Լրահոս
Օրվա լրահոսը

ՊՎԾ-ն ստուգել է այն պետական գնումները, որոնց մասնակցել է Ալեն Սիմոնյանի եղբոր ղեկավարած «ԵվրոԱսֆալտը»

Նոյեմբեր 02,2022 21:33

«Դեռեւս ամիսներ առաջ վարչապետի հանձնարարությամբ ձեռնամուխ ենք եղել երկու անընդմեջ վերահսկողական գործընթացի մեկնարկի։ Մեկը՝ պաշտոնատար անձանց հետ հնարավոր փոխկապակցվածություն ունեցող տնտեսվարող սուբյեկտների մասնակցությունն է գնումների գործընթացին, մյուսը՝ հանրային գնումների ողջ սպեկտորը, որն այս պահին մշտադիտարկման տակ է»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր հայտարարեց պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը։

«Առաջին տասը ամսում՝ մինչեւ այս տարվա  հոկտեմբերը ներառյալ, շուրջ 170 վերլուծական տեղեկանք ենք կազմել, առաջարկներ արել տվյալ սուբյեկտներին, գերատեսչություններին, որտեղ, մեր գնահատմամբ, հանրային գնումներում խտրական չափորոշիչներ են եղել։ Մի մասը շտկվել է, մյուսը՝ չեղարկվել»,-նշեց նա։

Անդրադառնալով այն փաստին, որ «ԵվրոԱսֆալտ» ընկերությունը, որի տնօրենը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբայրն է, մի քանի հազար դրամի տարբերությամբ պետական տենդերներ է շահել, Պետրոսյանն ասաց․ «Այն պետական գնումները, որոնց մասնակցել է տվյալ սուբյեկտը, մինչեւ օրս մենք ուսումնասիրել ենք գնման հրավերը, ներկայացված փաթեթները, մրցույթի պայմանները։ Խտրական չափորոշիչներ կամ առեւերույթ իրավախախտումներ չենք հայտնաբերել։ Բայց կարող եմ նաեւ ասել՝ եթե մրցույթի այլ մասնակիցները կունենան բողոքներ եւ վերապահումներ ուղղված վարչապետին, մենք ձեռնամուխ կլինենք փաստերի ստուգմանը։ Մենք խախտում չենք հայտնաբերել»։

Ռոմանոս Պետրոսյանը նաեւ հայտնեց, որ ՀՀ պաշտպանության նախարարությունում պետական վերահսկողական ծառայությունը մի քանի ուսումնասիրություններ է անում, մանրամասները չի կարող հրապարակել․ «Ուսումնասիրության արդյունքներով որքանով որ չենք խախտի պետական գաղտնիքը, անվտանգային բաղադրիչները, տեղեկատվություն կտրամադրենք»։ ՊՎԾ պետը նաեւ տեղեկացրեց, որ  ընդհանուր ութ տասնյակ գերատեսչություններում ուսումնասիրություններ են անում, այդ թվում մի քանի այլ  նախարարություններում։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930