Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Սթարմուսն այլևս մտածողություն փոխող իրողություն է Հայաստանում»․ Գարիկ Իսրայելյան

Նոյեմբեր 18,2022 17:45

Սեպտեմբերին ավարտվեցին Սթարմուս միջազգային փառատոնի միջոցառումները՝ կոնֆերանսներ, համերգներ, գիտության ճամբարներ և հանրայնացման ծրագիր, որն անցկացվեց բուհերում, դպրոցներում, այլ կրթական հաստատություններում և կառույցներում։

Համահայաստանյան գիտական արշավին, ուր ներգրավված էին շուրջ 5 տասնյակ գիտնականներ, այդ թվում՝ Նոբելյան մրցանակակիրներ, աստղագնացներ, արտիստներ ու երաժիշտներ, հաջորդեցին տարաբնույթ՝ արվեստի և երաժշտության տոն հիշեցնող ծրագրեր։

Ավելի քան 15 օր Սթարմուս VI շնորհիվ Երևանում, այլ քաղաքներում և համայնքներում 200-ից ավել մասշտաբային միջոցառումներ անցկացվեցին՝ համերգներ, դասախոսություններ, պրեզենտացիաներ, վարպետության դասեր, էքսպոներ, մշակութային այցեր և այլ ձևաչափով իրադարձություններ։

Միջոցառումների ընթացքում ներգրավված էին 30+ հարթակներ՝ Մարզահամերգային համալիր, Ազատության հրապարակ, Գառնու տաճարի հարակից համայնքը, բուհեր, դպրոցներ, քոլեջներ, կրթական հաստատություններ, հյուրանոցներ, անցկացվեցին խոշոր համերգային ծրագրեր, որոնց ընթացքում 50+ երաժշտական կատարումներ հնչեցին։ Մոտավոր հաշվարկներով միջոցառումների մասնակիցների թիվը գերազանցել է 80,000-ը։

 

Ինչ տվեց Սթարմուսը Հայաստանին

Սթարմուսի շնորհիվ Հայաստանը բացահայտեց ողջ այն պահանջարկը, որն առկա է բարձրակարգ գիտական բովանդակության նկատմամբ, նորը բացահայտելու և նորագույն զարգացումներին իրազեկ լինելու՝ հասարակության բոլոր տարիքային խմբերի ու շերտերի ձգտումը։ Փառատոնի օրերին հանդիսատեսն ուշադիր հետևում էր բոլոր պրեզենտացիաներին ու հրապարակումներին, միջազգային գիտական համայնքի կողմից հրապարակվող նյութերին հենց Սթարմուսի բեմից։

Շնորհիվ այնպիսի աշխարհահռչակ գիտականների, ինչպիսիք են Էմմանուել Շարպենտիեն, Միշել Մայորը, Քիփ Թորնը, Լիզա Կալտենեգգերը, Քըրթ Վյութրիխը, Խավիեր Բարկոնսը, տիեզերագնացներ Չարլի Դյուքը, Քրիս Հեդֆիլդը, Ջիմ Բաղյանը, Ջորջ Նիլդը, Գարետ Ռեյզմանը, երիտասարդները ծանոթացան պարզագույն հասկացություններից բարդագույն լուծումների հետ` մատչելի և ընկալելի ձևաչափերով։ Ներկայացվեցին այնպիսի թեմաներ, ինչպիսիք են` «Մարսի հետազոտությունները. Վերակառուցում», «Կլիմայական աղետներ Վեներայի, Երկրի և Մարսի վրա», «Քայլելն ու վարելը Լուսնի վրա», «Տիեզերագնացի ուղեցույց՝ Տիեզերքում քայլելու համար», «Տիեզերական տուրիզմ՝ այսօր և վաղը», «Շղթայական ռեակցիաներ. աստղի ստեղծում Երկրի վրա», «Արբանյակների թրենդներն ու տեխնոլոգիաներն այսօր» խոսնակների կողմից հանրամատչելի և պարզ ձևաչափերով։

Ստացված փորձառությունն ու գիտելիքները հիմք են հանդիսանալու երիտասարդության հետաքրքրությունների հետագա բացահայտման ու զարգացման համար, գիտությանը նրանց մոտեցնելու, գրավելու նպատակով։

Փառատոնի համահիմնադիր Բրայան Մեյի ներկայությունը Հայաստանում արդեն իսկ երիտասարդության և ընդհանրապես հասարակության համար ոգեշնչման աղբյուր հանդիսացավ` թե՛ ստեղծագործելու և թե՛ գիտության հետ ստեղծագործ կյանքը համատեղելու գաղափարի շուրջ միավորվելու տեսանկյունից։

