Լրահոս
Օրվա լրահոսը

Շիրակի մարզպետի խիստ հրահանգներն ու հայտնած ուրախալի լուրերը․ հանդիպում՝ բացօթյա վերնահարկում

Օգոստոս 30,2022 19:55

Նոր ուսումնական տարվան ընդառաջ այսօր Շիրակի մարզի դպրոցների տնօրենների հետ տեղի ունեցավ օգոստոսյան ավանդական խորհրդակցություն։  Այս անգամ տնօրենների հետ հանդիպման վայրը փոխվել էր․ խորհրդակցությունը կազմակերպվել էր Գյումրու Գորկու այգում գտնվող «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի վերնահարկի բացօթյա դահլիճում։ Հասկանալի էր, որ նպատակը տրամադրող միջավայր ստեղծելն էր, քանի որ խորհրդակցությանը մասնակցում էին մեծ թվով հյուրեր (նրանց շարքերում էր ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը), որոնցից յուրաքանչյուրը բավական ծավալուն, երկար ասելիք ուներ տնօրեններին։

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը մի քանի խիստ հրահանգներ տվեց մասնակիցներին, որոնք վերաբերում էին դրամահավաքությանը, դպրոցներում առանց մարզպետարանի գիտության՝ վարձով կամ անվարձահատույց ինչ-որ խմբակների տարածք տրամադրելուն, որոշ աշակերտների նկատմամբ անհանդուրժողական վերաբերմունք ցուցաբերելուն, աշակերտների հագուկապին, պահվածքին ու վարքին։

Մարզպետը նաև ուրախալի լուրեր հայտնեց՝ կապված մարզի 21 դպրոցներում կառավարության անհետաձգելի ծրագրով վերանորոգման աշխատանքներ սկսելու հետ։

Մարզպետը նախևառաջ շեշտեց, որ անչափ կարևոր է կրթության պատշաճ որակը և կրթությանը զուգահեռ՝ դպրոցներում աշակերտների  դաստիարակչությամբ զբաղվելը։

«Հորդորում եմ ձեզ՝ դպրոցում աշակերտներին վերաբերվել  նախ որպես Հայաստանի Հանրապետության արժանապատիվ քաղաքացիների, թեկուզ այն բացը, որը կարող է լինել ընտանիքներում, դպրոցը պարտավոր է լրացնել։ Եվ մենք ազատ մտածող, իրավագիտակից, պատասխանատու, հայրենասեր քաղաքացի կերտելու մեծ առաքելություն ունենք։

Ուզում եմ ուշադրություն դարձնել դպրոցական միջավայրում անհանդուրժողականության դրսևորումներին, որոնք հատկապես վերջին տարիներին նկատելի են, այլ կերպ՝ բուլինգ ասվածը, որը դպրոցներում պարբերաբար նկատում ենք։

Խնդրում եմ ուսուցչական կազմին, դպրոցի տնօրեններին հետևողական լինել, որպեսզի որևէ աշակերտ խտրական վերաբերմունքի չարժանանա՝ անկախ իր սոցիալական կարգավիճակից, անկախ մոտեցումներից, ընդհուպ կրոնական համոզմունքներից, չփորձե՛ք  որևէ աշակերտի առանձնացնել։

Աշակերտը պիտի լինի դպրոցի հոգացության կենտրոնում, եթե անգամ ունի ցածր առաջադիմություն։ Ցավոք սրտի, երբեմն այն աշակերտները, որոնք ինչ-ինչ պատճառներով կաղում են դպրոցում առաջադիմության առումով, նույնպես խտրական վերաբերմունքի են արժանանում, սա ևս մեզ համար խնդիր է»,-ասաց մարզպետը։

Նազելի Բաղդասարյանը  խնդրեց ուշադրություն դարձնել աշակերտների վարքին, պատշաճ աշակերտական տեսքին՝ միևնույն ժամանակ չբռնանալով նրանց՝ հիմնարար իրավունքներին։

«Դպրոցի դասարանում ուսուցիչը և աշակերտը տեսքով պիտի տարբերվեն, ավելորդ արդուզարդը, պճնանքը պիտի բացառել,  կարծում եմ դեռ կհասցնեն», -ասաց մարզպետը։

Նա նշեց՝ դպրոցը պետք է լինի այն վայրը, որտեղ աշակերտները սիրով են գալու։

Մարզպետը հրահանգեց վերջ դնել ցանկացած դրամահավաքության, անպատեհ չանհանգստացնել ծնողներին։ Նա հիշեցրեց, որ իրենք արդեն իսկ նման դեպքեր կանխել են։

