Լրահոս
Օրվա լրահոսը

Գայանե Գաբրիելյան․ «Երեւանում օդի աղտոտվածության հիմնական պատճառը շինարարությունն է»

Օգոստոս 08,2022 17:16

Երեւանում ու մի շարք այլ քաղաքներում օդի աղտոտվածության մակարդակը մտահոգիչ ցուցանիշի է հասել: «Երեւան քաղաքում ունենք շահագործվող ե՛ւ հանքեր, ե՛ւ շինարարություն, հետեւաբար, մեր ամենամեծ խնդիրը փոշին է եւ օդի աղտոտվածության վատ վիճակը: Մարդը պատուհանը բացում է՝ տունն արդեն կեղտոտ է, ավտոմեքենան միշտ կեղտոտ է, մարդու կոշիկները միշտ կեղտոտ են։ Սրանք կենցաղային ցուցիչներ են, եւ պարտադիր չէ որոշ սարքավորումներ դնել, որպեսզի հասկանանք, որ մեր միջավայրն այսօր շատ աղտոտված է»,-այս մասին այսօր «Արմենպրես»-ի մամուլի սրահում ասաց շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը:

Նրա խոսքով՝ օդի աղտոտվածության հիմնական պատճառներից է քաղաքում ընթացող շինարարությունը․ «Շինարարական բում է, որը մի կողմից լավ է՝ ներդրումներ են, աշխուժություն է, զբաղվածություն է, բայց մյուս կողմից շինարարների կողմից չեն պահպանվում օրենքով արդեն իսկ ամրագրված պահանջները: Օրենքով սահմանված են քաղաքաշինական նորմերը, մթնոլորտային օդի աղտոտվածության նվազման համար համապատասխան պահանջները, որոնք պետք է պահպանեն շինարարները։ Սակայն եթե շինարարները դրանք չեն պահպանում, ապա գործը ընկնում է տեսչական մարմիններին»։

Գայանե Գաբրիելյանի կարծիքով՝ եթե կառավարությունը հայտարարում է, որ չի ուզում գնալ բիզնեսին պարտադիր տուգանելու ճանապարհով, սա նշանակում է, որ բիզնեսը, որը նախատեսել է առաջիկա, ասենք՝ 150 տարիներին որոշակի դիվիդենտներ ստանալ, պետք է ստանձնի պատասխանատվություն՝ այդ պահանջները կատարելու։ Ըստ փոխնախարարի, ոչ մի նախագիծ չի կարող ստանալ դրական եզրակացություն եւ համալիր փորձաքննություն, եթե սպառիչ նկարագրված չէ, թե ինչպես պետք է տարածքը ծածկապատված լինի, քանի անգամ պետք է շինհրապարակները ջրով ցողեն եւ այլն․ «Սակայն մենք տեսնում ենք, որ այս պահանջները չեն պահպանվում, հակառակ դեպքում փոշու այսքան կոնցենտրացիա չէր լինի»։

Փոխնախարարի խոսքով՝ նման դեպքում, աշխատանքի մեծ բեռն ընկնում է տեսչական մարմնի վրա, եւ տեղին չեն դժգոհությունները, թե տեսչական մարմինը լավ չի աշխատում․ «Մեծ ռեսուրսներ են պետք, որպեսզի տեսչական մարմինը կարողանա բոլորին ամենօրյա վերահսկողության տակ պահել: Այս ծանրաբեռնվածության դեպքում մեր տեսչական մարմինը պետք է 10 հազար հոգուց բաղկացած լինի, որպեսզի կարողանա ծածկել անտառների ապօրինի հատումները, ջրերի ապօրինի օգտագործման եւ վատնման գործընթացը, շինարարության ապօրինի կամ նախագծից շեղումների գործընթացը, հանքարդյունաբերությունը եւ այլն»։

Գայանե Գաբրիելյանի խոսքով՝ օդի աղտոտվածության առումով Երեւան քաղաքից բացի՝ Գյումրիում եւ Վանաձորում էլ լուրջ խնդիր կա․ այս քաղաքներն օդի աղտոտվածության ցուցանիշներով գտնվում են, այսպես ասած՝ կարմիր եզրը հատած գոտում:

Նրա ներկայացմամբ՝ Երեւանում, եթե հիմնական խնդիրը շինարարությունն է, ապա Վանաձորում հանքարդյունաբերության ազդեցությունն է, քանի որ Լոռիում որոշ հանքարդյունաբերական գործընթաց կա։ Խնդիր է նաեւ աղբավայրերի բաց այրումը, ինչն օրենքով անթույլատրելի է․«Դա լուրջ խնդիր է մարդու առողջության համար: Տերեւաթափի ժամանակ բակն ավլում են, տերեւներն՝ այրում։ Չի կարելի, դրա հետեւանքով քիմիական արտանետումներ են լինում»։

Մանրամասները՝ շուտով տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031