Ինչ տվեց Հայաստանը Սթարմուսին

«Հայաստանը յուրօրինակ ջերմությամբ ընդունեց Սթարմուսն ու կարծես չէր ցանկանում բաց թողնել։ Մեր խոսնակներն ու հյուրերը խիստ զգացված էին ջերմությամբ, որով հայ հասարակությունն ընդունեց Սթարմուսի գաղափարախոսությունն ու գիտության նկատմամբ սերը։ Բրայան Մեյն իր գրառման մեջ ընդգծեց իր զգացողություններն ու ջերմ հիշողությունները Հայաստանի մասին, որոնք կցանկանար կրկնել։ Նման գրառումներով կիսվել են նաև հյուրերից շատերը»,—նշեց Սթարմուս միջազգային փառատոնի համահիմնադիր Գարիկ Իսրայելյանը։

Ամփոփելով միջոցառումների շարքը՝ Սթարմուս փառատոնի համահիմնադիր Գարիկ Իսրայելյանը նշեց, որ տեղի ունեցան շատ կարևոր իրադարձություններ, որոնք անգնահատելի ազդեցություն են ունեցել և ունենալու հայ հասարակության՝ մասնավորապես երիտասարդության շրջանում, և դրանց արդյունքները երկար սպասել չեն տա։

Սթարմուսյան շաբաթը հագեցած էր իրադարձություններով, որոնցից յուրաքանչյուրն առանձին՝ պատմություն կերտող իրադարձություն էր՝

  • Սթիվեն Հոքինգի շքանշանի տրամադրման արարողությունն ու չորս անվանակարգում տրամադրված մեդալները․ շքանշանը շնորհվել է 4 անվանակարգում՝ 1. Երաժշտություն և արվեստ – աստղաֆիզիկոս և Queen խմբի կիթառահար Բրայան Մեյ, 2. Գիտահանրամատչելի գրականություն – պոետ և նատուրալիստ Դայան Աքերման, 3. Ամբողջ կյանքում արված աշխատանքի համար – էթոլոգ և բնապահպան, Ջեյն Գուդոլ Ինստիտուտի հիմնադիր Ջեյն Գուդոլ, 4. Հաղորդակցություն – NASA-ի հեռուստատեսությունը, NASA-ի հաղորդակցության բաժինը
  • «Բացահայտիր տիեզերքն ու փոխիր աշխարհը» Կոնֆերանս
  • «Տիեզերական տեխնոլոգիաներն երեկ և վաղը» Կոնֆերանս
  • Աստղային գիշեր Գառնիում (Star Party)
  • SONIC UNIVERSE (Երաժշտական տիեզերք) համերգային ծրագիր
  • Ուրիշ աշխարհ (Another World) համերգային ծրագիր. Կատարումներոմներով հանդես եկան՝ Բրայան Մեյը Սերժ Թանկյանը, Գրեհեմ Գոուլդմանը, Դերեկ Շերինյանը, Սայմոն Ֆիլիպսը, Ռիք Ֆիերաբրաչին, Ռոն Թալ «Բամբլֆութը», Ջեֆ Սքոթ Սոտոն, Մոնսերատ Մարտին, Ջիվան Գասպարյան կրտսերը, Նեմրան, Գոռ Սուջյանը, Տավուշի Թեմի Մանկապատանեկան Երգչախումբը և նրանց նվագակցեց Оպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը:
  • Հանրայնացման ծրագիր՝ դասախոսություն-ելույթներ բուհերում, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում, դպրոցներում, Ա.Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայում (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ), ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում, Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնում, ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնում, ԼՈՖԹ֊ում։
  • Հնարավոր եղավ շուրջ 1000 երեխայի մասնակցությունն ապահովել Սթարմուս փառատոնին ՀՀ մարզերից և Արցախից Դասավանդի՛ր, Հայաստան ծրագիրի ջանքերով (Teach for Armenia) և «Ադիբեկյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի (AFFA) միջոցներով։
  • Գիտության ճամբարի կազմակերպում՝ 4 օր շարունակ բոլոր մասնակիցները գիտության հետ շփվելու, նորույթներին ծանոթանալու և պարզապես տեղում դասախոսություններն ու համերգային ծրագիրը վայելելու հնարավորություն ունեցան։
  • 108 րոպե կլոր սեղան քննարկում Զվարթնոցի տաճարում։ Մարդկության պատմության մեջ դեպի տիեզերք կատարված առաջին թռիչքի ժամանակ Յուրի Գագարինը Երկրի ուղեծրում անց էր կացրել ուղիղ 108 րոպե։ Եվ այս միջոցառումը յուրօրինակ հարգանքի տուրք է տիեզերական առաջին թռիչքին։
  • Աստղալուսանկարչության դպրոց Աղվերանում – համաշխարհային ճանաչում ունեցող աստղալուսանկարիչների դասախոսությունները լսելուց բացի, (մասնակիցների թիվ) մասնակիցները ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից, նրանց օգնությամբ ձեռք բերեցին գործնական հմտություններ և գիտելիքներ։
  • Դպրոցի անվանակոչում Ալ. Քեմուրջյանի անունով։ «STARMUS VI. 50 տարի Մարսի վրա» խորագրով այս տարվա փառատոնը նվիրված էր Մարսի վրա Մարս 3 տիեզերակայանի առաջին վայրէջքի 50-ամյակին: Հատկանշական է, որ Մարս 3-ը տեղափոխել է դեպի Կարմիր մոլորակ հայ մեծանուն ինժեներ Ալեքսանդր Քեմուրջյանի Prop-M (փրոփ-էմ) ռոբոտը։

