Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները և դրանց շրջանցման հնարավոր հետևանքները. «Անալիտիկոն»

Հուլիս 28,2022 11:24

«Անալիտիկոն». Վերջերս (ս.թ. հունիսի 28-ին) Ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի ցանցը (FinCEN) և ԱՄՆ Առևտրի դեպարտամենտի Արդյունաբերության և անվտանգության բյուրոն (BIS) համատեղ հրապարակել են ֆինանսական հաստատություններին ուղղված ահազանգ առ այն, որ հարկ է առավել զգոն վարքագիծ դրսևորել Ռուսաստանի Դաշնություն և Բելառուսի Հանրապետություն որոշ ապրանքների արտահանման նկատմամբ, մասնավորապես՝ այն դեպքերում, երբ նկատելի են այդ տիրույթում արտահանման վերահսկողությունից խուսափելու հնարավոր փորձեր:

Արձանագրենք, որ ԱՄՆ-ի կողմից իրականացված այս նախաձեռնությամբ ևս մեկ անգամ ահազանգվում է, որ միջազգային հանրության մի ստվար հատված իրենց գործողություններում միասնական են և համառ՝ միտված ռուս-ուկրաինական պատերազմում Ռուսաստանի ռազմական հնարավորությունները նվազեցնելուն, տնտեսական ճնշում գործադրելուն և անարդար պատերազմին վերջ տալուն:

Արդ, ներկայացնենք ֆինանսական հաստատություններին ուղղված վերոնշյալ ահազանգի որոշ դրույթներ: Փաստաթղթում սահմանվել են արտահանման վերահսկողության խստացմանն ուղղված գործարքային և վարքագծային «կարմիր դրոշներ», որոնց շրջանակը բավականաչափ լայն է՝ 22 «կարմիր դրոշներ»:

Կարճառոտ ներկայացնենք դրանցից առավել կարևորները, որոնք կարող են Հայաստանի ֆինանսական շուկայի հետագա զարգացումների համար լուրջ վտանգներ առաջացնել.

Այսպես, վարքագծային «կարմիր դրոշներ» են այն դեպքերը, երբ.

  1. Ծովային արդյունաբերության գործակալը տեղափոխում է ապրանքներ և օգտագործում հայտնի առևտրային միջանցքներ, որոնք Ռուսաստան և Բելառուս բեռնափոխադրման հնարավոր կետեր են,
  2. Ռազմական ոլորտի կամ կառավարության հետ կապված բիզնես գործունեություն, որը լրացուցիչ ռիսկեր է պարունակում արտահանման վերահսկողությունից խուսափելու պարագայում,
  3. Նավեր են ձեռքբերվում՝ առանց ակնհայտ տնտեսական և գործարար նպատակների, կամ էլ դրանք օգտագործվում են բեռնափոխադրման գործող միջանցքում՝ փոխադրող մեկ կամ երկու երկրների մասնակցությամբ
  4. Արտաքին առևտրային գործարքներ, որոնցում ներգրավված են համացանցում չգրանցված կամ ոչ ակտիվ վարքագիծ դրսևորող կազմակերպություններ,
  5. Գործարքներ, որոնք ներառում են բեռնափոխադրումների կամ վճարումների այնպիսի փոփոխություն, որը նախկինում նախատեսված էր դեպի Ռուսաստան կամ Բելառուս, կամ՝ Ռուսաստանում կամ Բելառուսում գտնվող ընկերություններ, որոնք այժմ պատրաստվում են ուղղորդվել տարբեր երկրներ,
  6. Գործարքներ, որոնք ներառում են վճարումներ՝ երրորդ երկրներում տեղակայված կազմակերպություններից, որոնք էլ հայտնի են որպես պոտենցիալ փոխադրման կետեր դեպի Ռուսաստան և Բելառուս։
  7. Գործարքներ՝ կապված շքեղ ապրանքների փոխադրման հետ, որոնք նախկինում նախատեսված են եղել Ռուսաստանի կամ Բելառուսի համար, բայց այժմ նախատեսված են փոխադրման այլ երկիր,
  8. Շքեղության ապրանքների հետ կապված գործարքների արագ անցում դեպի նոր գնորդներ,
  9. Ապրանքների բեռնափոխադրումներ, որոնք գնում են ավանդական ռուսական փոխադրման հանգույցներ:
  10. Գործարքներ, որոնք կապված են ապրանքի առաքման անհայտ երթուղիների հետ,
  11. Գործարքներ, որոնցում ներգրավված են այն կազմակերպությունները, որոնց կայքում կամ բիզնեսի գրանցման կայքում նշված է, որ կազմակերպությունները աշխատում են «հատուկ նշանակության նախագծերի» տիրույթում,
  12. Նախկինում դատվածություն ունեցող անձանց կողմից նոր կամ գոյություն ունեցող հաշիվներ և գործարքներ,
  13. Գործարքներ, որոնք կատարվում են դոլարով կամ իրականացվում են մեծ ծավալներով,
  14. Վարկային քարտերով կամ մեծ ծավալով դոլարային գնումներ՝ օնլայն հարթակում, հատկապես՝ եթե դրանք վերաբերում են էլեկտրոնային արդյունաբերության , էլեկտրոնիկայի մեծածախ մատակարարներին,
  15. Ռուսաստանյան պետական կորպորացիաների հետ կապեր ունեցող ընկերություններ կամ անհատներ (ներառյալ բաժնետիրական սեփականություն, ինչպես նաև մասնաճյուղեր, դուստր ձեռնարկություններ կամ դրանց բաժնետեր պետական կորպորացիաներ), որոնք ներգրավված են արտահանման հետ կապված գործարքներում կամ տրամադրում են արտահանման հետ կապված ծառայություններ.
  16. Արտահանման գործարքներ, որոնք բացահայտվել են կորեսպոնդենտային բանկային գործունեության միջոցով, որոնք ներառում են ոչ միայն ԱՄՆ-ը,
  17. Արտարժույթի հաշիվների օգտագործումը ԱՄՆ-ում գործող առևտրականների կողմից՝ էլեկտրոնային սարքավորումների ներմուծման կամ արտահանման նպատակով, երբ գործարքներն իրականացվում են երրորդ երկրների էլեկտրոնիկայի և օդատիեզերական ընկերությունների հետ և որոնք գրասենյակներ ունեն նաև Ռուսաստանում կամ Բելառուսում:

