Լրահոս
Օրվա լրահոսը

«Նախկին կոռուպցիոներների եւ նրանց խամաճիկների «Դիմադրության շարժման» եւ օգոստոսի 24–ին մի-քանի հոգու խաղաղ ակցիայի միջեւ ոչ մի աղերս չկա»․ Հովսեփ Խուրշուդյան

Օգոստոս 26,2022 10:37

Երևանում օտարերկրացիների մասնակցությամբ օրերս կայացած բողոքի ցույցի եւ ոստիկանության գործողությունների վերաբերյալ Aravot.am-ը զրուցել է «Ազատ քաղաքացի» հ/կ նախագահ Հովսեփ Խուրշուդյանի հետ։

-Պարոն Խուրշուդյան, օգոստոսի 24-ին Ազատության հրապարակում նախատեսված ցույցի ժամանակ, որի առիթով հավաքվել էին, այդ թվում օտարերկրացիներ՝ բարձրաձայնելու Ուկրաինայի դեմ ՌԴ ագրեսիայի կես տարվա շարունակականության մասին, ոստիկանությունը բերման ենթարկեց մասնակիցներին, արգելեց պաստառներ պարզելը։ Ձեր ղեկավարած հ/կ-ն այս գործողությունները դատապարտած քաղհասարակության կառույցների թվում է։ Խնդրում եմ նշել՝ ինչո՞վ էին առանձնանում ոստիկանության այս անգամվա գործողությունները, խաղաղ ցուցարարների իրավունքների ինչպիսի՞ խախտումներ կարձանագրեք։ Ինչպես նշված է միասնական հայտարարությունում, ոստիկանությունն առանց պարզաբանումների՝ ձերբակալություններ է իրականացրել։ Սակայն, ձեր վերլուծությամբ, այս միջադեպը բացառապես իրավունքների խախտմա՞ն տիրույթում է։

-Ոստիկանության այս գործողությունները հակաօրինական եւ հակաիրավական էին, իսկ նման ցանկացած գործողություն ժողովրդավարական երկրում չի կարող չունենալ քաղաքական պատճառներ: Ակնհայտ է, որ Հայաստանի իշխանությունները տեղի են տվել Պուտինի հոխորտանքներին եւ սկսել են սեփական հեղինակության, միջազգային ժողովրդավարական վարկի հաշվին ցույց տալ իրենց հավատարմությունը Կրեմլին: Մինչ օրս ՀՀ իշխանությունները պահպանում էին չեզոքություն՝ Ուկրաինայի հանդեպ Կրեմլի ագրեսիայի հարցում, սակայն օգոստոսի 24–ին տեղի ունեցածը աննախադեպ էր եւ խիստ վտանգավոր Հայաստանի համար: Մենք պետք է հասկանանք, որ Ադրբեջանի նվաճողական ախորժակները զսպողը ոչ թե Ռուսաստանն է, այլ Արեւմուտքը, եւ նման ռեւերանսները բունկերային ագրեսորի հանդեպ առնվազն անխոհեմ են:

-Ձեր վերլուծությամբ՝ այդ ցույցն իր բնույթով ինչո՞վ է տարբերվում մայիսից ՀՀ-ում ակտիվացած «Դիմադրության շարժման» ցույցերից, որոնց դեպքում եւս իրավապաշտպանները բարձրաձայնում էին ոստիկանության կողմից մարդու իրավունքների ոտնահարումների մասին։

– Վտանգավորն ու անարդարն էլ հենց այն է, որ Կրեմլի հովանավորչությունը վայելող հանրահավաքների մասնակիցներին իշխանությունները թույլատրում են անգամ փողոցները փակել եւ դեստաբիլիզացնել երեանցիների ազատ տեղաշարժը, մինչդեռ Ազատության հրապարակում ոչ ոքի եւ ոչ մի նեղություն չտվող մի քանի հոգու թույլ չտրվեց անգամ պաստառները բացել, խաղաղ ակցիա անել: Դա Հայաստանի Հանրապետության սահմանադրության եւ օրենքների կոպտագույն խախտում էր, եւ իշխանություններն իրենց այս ապօրինության համար պետք է ներողություն խնդրեն խաղաղ ցուցարարներից, որոնց անգամ բերման ենթարկեցին: Սա ի՞նչ է, եթե ոչ Հայաստանի բելառուսացման գործընթաց: Նիկոլ Փաշինյանը պետք է հասկանա, որ նման քայլերով բռնում է իր անձի «լուկաշենկոյացման» ճանապարհը:

-Խնդրում եմ տեղեկացնել․ դուք երբեւէ դատապարտե՞լ եք ոստիկանության այն գործողությունները, որոնք «Դիմադրության շարժման» ժամանակ իրականացվել են առանց պարզաբանումների, ուղեկցվել են ուժի անհամաչափ կիրառմամբ, դրսեւորվել են, այդ թվում անչափահասներին բերման ենթարկելու, ցուցարարներին բաժիններում խոշտանգելու դեպքերով։ Եթե չեք դատապարտել, խնդրում եմ պարզաբանել՝ ինչո՞ւ։ Հիշեցնեմ, որ անհամաչափ ուժի կիրառումն արձանագրել է ՀՀ ՄԻՊ-ը։ Օբյեկտիվության համար հավելեմ, որ արձանագրվել են նաեւ ցուցարարների կողմից ոստիկանների հանդեպ բռնության դեպքեր։

– Շատ լավ է, որ ինքներդ պատասխանեցիք Ձեր հարցին՝ փաստացի ընդունելով, որ նախկին կոռուպցիոներների եւ նրանց խամաճիկների «Դիմադրության շարժման» եւ օգոստոսի 24-ին մի-քանի հոգու խաղաղ ակցիայի միջեւ ոչ մի աղերս չկա:

Այն կոռուպցիոներների, ովքեր տարիներ շարունակ ձեռնասուն մամուլ են ձեւավորել՝ այդ մամուլի պարագլուխ գլխավոր խմբագիրներին ամսական 5-10-20 հազար դոլար կաշառք վճարելով, նաեւ այն նպատակով, որ երբ իշխանությունը կորցնեն՝ այդ խամաճիկները իրենց շարունակեն ծառայել, իհարկե, կրկին՝ ոչ առանց ժողովրդից թալանած միջոցներից շռայլ վարձատրության:

Այն կոռուպցիոներներին, գանձագողերին եւ իշխանություն բռնազավթողներին, ովքեր մինչ օրս էլ միլիոնավոր դոլարներ են ծախսում գյուղերից ցույցերի մասնակիցներ ապահովելու համար:

Վստահ եղեք, որ եթե օգոստոսի 24–ի ակցիայի մասնակիցները կատաղած շան պես հարձակվեին իրենց շուրջ քայլող քաղաքացիների վրա, հայհոյեին նրանց, անվանեին նրանց «թուրք», շշեր նետեին նրանց վրա, շաբաթներով փակեին Երեւանի երթեւեկությունը՝ պարզ վնասարարության նպատակադրումով, եւ ոչ թե պայքարեին պատերազմի, արյունահեղության, ագրեսիայի շարունակման դեմ, եթե դիմադրեին ապօրինի ձեռք բերված գույքի բռնագանձնման գործընթացի դեմ, այլ ոչ թե կամենային ժողովրդավար Հայաստան եւ Ռուսաստան, ապա մի կասկածեք եւ հանգիստ եղեք, որ ո՛չ մեր կազմակերպությունը, ոչ էլ երեկվա դատապարտող հայտարարությունը ստորագրած մյուս կազմակերպությունները նրանց չէին պաշտպանի:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031