Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Հայաստանի բարեկամներն ու թշնամիները․ հասարակական ընկալումների փոփոխությունը. Անահիտ Ղարիբյան

Հուլիս 27,2022 17:36

 Հայաստանում բնակչության շրջանում բարեկամ երկրների վերաբերյալ ընկալումները մշտապես փոփոխվում են ազգային այս կամ այն հարցի շուրջ նրանց դրսևորած դիրքորոշմամբ և/կամ ազգային շահերին առնչվող որոշումներում ցուցաբերած աջակցությամբ։ Այդուհանդերձ հասարակական ընկալումներում բարեկամ և թշնամի երկրների մասին պատկերացումները ձևավորվել են պատմական անցյալում, սակայն երբեմն փոփոխվել են աշխարհաքաղաքական տարբեր իրադարձություններով պայմանավորված։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԵՐԺ ԹՇՆԱՄԻՆԵՐՆ ՈՒ ԲԱՐԵԿԱՄՆԵՐԸ

Հայաստանում և Վրաստանում պարբերաբար անցկացվող Կովկասյան բարոմետրի տվյալներով` Հայաստանի ամենաբարեկամական երկրների շարքն առաջին անգամ գլխավորում է Ֆրանսիան, որին հաջորդում է Ռուսաստանը։ Հատկանշական է, որ 2019թ․ տվյալների համեմատությամբ երեք անգամ ավելացել է այն մարդկանց թիվը, ովքեր Ֆրանսիան համարել են Հայաստանի ամենաբարեկամական երկիրը։ Բարեկամական երկրներից հաջորդը Ռուսաստանն է, որը տասնյակ տարիներով հասարակական ընկալումներով առաջինն էր։

Գրաֆիկից երևում է, որ 44-օրյա պատերազմից հետո գրեթե երկու անգամ կրճատվել է այն մարդկանց թիվը, ովքեր Ռուսաստանը համարում են բարեկամական երկիր Հայաստանի համար։ Ավելին, Ռուսաստանը թշնամական երկրների ցանկում երրորդն է՝ Թուրքիայից և Ադրբեջանից հետո։

Հետաքրքրական է, որ հասարակության մեջ բարեկամական ընկալումներն աճում են ԱՄՆ-ի հանդեպ։ Ի հեճուկս դրա՝ բարեկամական տրամադրվածությունը հարցվածների շրջանում նվազել է Վրաստանի հանդեպ, որին թեպետ քիչ տոկոսով, սակայն ևս համարում են բարեկամական երկիր։ Պատճառը միգուցե 44-օրյա պատերազմի ընթացքում Վրաստանի վարած չեզոք քաղաքականությունն էր իր ռազմավարական դաշնակիցների՝ Ադրբեջանի ու Թուրքիայի և բարեկամական երկիր համարվող Հայաստանի հանդեպ, միևնույն ժամանակ մամուլում շրջանառվող տարբեր լուրերը՝ Վրաստանի կողմից Ադրբեջանին ցուցաբերած ակտիվ աջակցության ու մեր երկրի հանդեպ բացարձակ պասիվության վերաբերյալ։ ԱՄՆ-ի նկատմամբ վստահության աճը կարելի է բացատրել Ցեղասպանության ընդունման, Արցախյան հակամարտության լուծման և տարածաշրջանային այլ հարցերում ԱՄՆ գործուն աջակցությամբ ու քայլերով։

Ինչպես երևում է գրաֆիկից, հարևան Իրանի վերաբերյալ ցուցանիշներն էականորեն չեն փոխվել։ Միևնույն ժամանակ 2021թ․ տվյալներով՝ ավելի շատ հարցվածներ կարծում են, որ Հայաստանի համար ոչ մի բարեկամական երկիր չկա։ Ընդ որում քչերն են դժվարացել պատասխանել այս հարցին, ինչը նշանակում է, որ հարցվածներն առավել համոզված են երկրի բարեկամական ու թշնամական համարվող երկրների հարցում։

Հավելենք նաև, բացի նրանից, որ թշնամական երկրների հարցում Ռուսաստանն ունի աճող միտումներ, սրացել է նաև վերաբերմունքը Թուրքիայի նկատմամբ։ Նախորդ տարիների համեմատ Ադրբեջանին թշնամական համարողների թիվը երկու անգամ կրճատվել է, փոխարենը երկու անգամ ավելացել են նրանք, ովքեր Թուրքիային համարում են թշնամի։ Ըստ էության պատճառը պատերազմի ընթացքում Թուրքիայի կողմից Ադրբեջանին ցուցաբերած բացահայտ ռազմական օգնությունն ու տարածաշրջանում Հայաստանի ազգային շահերին հակասող տնտեսական ծրագրերն են։

ՀԱՅԱՍՏԱՆԻ «ՈԽԵՐԻՄ» ԲԱՐԵԿԱՄՆԵՐԸ

44-օրյա պատերազմն ու հետպատերազմական իրադարձությունները մեծապես ազդել են հայաստանցիների շրջանում Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունքի և պատմական անցյալի հանդեպ։