Այսպիսով, ակնհայտ է, որ վերահսկողության «Կարմիր դրոշներ»-ը սահմանափակում են դեպի Ռուսաստան կամ Բելառուս արտահանման, վերաարտահանման գործարքները, է´լ ավելի խստացնում են դրանց փաստաթղթային ձևակերպումները, պահանջում են արտահանման լիցենզիաներ և բազմաբնույթ ֆինանսական հաշվետվություններ, հատկապես՝ բանկերի կողմից կատարված գործարքների վերաբերյալ:

Անդրադառնանք նաև վերոնշյալ խորապատկերին հայաստանյան իրականությանը:

Կարծում ենք,  փոխհամագործակցության սոսկ թվարկումն արդեն իսկ հուշում է հնարավոր ռիսկերի ու սպասվող մարտահրավերների մասին: Մասնավորապես, Հայաստանի տնտեսության վրա պատժամիջոցների ազդեցությունն առայժմ կարելի է դրական գնահատել, պայմանավորված այն հանգամանքով, որ նկատելի է գործարար դաշտի ակտիվացում, մասնավորապես՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, պահանջարկի աճ՝ և´անշարժ գույքի, և´առաջին անհրաժեշտության սպառման ապրանքների ու ծառայությունների շուկայում, արտարժութային հոսքեր, ինչպես նաև որակյալ աշխատուժի զգալի ներհոսք:

Սակայն, հարց է առաջանում, թե վերոնշյալ ահազանգը կարո՞ղ է, արդյոք, ռիսկեր առաջացնել Հայաստանի ֆինանսական շուկաներում: Կարծում ենք՝ այո´, վերը թվարկված վերահսկողության «Կարմիր դրոշներ»-ից վերջին երեքը հատկապես խնդրահարույց են Հայաստանի ֆինանսական շուկայի համար: Ընդգծենք նաև այն փաստը, որ հայկական բանկերը սպասարկվում են ռուսական բանկերի կողմից, և վերջիններս միջնորդ գործընկեր են SWIFT համակարգով փոխանցումներ կատարելիս: Հետևաբար, այս համակարգում գործարքներ իրականացնող հայկական բանկերը կարող են մոտ ապագայում զգալի ռիսկեր կրել՝ համակարգում որոշ բանկերի գործունեությունը կասեցնելու հետ կապված:

Նշենք նաև այն երևույթը, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների անմիջական հետևանքն այս իրողություններում դոլարի առաջարկի գերազանցումն է պահանջարկի նկատմամբ կամ, որ նույնն է, դրամի արժևորումը, ինչը կարելի է գնահատել և´դրական, և´բացասական ազդեցությունների տեսանկյունից: Մտահոգիչ է հատկապես դրամի արժևորման երևույթը, որի շարունակականությունը տարադրամի շուկայում կարող է անդառնալի հետևանքներ ունենալ տնտեսության հետագա զարգացումների վրա: Արդեն այսօր ձևավորվել են հայկական ապրանքների արտահանման լուրջ խոչընդոտներ, ինչն ահազանգում է ոլորտային զարգացումների հնարավոր հետընթացի մասին: «Կարմիր դրոշներ»-ի հետ կապված ռիսկեր կարող է առաջացնել հայկական ֆինանսական շուկայում, այսպես կոչված, «դոլարային ավելցուկը»:

Ջուլիետա ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Տնտեսագիտության թեկնածու, դոցենտ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Անալիտիկոն» հանդեսում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031