Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

«Ժողովուրդը հազիվ պրծավ, հիմա էլ տուն ու տեղ չունի, չի կարող հետ գալ ու ապրել»․ Սոթքի բնակիչ

Սեպտեմբեր 30,2022 11:56

Սարգիս Աբրահամյանը մինչեւ սեպտեմբերի 13-ի ադրբեջանական հարձակումն ապրում էր Գեղարքունիքի մարդի Սոթք գյուղում, զբաղվում անասնապահությամբ, հող մշակում։ Հարձակումից հետո ընտանիքի անդամներին եւ անասուններին տեղափոխել է Վարդենիս, եւ մինչեւ օրս այնտեղ են մնում՝ ընկերոջ տանը։ Ասում է, որ մինչեւ իրավիճակը համայնքում չկայունանա՝ չի վերադառնա։ Իսկ իրավիճակն այնպիսինն է, որ կոնկրետ սպառնալիքներ կան․ հարձակման արդյունքում ադրբեջանցիները գյուղը պահում են ուղիղ նշանառության տակ։

Սեպտեմբերի 13-ի հարձակման ժամանակ կոտրվել են Աբրահամյանների տան պատուհանները, բայց որոշների տներն այրվել ու քանդվել են ամբողջությամբ, նաեւ հրդեհվել։ «Միայն հասցրել եմ ընտանիքիս վերցնել ու դուրս գալ։ Հետ չենք եկել։ Հիմա Վարդենիսում ենք մնում՝ ես, եղբայրս, ծնողներս։ Ցերեկը գալիս եմ, կարտոֆիլը քանդում, խոտը տանում, բայց գիշերներն այստեղ չեմ մնում։ Սարքելու չի, միայն պատուհանները պետք է փոխվեն, բայց եթե փոխվեն էլ, ես էլ հետ չեմ գա։ Ֆինանսական օգնության համար որեւէ մեկին չեմ դիմել։ Դմփոց էր, դմփոց․․․Ժողովուրդը հազիվ պրծավ, հիմա էլ տուն ու տեղ չունի, չի կարող հետ գալ ու ապրել»,-Սոթք այցելած լրագրողներին պատմում է Սարգիսը։

Նա հարցադրում է անում․ «Որ այսպես լինի, էլ ո՞վ հետ կգա գյուղ։ Մի բուռ հայ ենք մնացել, պետք է խախանդ ապրենք։ Վա՞խ, բա ո՞նց չկա, քուրս, թշնամու հետ հո խաղ չենք խաղում․․․»։ Նկատառմանն ի պատասխան, որ եթե բոլոր բնակիչները հեռանան, թշնամին կհասնի իր նպատակին, Սարգիսը պատասխանում է․ «Ո՞վ է ասում, որ բոլորը գնում են։ Բոլորը չեն լքում։ Երեխաներին հեռացնում են, ու իմ նման գալիս այստեղ կանգնում։ Բայց հո մեզանո՞վ չի։ Պետություն ունենք, կառավարություն ունենք։ Թող հավաքվեն, գան այստեղ ու տեսնեն ինչ է կատարվում։ Վերջը ի՞նչ է լինելու։ Ես պետության տերը չեմ, որ մտածեմ՝ սա կշարունակվի՞, թե ոչ։ Ես պետության դեմ պահանջ չունեմ։ Բոլորս էլ գիտենք, որ պետությունը պետք է պատասխան տա։ Բայց անձամբ ես չեմ ուզում ասել, որ պետությունը պետք է պատասխան տա։ Հայրենիքի դեմ պետք է պատասխան տա»։

Հավելենք, որ Գեղարքունիքի մարզում Ադրբեջանի հարձակման հետեւանքով սպանվել է 1 քաղաքացիական անձ, վիրավորվել են 4-ը․ մեկ քաղաքացու գտնվելու վայրը անհայտ է: Սոթք բնակավայրում վնասվել են վարչական շենքը, դպրոցի պատուհանները եւ տանիքը։ Մասնակի վնասվել են մոտ 120 բնակելի տներ, որոնցից 60-ը՝ ամբողջությամբ։

Սոթքի օրինակը հերթական փաստարկն է, որ Ադրբեջանի ագրեսիվ, պատերազմական հանցագործություններով ուղեկցվող գործողություններն ու զավթողական քաղաքականությունը, հայկական կողմի խաղաղ բնակչության իրավունքների խախտումներից բացի, նաեւ նրանց հայրենազրկելու նպատակ ունի։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930