STARMUS փառատոնը Գարիկ Իսրայելյանը հիմնադրել է լեգենդար Queen խմբի կիթառահար, աստղաֆիզիկոս Բրայան Մեյի հետ, ով պատվեց Հայաստանն իր ներկայությամբ և համերգային ելույթներով։

Փառատոնի ծրագիրն ունիկալ ու անկրկնելի էր, ականատեսների խոսքերով՝ նախկինում անցկացվածներից ամենամասշտաբայիններից մեկը։

«Սթարմուսը Հայաստանում անցկացված առաջին գիտական փառատոնն է և համոզված եմ, որ դեռ երկար գերազանցված չի լինի իր ընգրկմամբ, խոսնակների ու բովանդակության կշռով։ ՈՒրախ եմ, որ ինձ հաջողվեց այն իրականություն դարձնել հենց Հայաստանում։ Թե ինչ հետք կթողնի այն մեր երկրի հետագա զարգացման գործում, մենք կտեսնենք երկարաժամկետ կտրվածքով, քանի որ այն որակական լուրջ հետևանքներ է ունենալու․ ես դա գիտեմ և տեսել եմ յուրաքանչյուր Սթարմուս փառատոնից հետո»,— նշեց Սթարմուս փառատոնի համահիմնադիր, աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանը։

STARMUS փառատոնը մինչ այս անցկացվել է Թեներիֆեում (Կանարյան կղզիներ, Իսպանիա), Նորվեգիայում, Շվեյցարիայում:

Հայաստանում STARMUS VI գիտության և արվեստի փառատոնը անցկացվելու է «STARMUS VI. 50 տարի Մարսի վրա» խորագրով և նվիրված է լինելու Մարսի վրա Մարս 3 տիեզերակայանի առաջին վայրէջքի 50-ամյակին: Հատկանշական է, որ Մարս 3-ը տեղափոխել է դեպի Կարմիր մոլորակ հայ մեծանուն ինժեներ Ալեքսանդր Քեմուրջյանի Prop-M (փրոփէմ) ռոբոտը։

STARMUS աշխարհահռչակ փառատոնը կապված է Ստիվեն Հոքինգի, Բրայան Մեյի, Ալեքսեյ Լեոնովի և աշխարհահռչակ այլ հայտնի անունների հետ, անցկացվում 2011 թվականից և միավորում է գիտությունը, կրթությունը, արվեստն ու տեխնոլոգիաները։

STARMUS փառատոնը հիմնադրվել է աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանի և լեգենդար Queen խմբի կիթառահար, աստղաֆիզիկոս Բրայան Մեյի կողմից՝ դառնալով համաշխարհային ճանաչում ունեցող գիտնականների, Նոբելյան մրցանակակիրների, տիեզերագնացների մտածողների, գիտության մշակույթի ու արվեստի գործիչների միավորող հարթակ, որի շրջանակներում նրանք հանրության հետ կիսվում են իրենց գիտելիքներով, փորձով ու նորագույն հայտնագործություններով։ Նրանց միավորումը մեկ հարթակի շուրջ հնարավոր է դարձնում մեր ժամանակների խնդիրների վերհանումն ու լուծումների շուրջ քննարկումները։

Սթարմուս միջազգային փառատոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930