե ծառայում են մեր Հանրապետությանը. հանձնառու ու պարտավոր ենք աշխատել առավելագույնս արդյունավետ՝ չշեղվելով մեր սահմանադրական առաքելությունից ու ծառայելով բացառապես մեր պետության հզորացմանը:

Պատմական զարգացման տարբեր շրջափուլերում հայ ժողովուրդը մշտապես ցուցաբերել է տոկունություն, խոհեմություն և ապացուցել, որ մեր հասարակության իրական ուժը բխում է ոչ թե տնօրինվող նյութական հարստության չափից, այլ միս ու արյուն է ստանում մեր կողմից որդեգրված բարձր արժեքներից: Հայաստանի Հանրապետության Սահմանադրության առանցքը մարդու արժանապատվությունն է, իսկ դրա բաբախող սիրտը քաղաքացին է՝ իր սահմանադրորեն ամրագրված հիմնարար ազատություններով և իրավունքներով, հնարավորություններով և պարտականություններով: Հենց այդ բաբախող սրտի անխափան աշխատանքն է մեր պետական ինստիտուտների հետագա կայացման, իրավունքի գերակայության խթանման, սահմանադրական մշակույթի ամրապնդման ու հայկական ժողովրդավարության երկարաժամկետ հաջողության անվիճելի գրավականը և երաշխիքը:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Կրկին շնորհավորում եմ բոլորիս Սահմանադրության և պետական խորհրդանիշների օրվա՝ հուլիսի 5-ի առթիվ՝ մաղթելով խաղաղություն ու բարեկեցություն:

Արման Դիլանյան

Սահմանադրական դատարանի նախագահ |

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031