Ռուսաստանի վարկանիշի կտրուկ անկումը, ինչպես երևում է գրաֆիկից, սկսվել է 2013թ․-ից, այսինքն` Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցության տարվանից ի վեր 51%-ով նվազել է այն մարդկանց թիվը, ովքեր ՌԴ-ը համարում են բարեկամական։ Հասկանալի է, որ ՌԴ-ը բարեկամական համարող հարցվածներից 56 և ավելի բարձր տարիքի անձանց թիվն (42%) ավելի շատ է, քան 18-35 տարեկաններինը (27%)։

Ընդ որում, հարցվածներից ՌԴ-ը բարեկամական համարողների մեծ մասն ամբողջությամբ՝ 30%-ը կամ ավելի շուտ 31%-ն աջակցում է Հայաստանի անդամակցությանը ԵԱՏՄ-ին։ Նրանցից միայն 7%-ն է նշել, որ բացարձակ՝ 5%-ը կամ ավելի շուտ 2%-ը դեմ է Հայաստանի անդամակցությանը ԵԱՏՄ-ին։

Ռուսաստանին բարեկամական երկիր համարողների մեծ մասը՝ 51%-ը, ունի միջնակարգ կամ ավելի ցածր կրթություն և 20%-ը` բարձրագույն կրթություն։ Բացի այդ նրանցից 27%-ն ապրում է Երևանում, 29%-ը՝ Հայաստանի այլ քաղաքներում, իսկ 44%-ը գյուղական բնակավայրերից է։ Այսինքն` գյուղական համայնքներում Ռուսաստանի վերաբերյալ բարեկամական ընկալումներն ավելի շատ են։ Հակառակ դրան Ռուսաստանը թշնամական համարողների 35%-ն ապրում է մայրաքաղաքում, այլ քաղաքներում՝ 33%-ը, իսկ գյուղերում` 32%-ը։ Հատկանշական է, որ թշնամական երկիր համարողների գրեթե կեսը (48%) 18-34 տարեկան է, 24%-ը՝ 35-54 տարեկան, և 55-ից բարձրը՝ 28%։ Բացի այդ նրանցից 41%-ը բարձրագույն կրթություն ունի․ այսինքն բարձրագույն կրթությամբ, 18-35 տարեկան և Երևանում ապրողների շրջանում Ռուսաստանի վերաբերյալ թշնամական պատկերացումներն ավելի շատ են։ Հետաքրքիր է, որ Ռուսաստանը թշնամական համարողների 59%-ը՝ տղամարդ, իսկ 41%-ը կանայք են, իսկ բարեկամական համարողների 48%-ը՝ տղամարդ և 52%-ը կանայք են։

Ընդ որում, Ռուսաստանը բարեկամական համարողների 75%-ը Խորհրդային Միության փլուզումը բացասական են համարում երկրի համար՝ հիմնականում մարդկանց տնտեսական վիճակի վատթարացման պատճառով (67%)։ Մինչդեռ Ռուսաստանը թշնամական երկիր համարողներից թեպետ 45%-ը փլուզումը համարում է բացասական՝ տնտեսական վիճակի վատացման պատճառով (64%), սակայն 85%-ը փլուզման դրական արդյունքը համարում է երկրի անկախության ձեռքբերումը։

Հարկ է նշել, որ այս տարիների ընթացքում շեշտակի անկում է ապրում ոչ միայն Ռուսաստանի վարկանիշը Հայաստանում, այլև վատացել է վերաբերմունքը Եվրասիական տնտեսական միության նկատմամբ։

Այսպես, 2013թ․ համեմատ գրեթե երկու անգամ ավելացել է այն մարդկանց թիվը, ովքեր ամբողջությամբ կամ մասամբ դեմ են Հայաստանի անդամակցությանը Եվրասիական տնտեսական միությանը։ Նույն կերպ նվազել է ամբողջությամբ կողմ կամ մասամբ կողմ արտահայտվողների թիվը, ինչը վերջին տարիներին Հայաստանի հանդեպ Ռուսաստանի բացահայտ ոչ բարեկամական քաղաքականությամբ կարելի է բացատրել ոչ միայն պատերազմի ընթացքում, այնպես էլ մեր երկրի ներքին ու արտաքին տնտեսական, քաղաքական և ռազմական հարցերում ունեցած իր բացասական դերակատարությամբ։

Այսպիսով, ամփոփելով վերոգրյալը՝ փաստենք, որ մեր երկրի քաղաքացիների համար երբեմնի բարեկամ ընկալվող Ռուսաստանը ոչ միայն կորցնում է իր վարկանիշը՝ որպես բարեկամական պետություն, այլև աստիճանաբար վերածվում է թշնամական պետության, որը կարող է վտանգավոր լինել՝ հաշվի առնելով նաև խաղաղապահ զորքերի տեղակայումն Արցախում։ Բացի այդ հասարակական ընկալումների նման շեշտակի փոփոխությունները կարող են հանգեցնել երկրում արտաքին ու ներքին քաղաքական նոր զարգացումների՝ մեր տարածաշրջան բերելով ուժերի նոր վերադասավորումներ և քաղաքական օրակարգեր։

Անահիտ ՂԱՐԻԲՅԱՆ

ՄԱՀՀԻ Ժողովրդավարության IV դպրոցի շրջանավարտ

«Ժողովրդավարություն, անվտանգություն և արտաքին քաղաքականություն» ծրագիր (NED)

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031