Լրահոս
Օրվա լրահոսը

Նարինե Դիլբարյան. «Գանձակում, Բաքվում, Սումգայիթում մեր հայրենակիցների նահատակությունը մենք երբեք չպետք է մոռանանք, որովհետեւ ցեղասպան  քաղաքականությունն այսօր էլ շարունակվում է»

Նոյեմբեր 26,2022 22:12

«Կանայք հանուն Հայոց Հայրենիքի» շարժման անդամներն այսօր այցելել էին Ծիծեռնակաբերդ` ոգեկոչման արարողությունով հարգանքի տուրք մատուցելու Գանձակում նահատակված մեր հայրենակիցների հիշատակին:

Շարժման նախաձեռնող խմբի անդամ Նարինե Դիլբարյանն Aravot.am-ին ասաց. «Հենց այսպիսի քայլերով պետք է առաջ գնանք: Իսկ խնդիրը հետեւյալն է: Այսօր 1988 թվականին Գանձակի մեր հայրենակիցների ոգեկոչման օրն է: Այդ դեպքերից սկսվեց ցեղասպանական, էթնիկ զտումների շարունակական շղթան, ինչը թուրք-ադրբեջանական քաղաքականության իրական պատկերն է: Ցավով պետք է արձանագրել, որ առայսօր ցեղասպանության շարունակության քաղաքական այդ քայլերը, որ անընդհատ ձեռնարկում են Թուրքիան եւ Ադրբեջանը, պետական ընդհանուր գնահատականի չեն արժանանում: Մենք, կարծես, օրվա հոգսերի մեջ մոռանում ենք այդպիսի առանցքային դեպքերը եւ այս բարդ աշխարհում գնում ենք առաջ` չկարողանալով ապացուցել թուրքական քաղաքականության ցեղասպան բնույթը: Ուստի, «Կանայք հանուն Հայոց Հայրենիքի» շարժումը համոզված է եւ կոչ է անում մնացած բոլոր կազմակերպություններին այսպիսի օրերը դարձնել խորհրդանշական եւ այդ խորհրդաբանությամբ գնալ առաջ: Մենք մեծ ճանապարհ ունենք աշխարհին եւ ինքներս մեզ ապացուցելու, որ 1915 թվականին տեղի ունեցած ցեղասպանությունը դիպված չէր, այլ` մեծ քաղաքականության շարունակություն, որ Արեւմտյան Հայաստանի ամբողջ կորուստը, հետագայում նաեւ բոլշեւիկների ժամանակ` Արեւելյան Հայաստանի, ինչպես նաեւ Արցախի ու Նախիջեւանի թուրքականացումը մեծ քաղաքականության ծրագիր են: Որպեսզի ամբողջ Հարավային Կովկասում եւ դրանից դուրս կասեցվի թուրքական ցեղասպան քաղաքականությունը եւ մենք կարողանանք բոլորովին այլ միջպետական հարաբերություններ ստեղծել, պետք է հիշել պատմությունը:

Խորհրդանշական եմ համարում, որ մեր առաջին համատեղ քայլը եղավ այս խաչքարերի մոտ Գանձակում, Բաքվում, Սումգայիթում մեր հայրենակիցների նահատակության ոգեկոչումը: Սա մենք երբեք չպետք է մոռանանք, որովհետեւ այդ քաղաքականությունը այսօր էլ շարունակվում է ինչպես 44-օրյա պատերազմի ընթացքում, այնպես էլ արդեն սեպտեմբերի 13-ին Հայաստանի Հանրապետության տարածքում տեղի ունեցած ռազմական գործողությունների հետ կապված:

Կոչ ենք անում բոլորին պատմական փաստերին տալ պատշաճ գնահատական եւ հիշել դրանք: Հիշելը, խնկարկումը եւ խոնարհումը ապագան ավելի ապահով դարձնելու համար է: Անվտանգությունը սկսվում է սեփական պատմությունը լավ գիտակցելուց, այն արժեւորելուց եւ հանրայնացնելուց»։

Մեր հարցին, թե  «Կանայք հանուն Հայոց Հայրենիքի» շարժումը միայն ոգեկոչումներո՞վ է զբաղվելու, թե՞ նաեւ այլ նախաձեռնություններ ու ծրագրեր ունի, տիկին Դիլբարյանը պատասխանեց. «Մենք կատարելու ենք նաեւ գործնական արտաքին քաղաքականության հետ առնչվող հանրայնացման քայլեր: Դրանք կլինեն ՄԱԿ-ի, Մինսկի եռանախագահության, արեւմտյան, լինի դա հավաքական արեւմուտքը, ինչպես նաեւ արեւելյան դեսպանատներին հանձնել փաստաթղթեր, որովհետեւ նրանք մեր պատմությունը, մեր ճշմարիտ մեկնակետը լավ չգիտեն: Ադրբեջանն այդ առումով գերազանց աշխատում է: Նրանք ամեն տեղ ողողել են պատմության իրենց կեղծ մեկնաբանություններով: Մենք սկսելու ենք մեր համեստ ուժերով հակազդել դրան եւ ամեն ինչի շուրջ ներկայացնել հայկական տեսակետը` լինեն դրանք գերիները, Արցախի կարգավիճակը, Արցախի կարգավիճակի հետ կատարված միջազգային իրավունքի բոլոր քայլերը, որ ձեռնարկել են Արցախը եւ Հայաստանը մեկտեղ: Դրանք պատմական քայլեր չեն, դա գործնական քաղաքականություն է` ռեալ պոլիտիկ: Ասում ես, խոսում ես` քեզ լսում են, փորձում են ընկալել, լռում ես, սպասում ես` դուրս ես մնում գնացքից եւ ոչ թե ինքդ ես թռչում, այլ քեզ են դուրս շպրտում»:

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930