Լրահոս
Օրվա լրահոսը

«Գորիս-Կապան մայրուղին Հայաստանի սահմանի մեջ չի մտնում». ՔՊ-ականները՝ Արցախի, Պրահայի հանդիպման ու ՌԴ-ի հետ հարաբերությունների մասին

Հոկտեմբեր 10,2022 13:38

ՔՊ խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հորդորեց ենթատեքստեր չփնտրել, որ վարչապետ Փաշինյանը Պրահա կատարած այցից հետո միանգամից ՌԴ մեկնեց: Նա վստահեցրեց, որ այդ այցը նախօրոք պլանավորած էր. «Մենք ՌԴ-ի հետ դաշնակցային երկրներ ենք, բարեկամ ժողովուրդներ ենք ու շարունակում ենք մեր դաշնակցային հարաբերությունները»:

Խոսելով Ադրբեջանի պահանջած միջանցքի մասին՝ ՔՊ պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը հորդորեց ԶԼՄ-ներին Ադրբեջանի՝ ներքին լսարանի համար տարածած հրապարակումները չարծարծել. «Որեւէ պաշտոնական ձեւաչափում, որեւէ տեղ ընդհանրապես միջանցք բառը, բացի Լաչինից, այլ համատեքստում չի կարող օգտագործվել: ՀՀ տարածքային ամբողջականությունը սակարկման, բանակցման ենթակա չէ ու ինչքան էլ սրա մասին խոսի Ալիեւը կամ որեւէ այլ կալիբրի պաշտոնյա, սրանք կարող են ցանկություն լինել, բայց չեն կարող երբեք տեղ գտնել պաշտոնական բանակցային գործընթացում: Ինքնիշխան մեր տարածքից որեւէ միջանցքի մասին խոսակցություն չկա որեւէ պաշտոնական բանակցությունում»:

Հարցին՝ Ստեփանակերտի եւ Բաքվի միջեւ ուղղակի բանակցությունների մասին է պաշտոնական Երեւանը խոսում՝ ասելով, որ Ադրբեջանը չի ուզում ՀՀ-ի հետ Արցախի հարցով բանակցել, դուք ինչպե՞ս եք պատկերացնում Ադրբեջանի ու Բաքվի բանակցությունները, միջազգային ի՞նչ մեխանիզմներով՝ Արթուր Հովհաննիսյանը պատասխանեց, որ միջազգային գործընկերների հետ քննարկվում է այդ հարցը. «Բնականաբար, խոսքը գնում է որեւէ արդյունավետ մեխանիզմի մասին, որ հնարավորինս այդ երկխոսությունը ստացվի ու կարողանանք քայլ առաջ անել, ապահովել արցախահայության իրավունքները»:

Ինչ վերաբերում է ձեւաչափին, Հովհաննիսյանն ասաց, որ չի բացառվում ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափում դա լինի, չի բացառվում նաեւ, որ այլ նոր ձեւաչափ լինի:

Հարցին՝ Գերագույն խորհուրդը որոշում է ընդունել, որ Արցախի հարցը տարածքային ամբողջականության հարցից դուրս է, Նիկոլ Փաշինյանը այդ մասին Պրահայում ասե՞լ է, Ալիեւին հիշեցրե՞լ է ու նշե՞լ է, որ Արցախի հարցը տարածքային ամբողջականության ճանաչման հետ չկապեն՝ Հռիփսիմե Գրիգորյանը պատասխանեց. «Այո, ԼՂ հարցը չի կարող լինել երկու երկիրների տարածքային ամբողջականության ճանաչման համատեքստում: Ղարաբաղի հիմնահարցը ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման հարց է: Տարածքային ամբողջականություն ասելով՝ մենք հասկանում ենք ՀՀ-ի՝ միջազգայնորեն ճանաչված սահմանները, այն սահմանները, որոնցով ՀՀ-ն ճանաչվում է՝ իբրեւ ՄԱԿ-ի անդամ երկիր»:

Ճշտեցին՝ Գորիս-Կապան մայրուղին այդ սահմանների մեջ մտնո՞ւմ է: ՔՊ-ականները պատասխանեցին, որ այդ մայրուղին չի մտնում, ինչպես նաեւ չեն մտնում այն տարածքները, որոնք նկարագրված են 2010-ի ԱԺ-ի «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքով»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31