Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Վարդանյան․ «Մեզ սպասվում է շատ ծանր ճանապարհ․ ե՛ւ քրտինք է լինելու, ե՛ւ արյուն է թափվելու, բայց հավատանք, որ մեր կյանքի իմաստը մեր հողում ապրելն է»

Դեկտեմբեր 25,2022 19:29

Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հանրահավաքի իր ելույթին, ինչպես ինքն ասաց, նախապես պատրաստվել էր ռուսերեն լեզվով․ «Բայց գտնվելով այս հրապարակում՝ ես հասկացա՝ դա անհնարին  է անել։ Դրա համար ես փորձելու եմ ասել այն, ինչ գալիս է իմ սրտից։ Դուք կարող է բառերը չհիշեք, եւ ընդհանրապես, մեր շատ կարեւոր բառերի իմաստը, ցավոք, վարկաբեկվել է՝ տարբեր պատճառներով, տարբեր քաղաքական գործիչների միջոցով»։

Վարդանյանը, դիմելով հանրահավաքի մասնակիցներին, ասաց՝ հպարտ եմ, որ այստեղ եմ ձեզ հետ միասին․ «Դուք ինձ հիացնում եք»։

Ապա նա պատմեց, որ իր ընկերոջ զանգին ու հարցուփորձին պատասխանում է՝ շատ երջանիկ է, որ իր հայրենիքում, ժողովրդի հետ միասին պաշտպանում է  մեր արժանապատվությունը, մեր ապագան․ «Ընկերս ասաց՝ ես հասկացա՝ մենք ենք բլոկադայում, դուք չե՛ք  բլոկադայում։ Եվ դա ճիշտ է, իրենք են բլոկադայում, որ չեն հասկանում, թե ինչքան ենք մենք ուժեղ։ Մեզանից է գալիս այդ ուժը, ոչ մեկից չի գալու այդ ուժը»։

Վարդանյանը նշեց, որ 20 տարի է՝ գալիս է Արցախ, վերջին 52 օրը պետնախարար է, վերջին 14 օրվա ընթացքում կատարում է  օպերատիվ շտաբի ղեկավարի պաշտոնը․«Ես իսկապես հպարտության եւ հարգանքի զգացում ունեմ, որ մարդիկ դժվարություններով հանդերձ ընդունում են այս իրավիճակը եւ ասում են՝մենք  պատրաստ ենք պայքարելու, եթե մենք ունենանք  իմաստ պայքարելու, եթե մենք գիտենք, որ կարող ենք հավատալ մեր առաջնորդներին, մենք պատրաստ ենք դիմանալու ամեն ինչի։ Առավոտյան գնացի շուկա, տարիքով մի կնոջ հարցրեցի ինչպե՞ս ես։ Ասում է՝ դե, ապրանք չկա, բանջարեղեն չկա, շատ ծանր է։ Ասում եմ՝ դիմանո՞ւմ եք։ Ասում է՝ դե տղա ջան, իմ աղջիկը հղի էր 90-ականներին,  գնում էր մինչեւ կամուրջը՝ ջրի, ու մենք դիմանում էինք։ Հիմա էլ կդիմանանք, միայն թե հավատանք, որ մեզ չեք խաբելու, հավատանք, որ մենք միասին ենք։ Ես ձեզ հավատացնում եմ՝ մենք միասին ենք»։

Նա ասաց, որ 88-90-ականներին Արցախում չի եղել, բայց վերջին երկու շաբաթում զգում է, որ պատմությունը կարծես կրկնվում է։

Եկող տարի փետրվարի 23-ին լրանալու է Արցախի համար պայքարի 35 տարին․ «Այս բլոկադան շարունակվում է 35 տարի, եւ մենք պետք  է ամեն ինչ անենք, որ մյուս սերունդը տեսնի այս պայքարը, որ մենք  հաղթահարել ենք դժվարությունները ու ստացել ենք այն, ինչի համար մենք հազարավոր զոհեր ենք տվել, որ մենք ունենանք անկախ եւ երջանիկ Արցախ»։

Նրա խոսքով` պետք է ստեղծեն նոր իրավիճակ,  որ բոլորը հավատան՝ արդար երկրում են ապրում, ու դա դառնա օրինակ այլ երկրների համար․ «Նույն մեր հարեւան երկրներին, որ ուղարկել են էդ «էկոակտիվիստներին», իրանք  հասկանան, որ մեզանից պիտի օրինակ վերցնեն, մենք ենք իրենց սովորեցնելու, թե ոնց պիտի  իրենք ապրեն, ոչ թե իրենք մեզ ասեն, թե ոնց ենք բնապահպանական ստանդարտները պահում։ Իրենք չեն հասկանում ում հետ են շփվում, չեն հասկանում, որ մեր  ուժը․․․ որ մենք կարող ենք հրապարակում հավաքվենք ու հանգիստ խոսենք։ Ես ասել եմ՝ մարդիկ պետք է խոսեն այնպես, ինչպես ուզում են, չկա ոչ մի ցենզուրա, չկան  գրված բաներ, որոնք մարդկանց թույլ չենք տալու»։

