Լրահոս
Օրվա լրահոսը

«Ձմռան ամիսներին ևս տնտեսվարողները պարտավոր են ձյան ու սառույցի կուտակումներից մաքրել մայթերը». քաղաքապետարանը շարունակում է տնտեսվարողներին ծանուցման գործընթացը

Հոկտեմբեր 10,2022 15:36 Share

Երևանի քաղաքապետարանը շարունակում է տնտեսվարողների ծանուցման գործընթացը՝ անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման վերաբերյալ: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ առկա 14167 տնտեսվարողից ավելի քան 70 %-ն արդեն ծանուցվել է: Քաղաքապետը հանձնարարել է մշտական հսկողություն սահմանել գործընթացի նկատմամբ՝ հաշվի առնելով, որ ձմռան ամիսներին ևս, սահմանված կարգի համաձայն, տնտեսվարողները պարտավոր են ձյան ու սառույցի կուտակումներից մաքրել մայթերը:
***
Տրոլեյբուսների, ինչպես նաև համայնքային նոր ավտոբուսների սանիտարական պատշաճ վիճակն ու մաքրությունն ապահովելու համար կկառուցվի շարժակազմի լվացման նոր՝ ժամանակակից կայան: Զեկուցվել է, որ կայանի ձեռքբերման մրցույթն արդեն կայացել է, աշխատանքներն ընթացքում են:
***
Երևանում փակ հանքերի տարածքները կկանաչապատվեն: Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի նախագահի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ միջոցներ են ձեռնարկվում վերոնշյալ տարածքները համատեղ վերափոխելու և Իլ դը Ֆրանսի հաջողված փորձը Երևանում կիրառելու նպատակով:
***
Ընթացքում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի՝ Հայրենական պատերազմի հաղթանակի 40-ամյակին նվիրված զբոսայգու հիմնանորոգումը: Որպեսզի հանգստի գոտու բարեկարգումը կրի համալիր բնույթ և ընդգրկի նաև երկրորդ աշխարհամարտում տարած հաղթանակի 40-ամյակին նվիրված այգուն հարակից հուշահամալիրը, հուշարձանի վերականգնման համար հայտարարվել է նախագծման մրցույթ: Հաղթող կազմակերպության հետ առաջիկայում կկնքվի պայմանագիր:
***
Մայրաքաղաքում միջազգային վարկային ծրագրերով կառուցվում է Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհահատվածը: Բարեկարգվում է նաև Բաբաջանյան փողոց – Արգավանդի խճուղի 1 կմ-ոց հատվածը:

Ամբողջությամբ պատրաստ է Ջրվեժում ավտոբուսների նոր հավաքակայանի նախագիծը: Ասիական զարգացման բանկի հետ բանակցություններ են տարվում՝ ծրագիրը գործնական փուլ տեղափոխելու համար:

Երևանի էներգաարդյունավետության ծրագրով հիմնանորոգվող 15 մանկապարտեզներից 12-ում աշխատանքներն ընթացքում են: Այժմ բանակցություններ են տարվում Եվրոպական ներդրումային բանկի հետ՝ հիմնանորոգվող մանկապարտեզների թիվն ավելացնելու, ինչպես նաև ծրագրի երկրորդ փուլում պոլիկլինիկաներ ընդգրկելու նպատակով:

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31