Լրահոս
Օրվա լրահոսը

«Չեմ բացառում, որ թե՛ ինքը, թե՛ իր ամուսինը, թե՛ հայկական ազգանունով տարբեր երկրների գործակալների եւ մանկուրտների մուտքը ՀՀ կարգելվի». Ալեն Սիմոնյանը՝ Մարգարիտա Սիմոնյանի, Զատուլինի մասին

Հոկտեմբեր 26,2022 13:41

Այսօր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ՌԴ ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինի՝ Հայաստանի Հանրապետություն մուտքի արգելքին ասաց. «ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ եւ ՀՀ-ի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսեւորած, հայտարարություններ արած յուրաքանչուր անձ, անկախ նրանից, թե որ երկիրը կներկայացնի, բնական է, որ պետությունը չի կարող դրան անտարբեր լինել: ՀՀ-ի սահմանները մեզ համար կարմիր գիծ են, ուստի բոլոր ընկերները, գործընկերները պիտի հաշվի նստեն դրա հետ»:

Հարցին՝ Մարգարիտա Սիմոնյանի մուտքն է՞լ է արգելվել՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Ես նման ինֆորմացիա չունեմ, բայց չեմ բացառում, որ թե՛ ինքը, թե՛ իր ամուսինը, թե՛ հայկական ազգանունով տարբեր երկրների գործակալներ եւ մանկուրտներ, տարբեր մարդիկ, ովքեր ՀՀ-ի նկատմամբ, ՀՀ անկախության նկատմամբ անհարգալից վերաբերմունք կդրսեւորեն, ՀՀ նախկին ղեկավարների նկատմամբ մասնավոր զրույցներում շատ վիրավորական արտահայտություններ կանեն, մուտքը կարգելվի…Ի դեպ, ձեր ընդդիմադիր գործիչները շատ են այդ մարդկանց պաշտպանում, կարող է մի օր ջղայնանամ եւ պատմեմ այդ մարդիկ մասնավոր զրույցներում ինչեր են ասում: Վստահ եմ, իրենց դուր չի գա, խորհուրդ եմ տալիս ավելի քիչ պաշտպանել»:

Հարցին՝ Զատուլինի մուտքն արգելելու հետ կապված քաղաքագետներն ասում են, որ այս փուլում վտանգավոր է ՌԴ-ի հետ հարաբերությունների լարումը, ի՞նչ կասեք՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «ՀՀ-ն ենթարկվում է հարձակման: ՀՀ անվտանգության համակարգը, որը ՀՀ-ի մեջ է, ակնհայտ խնդիրներ է ցուցադրում: Ես ներողություն եմ խնդրում, բայց ինձ որեւէ մեկի տրամադրությունը, բացի ՀՀ անվտանգությունից, հետաքրքիր չի: Ես իմ երկրի սահմանները պետք է պաշտպանեմ եւ այն պարտավորությունները, որոնք գործընկեր երկրները պետք է ի կատար ածեն, դա է մեր հիմնական նպատակը: Թե ինչ-որ մեկը կնեղանա, թե ինչ-որ պրպագանդայի բյուրոյի անդամ իրեն լավ չի զգա, դա երրորդական, չորրորդական հարց է: ՀՀ-ն ենթարկվում է հարձակման, իսկ մենք լսում ենք տարբեր հեքիաթներ այդ հեռուստաալիքների, հայտնի դերակատարների կողմից: Մենք ունենք սեպտեմբերի հարձակման հետեւանքով 240 զոհ (ի դեպ, ԱԺ նախագահի մամուլի քարտուղարը հարցազրույցից հետո հայտարարեց, որ այդ 240 թիվը շփոթմունքի արդյունք է եւ չի համապատասխանում իրականությանը,- Հ. Ջ.), ունենք ներխուժած մեր սահմանում օտարերկրյա զորք: ՀՀ-ն այնքան մեծ չի, որ հանդուրժի թեկուզ մեկ մետր եւ ասի՝ գիտեք ինչ, այդ հարաբերություններն այսպես, այդ հարաբերություններն այնպես: ՀՀ-ն չի փչացնում ոչ մի երկրի հետ իր հարաբերությունները: Հայաստանն ուզում է, որ իր նկատմամբ լինեն արդար եւ այն պարտավորությունները, որոնք վերցվել են, անեն: Այստեղ էմոցիա չկա, սիրել-չսիրելու հարց չկա, կան պարտավորություններ եւ այդ պարտավորությունների կատարմանը մենք հետամուտ ենք լինելու եւ փորձելու ենք բոլոր հնարավոր միջոցներով մեր տղաների կանքը, մեր սահմանները բարձրացնել»:

Հարցին՝ քաղաքական կուրսի փոփոխման հարց չկա՞, որովհետեւ ռուսական մեդիայում դա են քննարկում՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Իսկ կարո՞ղ է ռուսական կողմն է ուզում քաղաքական առումով այստեղ կուրսի փոփոխություն անել: Հայաստանը ոչ մի բան չի արել այդ առումով, որովհետեւ հեղափոխությունից հետո ասում էին ռազմաբազա, ՀԱՊԿ եւ այլն: Միանշանակ հայտարարություն է արվել դրա հետ կապված, որ նման կարիք չկա: Բայց տեսնում ենք չէ՞, որ ոչ թե Հայաստանն է ՀԱՊԿ-ից դուրս եկել, այլ՝ ՀԱՊԿ-ը Հայաստանից, բայց պետք է մեզ դրա մասին տեղյակ պահեն, որ մենք կարողանանք մեր սահմանները ինչ-որ այլ մեխանիզմներ գտնենք: Ես շատ բան չեմ ուզում ասել, բայց մեր հանրությունը լավ գիտի իրեն ով ոնց է պահել, ինչ քայլեր պետք է անեին, որ չեն արել»:

Ալեն Սիմոնյանի խոսքով՝ չեն կարող հիմա իրենց մեղադրել այն բանի մեջ, որ փորձում են ՀՀ-ն անվտանգ պահել ու դա վերագրել քաղաքական կուրսի փոփոխմանը. «100 տարի առաջ, երբ ցեղասպանությունը տեղի ունեցավ, բոլոր այն երկրները, որտեղ մենք այցելում ենք, մեր գործընկեր երկրները սիրում են ասել՝ մենք ցեղասպանությունը ճանաչեցինք: Եկեք հիշենք 100 տարի առաջ էդ ո՞նց եղավ, ո՞նց ստացվեց, որ թուրքերը որոշեցին հայերին կոտորեն: Մենք միայնակ մնացինք մեր հարեւան Թուրքիայի հետ եւ մեզ որոշեցին կոտորել: Ես չեմ ասում՝ կրկին Ռուսաստանն էր, բայց մենք պետք է մեր գոյությունը պահպանենք: Բայց ասել՝ ես հավատարիմ կմնամ քեզ՝ անկախ նրանից, թե դու ինձ կպաշտպանես, չես պաշտպանի, ես դրան պատրաստ չեմ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31