Լրահոս
Օրվա լրահոսը

Նախարար․ «Մեր կատարած աշխատանքի արդյունքում Լարսի թողունակությունն էապես մեծացել է, բեռնատարներն անարգել անցնում են անցակետը»

Հուլիս 07,2022 14:46

«Այժմ բեռնատար մեքենաներն անարգել անցնում են Վերին Լարսի անցակետով եւ մեր կատարած աշխատանքի արդյունքում վերջին 1․5 ամսվա ընթացքում կարողացել ենք հասնել նրան, որ առաջինը՝ Լարսի թողունակությունն էապես մեծացել է, եւ եթե երկու ամիս առաջ հայկական մեքենաների միջին օրական քանակը 130 էր, որ անցնում էր Լարսի անցակետով, հիմա մոտավորապես 250-ի կողմերն է։ Այսինքն՝ մոտ կրկնակի ավելացել է հայկական մեքենաների թողունակությունը, բայց խնդիրը դեռ մինչեւ վերջ լուծված չէ»,- այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Նա ասաց, որ արագ փչացող ապրանքների փոխադրումն էլ անցակետով արագ է տեղի ունենում, եւ դա էապես թեթեւացրել է գյուղմթերք արտահանողների աշխատանքը, նվազեցրել է ռիսկերը․ «Դա մեր, Վրաստանի եւ Ռուսաստանի կառավարությունների համատեղ աշխատանքի արդյունքն է»։

Մոտակա մեկ ամսվա ընթացքում, ինչպես վստահեցրեց նախարարը, հերթերն ամբողջությամբ կվերանան, եւ խնդիրներ չեն լինի մինչեւ եղանակների վատանալը․ «Դրան զուգահեռ մենք աշխատանքներ ենք տանում այլ ճանապարհների բացման, այլ երթուղիների ստեղծման ուղղությամբ։ Դրանցից մեկն էլ լաստանավն է, մենք հիմա վերջնակետին մոտ ենք։ Ես երեկ էլ խոսել եմ իմ վրացի գործընկերների հետ, եւ ակնկալում ենք, որ մոտակա օրերին ի վերջո մեր հարցը լուծում կստանա։ Եթե չէ, պլան Բ-ին կանցնենք, Բաթումի նավահանգստի միջոցով կկարողանանք այդ նույն գործողությունն անել եւ ստեղծել այլընտրանքային տարբերակ։ Խնդիրը մեզ համար գերկարեւոր է, քանի որ Հայաստանը պետք է ունենա լավ կապվածություն աշխարհի հետ»,- հավելեց նախարարը։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031