Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե տեսնեք Հայ դատի գրասենյակի նամակները, որ փող հավաքեն, լեցուն են միայն նրանով, որ վաղը մեզ ջարդում են, մեզ փող տվեք, որ չջարդեն». Լիպարիտյան

Դեկտեմբեր 16,2022 00:15

Ինչպես տեղեկացրել ենք,  այսօր առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախկին խորհրդական, դիվանագետ, Ժիրայր Լիպարիտյանը իր հեղինակած երկրորդ՝ «Հայաստանի երրորդ հանրապետություն. Լեռնային Ղարաբաղի հակամարտություն. նյութեր պատմության համար» գրքի շնորհանդեսին խոսեց ղարաբաղյան հակամարտության, ցավոտ լուծումների մասին ու պատասխանեց որոշ հարցերի: Անդրադառնալով Թուրքիայի հետ մեր քաղաքականությանը՝ նա ասաց. «Թուրքիան պիտի գար մեզ սպաներ չէ, ցեղասպանություն գործեր, մանավանդ, որ անկախությանը դեմ էին, բայց նույն այն մարդիկ, որ վախ ունեին անկախությունից, որովհետեւ եթե մենք ՌԴ-ի մաս չկազմենք, Թուրքիան պիտի գար մեզ ջարդեր, ցեղասպանություն գործեր, հայհոյանքից բացի բան չունեին, Թուրքիայից հողային պահանջ ունեին: Սա նորմա՞լ է, որ վախենաս մի հոգուց եւ այնպես անես, որ քեզ նեղություն տաս: Եթե հարեւանը շուն ունի, որից ես վախենում եմ, այդ կողմ չեմ գնա ու փայտ չեմ նետի, չէ՞:

Բայց այստեղ հարցն այն է, որ այդ բոլոր քաղաքական մտածելակերպը, որ հիմնված  է պատրանքների, կախարդական լուծումների վրա, որ միշտ ասում ես պատճառն այս է ու չեն ընդունում պատասխանատվությունը, այդ բոլորը ներքին շուկայի համար է: Հայ դատականությունը սփյուռքի մեջ լավ ֆորմա է, ժողովրդին լավ կպահի:

Մի քիչ մտահոգիչ է հիմա, որ Բայդենը ընդունեց ցեղասպանությունը, Ամերիկայում ոնց պիտի փող հավաքեն: Եթե տեսնեք այնտեղի Հայ դատի գրասենյակի նամակները, որպեսզի փող հավաքեն, լեցուն են միայն նրանով, որ վաղը մեզ ջարդում են, մեզ փող տվեք, որ չջարդեն: Չեմ չափազանցնում: Սփյուռքը թող որոշի, որ իր քաղաքական ծրագիրը Արեւմտյան Հայաստան ստանալն է, եւ կարեւորը պահանջելն է, ոչ թե ստանալը: Սա է: Բայց Ղարաբաղի համար նման քաղաքականությունը վնասակար է, փորձանք կբերի:

Երբ մենք վերլուծում ենք մեր հակառակորդի, մեր թշնամու գործունեությունը, մենք մոռանում ենք, որ դիմացինի քաղաքականությունն էլ դինամիկա ունի, դա էլ է զարգանում: Առաջին օրվանից ի՞նչ գիտենք ինչ են ուզելու վերջում՝ մանավանդ, որ այսօր Ալիեւն այլընտրանք ունի, մենք չունենք: Մենք չենք ուզում ընդունել, որ այն, ինչ մենք ասում ու անում ենք, մաս է կազմում այդ դինամիկայի: Այդ մարդը  ինչ պիտի ընտրի, որքան խստությամբ՝ կապված է, թե մենք ինչ կասենք եւ Ղարաբաղի ղեկավարությունն ինչ կասի»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031