Նա նշեց, որ այս տարիների ընթացքում վրիպումներ, սխալներ են եղել, բաց դասեր քաղվել են։

Նրա խոսքով՝ ամենամեծ ուժն այն է, որ արցախցիները պետություն ունեն, կարող է երբեմն այդ պետությունն այնպիսին չէ, որի մասին երազում են․ «Մեր ուժն այն է, որ մենք ոչ թե ուղղակի անկախ ենք, այլ մենք իսկապես դարձել ենք հասարակություն, որը գիտի ինչ է նշանակում ժողովրդավարությունը, ինչ է նշանակում մարդու իրավունքը։ Որքան քեզ սեղմում են, դու կամ ավելի ուժեղանում ես, կամ փախչում ես։ Մենք իրավունք չունենք փախչելու։ Մենք պետք է դիմանանք։ Արցախ մեջ այն ուժը, արմատը, որ մեզ տալիս է այս ոգին, ուրիշ տեղ չկա։ Հավատացեք ինձ, մի մարդու, որ եղել է 120-ից ավելի երկրում՝ Արցախն ամենասքանչելի տեղն է աշխարհում, չնայած այս դժվարություններին»։

Վարդանյանն ասաց՝  այս իրավիճակում, ինչպես ռուսական հեքիաթներում է՝ 3 ճանապարհ կա․«Մեկը՝  ենթարկվում ենք ու կամաց-կամաց ինտեգրվում ենք Ադրբեջանին։ 2-րդը՝ այստեղից դուրս ենք գալիս։ 3-րդը` պայքարում ենք: Ես իմ որոշումը կայացրել եմ սեպտեմբերի 2-ին, ես այստեղ եմ, ես պայքարում եմ եւ  ես այստեղից չեմ գնալու ու ես չեմ ենթարկվելու Ադրբեջանի պայմաններին: Ես ձեզ խոսք եմ տալիս՝ իմ գիտելիքը, իմ կապերը, իմ անունը, իմ ունեցվածքը ամեն ինչ տալու եմ Արցախի անկախության եւ հաջողության համար։ Հրաշքի չսպասեք, հրաշք չի լինելու,  մեզ սպասվում է շատ ծանր ճանապարհ, այդ ճանապարհով մենք անցնելու ենք իրար հետ միասին, ե՛ւ քրտինք է լինելու, եւ արյուն է թափվելու, եւ շատ աշխատանք է պահանջվելու, բայց եթե մենք մեր մեջ զգանք ուժը, զգանք, որ իրար հավատում ենք, որ  գիտենք մեր նպատակը, մեր կյանքի իմաստը՝ մեր հողում ապրելը, ես վստահ եմ, որ ոչ միայն մենք ենք դա զգալու, այլ՝ աշխարհն է զգալու, ոչ միասին աշխարհն է մեզ օգնելու,  այլ մենք ենք աշխարհին օգնելու: Մենք չպետք է  ասենք՝ մենք զոհ ենք, մեզ օգնեք, մենք ենք օգնելու աշխարհին՝ լինելով այսպես ուժեղ, անկախ, պատրաստ պայքարելու»։

Ռուբեն Վարդանյանը նշեց՝ անտարբերությունն ամենածանր հիվանդությունն է․ «Անտարբեր չպետք է լինենք, անտարբերությունն է մեզ սպանելու։ Մարդիկ վիրավորվել են իմ խոսքերից, բայց ես ճիշտ եմ ասել՝ 30 հազար էրեխեքի պատկերը  ձեզ մոտ է, ամեն գիշեր դուք տեսնելու եք, եթե ոչ մի բան չանեք, եթե դուք ոչ մի բան չանեք հայկական աշխարհում, Հայաստանում, աշխարհի մեջ, մեղքը ձեր վրա է մնալու։ Բայց ես գիտեմ որ մարդիկ անտարբեր չեն»։

Նա նաեւ շնորհակալություն հայտնեց բոլոր այն մարդկանց, որոնք այս օրերին ինչ-որ կերպ աջակցել են Արցախին։

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ 

Գլխավոր լուսանկարը՝ Էդգար Հարությունյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031