Լրահոս
Օրվա լրահոսը

Ամենայն Հայոց Հայրապետի օծման և գահակալության 23-րդ տարեդարձի առիթով կատարվեց Հայրապետական մաղթանք

Նոյեմբեր 06,2022 19:30

Նոյեմբերի 6-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, Պատարագի սրբազան արարողությանը մասնակցեց  Սուրբ Գայանե վանքում: Պատարագիչն էր Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ, Վատիկանում Ամենայն Հայոց Կաթողիկոսի ներկայացուցիչ Գերաշնորհ  Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը:

Պատարագիչ Սրբազանը, իր քարոզում շնորհավորելով Հայոց Հովվապետին օծման և գահակալության տարեդարձի կապակցությամբ, ի մասնավորի նշեց. «Վեհափառ Տե՛ր, մենք բոլորս երախտապարտ ենք ձեզ, որ քաջությամբ շարունակում եք դիմագրավել առկա դժվարություններին ու մարտահրավերներին և ճանապարհներ որոնում դրանք հաղթահարելու համար։ Աղոթում ենք, որ Ձերդ Սրբության սիրո և միասնականության կոչերը լսելի դառնան մեր ժողովրդի զավակներին՝ առանց խտրության, որովհետև այդ կոչերին անսալը և դրանք կյանքի վերածելը պիտի լինի մեր ժողովրդի փրկության ու հաղթանակի ճանապարհը։

Վեհափառ Տե՛ր, բոլորս՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի  միաբան հայրերը և մեր հավատացյալ ժողովուրդը խոնարհվում ենք Ձեր առջև, համբուրում Ձեր օծյալ աջը և մեր հավատարմություն ու որդիական սերն ենք հայտնում Ձեզ։ Շարունակում ենք աղոթել Ձեզ հետ և զորակից ենք Ձեզ Ձեր բոլոր ծրագրերի, երազների իրականացման ճանապարհին, որովհետև դրանց իրականացումը պիտի լինի ոչ միայն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հաղթանակը, այլև՝ մեր հայրենիքի և համայն ժողովրդի»։

Սուրբ Պատարագի ավարտին, Ամենայն Հայոց Հայրապետի օծման և գահակալության 23-րդ տարեդարձի առիթով կատարվեց Հայրապետական մաղթանք: Սրբազան արարողությունը հանդիսապետեց Մայր Աթոռի Արարողակարգի և արտաքին հարաբերությունների բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:

Ներկա եկեղեցականաց դասն ու հավատավոր ժողովուրդն աղոթք բարձրացրեցին առ Աստված Նորին Սրբության քաջառողջության, կենաց արևշատության, բազմամյա գահակալության, ինչպես նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի անսասանության ու պայծառության համար:

ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930