Լրահոս
Օրվա լրահոսը

«Կաշենի հանքը 20կմ-ի վրա է ադրբեջանական գյուղից եւ միջազգային նորմեր չի խախտում․ Ադրբեջանի պատրվակը հիմնավոր չէ»

Դեկտեմբեր 13,2022 16:14

«Ակնհայտ է, որ չկա բնապահպանական խնդիր։ Մի հատ տեսեք ովքեր են դրանք՝ Ադրբեջանի հատուկ ծառայություններում աշխատողներ։ Վաղը կարող է հեծանվորդների ուղարկեն։ Եթե իրենք, օրինակ, բնապահպանական խնդիրներ են ունենում, այդպես են վարվո՞ւմ։ Մենք էլ բնապահպանական հարցեր ունենք իրենց, ֆոսֆորային ռումբեր են օգտագործել։ Եթե հարց են ուզում քննարկել, դրա ձեւը կա։ Այդպե՞ս են բնապահպանական հարցեր քննարկում՝ ցեղասպանության միջոցո՞վ»,- «Արմենպրես»-ի մամուլի սրահում այսօր անդրադառնալով ադրբեջանցի «բնապահպանների» եւ «Գորշ քայլեր» թուրքական ծայրահեղական կառույցի անդամների կողմից ՀՀ-ն Արցախին կապող միակ ճանապարհի՝ Բերձորի միջանցքի փակմանը՝ հարցադրում արեց Արցախի ԱԳ նախարարի պաշտոնակատար Դավիթ Բաբայանը։

Նրա բնորոշմամբ՝ բնապահպանական հարցերի պատրվակով վաղը կասեն, որ Կաշենի հանքն են ուզում փակել, որն Արցախի տնտեսության կարեւոր բաղադրիչներից է եւ պահպանում է բնապահպանական նորմերը։

Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանն էլ իր հերթին շեշտեց՝ բացի այն, որ Կաշենի հանքը շահագործվում է միջազգային նորմերին համապատասխան, այն շուրջ քսան կմ-ի վրա է գտնվում ադրբեջանական ամենամոտ բնակավայրից․ «Այն ջրային ռեսուրսներին մոտ անգամ չի գտնվում։ Ուստի Ադրբեջանի այս պատրվակն անգամ հիմնավոր չէ։ Իսկ մենք ունենք իրական բնապահպանական խնդիրներ՝ կապված ջրային պաշարների հետ, որոնց վերաբերյալ Ադրբեջանը պետք է պատասխան տա»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Հ․ Գ․ Ադրբեջանագետ Տաթեւ Հայրապետյանն իր տելեգրամյան ալիքում տեղեկացնում է․ «Բրիտանական «Anglo-Asian Mining Plc.», որը զբաղվում է Ադրբեջանում ոսկու, արծաթի և պղնձի արդյունահանմամբ, կարող է դիմել դատարան ՝ «Ղըզըլբուլաղ» («Կաշեն Դրմբոն») հանքավայրի ապօրինի օգտագործման հետ կապված ։ Այս մասին ադրբեջանական «APA» հայտնել Է «Anglo-Asian Mining Plc» ընկերության ֆինանսական տնօրենը Իլհամ Խալիլովը: Հիմա արդեն ակնհայտ է այս ամենի բրիտանական հետքը: Շատ լավ է, թող դիմեն, հասկանանք, նախ ինչ իրավունքով է Ալիևը ձեզ հանք ծախել Մարտակերտի շրջանում, հետո էլ դա կօգնի բարձրացնել Արցախի սուբյեկտայնությունը»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031