Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես թաքնվելու խնդիր չունեմ եւ սեպտեմբերի 1-ին ակնկալում եմ, որ Աղավնոն իր տեղը կլինի, միջանցքը իր տեղը կլինի, վերականգնած կլինեն իմ բացառիկ իրավունքը». Րաֆֆի Հովհաննիսյան

Օգոստոս 05,2022 12:44

«Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, ՀՀ առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը թոռան մկրտությանը մասնակցելու նպատակով իր՝ Արցախ մտնելու արգելքը համարում է մի անգամվա թյուրիմացություն:

Հիշեցնենք, որ օգոստոսի 1-ին ռուս խաղաղապահները թույլ չէին տվել Րաֆֆի Հովհաննիսյանին մտնել Արցախ:


«Հույս ունեմ, որ մինչեւ սեպտեմբերի 1-ը, այսինքն՝ Արցախի պետական տոնի նախօրեին Արցախի Հանրապետության իշխանությունը, գեներալ-մայոր Վոլկովը, ազգային անվտանգության ծառայությունը կվերականգնեն իրենց ինքնիշխանությունը, լիազորությունը եւ արժանապատվությունը եւ նաեւ ՀՀ-ի իմ բացառիկ իրավունքը՝ լինելու Արցախի տարածքում եւ մասնակցելու, ինչպես ամեն տարի, Արցախի Հանրապետության հռչակման տոնակատարությանը»,- ասաց պարոն Հովհաննիսյանը:


Ըստ նրա, կարեւոր չէ, թե այդ մեկ որոշման աղբյուրը գալիս է Բաքվում նստած ռազմական հանցագործի՞ց, թե՞ Երեւանում թաքնված նախկին գերագույն հրամանատարից, որը թիրախավորել է մի ընտանեկան մկրտության արարողություն. «Սրա տիրույթը գեներալ-մայորն է, Արցախի Հանրապետության տակավին ինքնիշխան պետականությունն ու ՀՀ պատկան մարմինը: Դրանցից որեւէ մեկը պիտի չասի, որ ես մեկնաբանություն չունեմ: Մի կողմ դնենք, որ սա նախկին արտգործնախարար է՝ Արցախի, Հայաստանի ինքնիշխանության, պետականության իմ ինքնակշիռը, հաշվեկշիռը իմ եւ Աստծո միջեւ է, դա հրապարակման ենթակա չէ: Բայց, որպես ՀՀ քաղաքացի, որպես հայ մարդ իմ բացառիկ իրավունքն է լինել մեր հայրենիքում՝ Արցախի Հանրապետությունում: Ես թաքնվելու խնդիր չունեմ եւ սեպտեմբերի 1-ին ակնկալում եմ, որ Աղավնոն իր տեղը կլինի, միջանցքը իր տեղը կլինի եւ Արցախի Հանրապետության բարձրագույն իշխանությունը, գեներալ-մայորը վերականգնած կլինեն իմ բացառիկ իրավունքը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031