Լրահոս
Օրվա լրահոսը

Կմշակվի Կումայրի արգելոց-թանգարանի տարածքի արդյունավետ կառավարման ծրագիր

Դեկտեմբեր 19,2022 16:58

Կումայրի պատմաճարտարապետական արգելոց-թանգարանի տարածքի հետագա արդյունավետ կառավարումն ապահովելու համար մասնագիտական հանրությունը Քաղաքաշինության կոմիտեի համակարգմամբ աշխատում է կառավարման ծրագրի մշակման ուղղությամբ: Այդ նպատակով կոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հանդիպում արգելոց-թանգարանի ստեղծման ակունքներում կանգնած և նախագծային կազմակերպություն ներկայացնող, ճարտարապետ Սաշուր Քալաշյանի, Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային կազմակերպության (ԻԿՕՄՕՍ) հայաստանյան կոմիտեի նախագահ Գագիկ Գյուրջյանի, ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Հովհաննես Սանամյանի, Գյումրիի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանի, Կումայրի պատմաճարտարապետական արգելոց-թանգարանի տնօրեն Ինգա Ավագյանի և շահագրգիռ այլ անձանց հետ:

Քննարկվել են մի քանի տարբերակներ, որոնք թույլ կտան ապահովել Գյումրի քաղաքի պատմաճարտարապետական ժառանգության պահպանումը, վերակառուցումն ու հետագա օգտագործումը՝ հիմնվելով մասնագիտական մոտեցումների վրա և բացառելով պատահական միջամտությունները: Կարևորվել է շահառուների հետ պարտավորագրերի կազմումը, որոնցով օգտագործողներին իրավունքներից բացի կվերապահվեն շենքերի պահպանության պարտավորություններ: Դիտարկվել է նաև հիմնադրամի, խորհրդի կամ որևէ այլ կարգավիճակով կառույց ձևավորելու անհրաժեշտությունը, որի միջոցով բնակիչները մասնակից կլինեն որոշումների կայացմանը:
Քննարկումների արդյունքում ձևավորվելու է կառավարության որոշման նախագիծ՝ համայնքի, բնակիչների, ներդրողների՝ բոլոր շահառուների շահերի հավասարակշռման սկզբունքով:
Հիշեցնենք, որ Քաղաքաշինության կոմիտեի համակարգմամբ մշակվող միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի շրջանակում մշակվում են նաև Կումայրի պատմաճարտարապետական արգելոց-թանգարանի գոտևորման նախագիծը և Գյումրիի գլխավոր հատակագիծը:

ՀՀ քաղաքաշինության կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031