«Հասկանում եմ, որ իսպառ վերացնել հնարավոր չէ, բայց դպրոցը պիտի ամեն ինչ անի, որ այդ գործընթացներից մենք հեռու լինենք։ Ուշադրություն դարձրեք սոցիալապես խոցելի խմբերում գտնվող աշակերտներին և հնարավորություն ընձեռեք, որ որևէ պարագայում չկարողանան իրենց խտրական զգալ»։

Մարզպետի հաջորդ հրահանգը վերաբերում էր դպրոցների շենքերում խմբակների գործունեությանը՝ վերջ դնելուն։

«Այս առումով կառավարությունը հստակ որոշում ունի, և մենք խստիվ հետևելու ենք, որ դպրոցներում որևէ խմբակ, երբեմն անհայտ ծագման, երբեմն խնդրահարույց, չգործեն։ Ավելին, ձեռնարկատիրական գործունեություն չծավալվի կրթօջախի ներսում»,- ասաց Նազելի Բաղդասարյանը։

Նա հայտնեց, որ Շիրակի մարզում մինչև տարեվերջ 83 դպրոցների տնօրենների մրցույթներ են տեղի ունենալու, 56-ն արդեն իրականացվել են։

Կրթության որակի մասին խոսելիս էլ՝ ասաց․ «Պիտի ընդգծեմ, որ Շիրակի մարզը նախորդ տարիների ընթացքում ունեցել է շատ բարձր ցուցանիշներ, արդյունքներ և՛ օլիմպիադաների արդյունքում,  և՛ առաջադիմության արդյունքում, և ինձ  փոխանցված տվյալներով՝ ընդհուպ Հայաստանի մակարդակում առաջատարներից մեկն է մարզերի առումով, ինչը խոսում է Շիրակի մարզի կրթության որակի մասին»։

Մարզպետի հայտնած ուրախալի նորությունն այն է, որ Շիրակի մարզի շուրջ  21 դպրոցներում կընթանան վերանորոգման աշխատանքներ՝ կփոխվեն  պատուհանները, դռները, կկատարվեն ներքին հարդարման աշխատանքներ։ Իսկ Աշոցքի տարածաշրջանի դպրոցներում կտեղադրվեն  ֆոտովոլտային կայաններ, որոնք հնարավորություն կտան վերջ դնել դպրոցները հեղուկ վառելիքով ջեռուցելուն։

Մարզպետը տեղեկացրեց, որ  Շիրակի մարզում շուրջ երկու տասնյակի հասնող դպրոցներ կան, որոնք դեռ ջեռուցվում են հեղուկ վառելիքով։ Կառավարությունը, նախնական հավանության է արժանացրել և այս նպատակի համար պատրաստ է հատկացնել շուրջ 553 միլիոն դրամ։ Մարզպետը հիշեցրեց,  որ 553 միլիոնի ծրագիրը սուբվենցիոն ծրագիր չէ,  այլ կառավարության կողմից համարվող անհետաձգելի ծրագիր է։ Նա ասաց, որ որոշ դպրոցներում  գույքային վերազինումներ կլինեն։

«Կառավարությունը հավատարիմ է մնում իր խոստմանը՝ 300 դպրոց և 500 մանկապարտեզ մինչև 2026 թվականը, հետզհետե մենք գնալու ենք այդ քայլերով։ Ուզում եմ ասել, որ Շիրակի մարզից 1 միլիարդ 300 միլիոնի ծրագիր է ներկայացվել անհետաձգելի, որից շուրջ 900 միլիոնի ծրագիրն արդեն իսկ նախնական հավանությամբ հաստատվել է»,-ասաց մարզպետը։

Նազելի Բաղդասարյանը ևս մեկ ուրախալի լուր հաղորդեց Արթիկ խոշորացված համայնքի Սարալանջ գյուղի բնակիչներին։

Aravot.am-ն անդրադարձել է խոնավությունից բորբոսնած այս դպրոցին, որի շենքը, թեև 2001 թվականին է կառուցվել, սակայն պատերի ծեփոնները թափվել են, դասասենյակների հատակները փտել, կտուրները կաթկթում են։ Այստեղ տեխնիկա գնելու փոխարեն հակասնկային դեղեր են գնում՝ սնկերի աճը վերացնելու նպատակով։

Մարզպետը, խոսելով Կապս, Արեգնադեմ ու Բերդաշեն համայնքներում մոդուլային դպրոցներ կառուցելու ընթացքի մասին, նշեց, որ վարչապետի հանձնարարականով հաջորդ տարի կլուծվի նաև Սարալանջ գյուղի դպրոցի հարցը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031