Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ առաջին քայլն ամենադժվարն է․ Պլանտար ֆասցիտ

Դեկտեմբեր 27,2022 09:30

Ոտաբոբիկ վիճակում Lego խաղալիքի կամ որևէ սրածայր առարկայի վրա ոտք դնելը, թերևս, ամենատհաճ զգացումներից մեկն է․ հենց այդպիսի զգացում են ունենում պլանտար ֆասցիտ ունեցող մարդիկ ամեն առավոտ, երբ իրենց ոտքերը գետնին դնելիս սուր ցավերի ուղեկցությամբ են կատարում իրենց առաջին քայլերը։

Հենց դա էլ կրունկի խրոնիկական ցավի հիմնական պատճառ համարվող պլանտար ֆասցիտի բնորոշ ախտանշաններից մեկն է։

Պլանտար ֆասցիտն առաջանում է կրունկոսկրը ոտքի մատների հետ կապող ամուր հյուսվածքի` փակեղի (ֆասցիա) բորբոքման կամ ոսկրի կառուցվածքային փոփոխությունների պատճառով։

Ցավը հիմնականում անհանգստացնում է առավոտյան, երբ մարդն արթնանալուց հետո առաջին քայլերն է անում։ Որպես կանոն՝ ցավն օրվա ընթացքում անհետանում է։ Սակայն այն կարող է կրկին հայտնվել երկար կանգնած դիրքում մնալուց կամ երկարատև նստած դիրքից վեր կենալուց հետո։

Տարեց մարդկանց մոտ ավելի հաճախ է զարգանում պլանտար ֆասցիտը, քանի որ ժամանակի ընթացքում ֆասցիան կորցնում է իր էլաստիկությունը, առաջանում են ոսկրի դեգեներատիվ փոփոխություններ։ Ավելորդ քաշ ու ճարպակալում ունեցող մարդիկ, մարզիկները նույնպես ռիսկի խմբում են գտնվում։

Գարշապարի ֆասցիտի ախտորոշումը բարդություն չի առաջացնում, սովորաբար այն ստուգվում է շոշափման միջոցով, երբեմն ռենտգեն կամ այլ հետզոտությունների կարիք կարող է առաջանալ՝ կրունկի ցավի այլ պատճառները, օրինակ՝ արթրիտը կամ կոտրվածքները բացառելու համար։

Պլանտար ֆասցիտի բուժումը նույնպես բավականին արդյունավետ է լինում՝ տևելով 3-6 ամիս, իսկ տնային պայմաններում խորհուրդ են տրվում ցավը թեթևացնող հետևյալ միջոցները՝

Ձգումներ– օրվա մեջ մի քանի անգամ փորձեք ձգել ցավոտ կրունկը և ոտնաթաթը։

Սառույց– օրվա մեջ մի քանի անգամ ցավող ոտնաթաթը սահեցրեք սառեցված շշի վրայով մոտ 20 րոպեի ընթացքում։

Ցավազրկողներ– Ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցները, ինչպիսին իբուպրոֆենն է, կարող են օգնել խնդրի սկզբում, սակայն դրանք չի կարելի ընդունել երկու շաբաթից ավելի՝ աղեստամոքսային համակարգի վրա գործող հնարավոր կողմնակի ազդեցությունների պատճառով։ Դեղամիջոցների ընդունումը պետք է համաձայնեցնել բժշկի հետ։

Գիշերային ամրաններ– այս միջոցները քնած ժամանակ պահում են ոտքը 90°-ի տակ, ինչի շնորհիվ առավոտյան ավելի հեշտ է լինում կատարել առաջին քայլերը։

Օրթոպեդիկ կոշիկներ– ոտաբոբիկ կամ փափուկ հողաթափերով մի քայլեք, այլ ընտրեք կոշիկների այն տեսակները, որոնք նախատեսված են ոտնաթաթի հետ կապված խնդիրներ ունեցող մարդկանց համար։

Նոր մեթոդներ

Երբ հիշյալ միջոցները, ձգող վարժություններն ու դեղորայքային բուժումը չեն օգնում, բժիշկները կարող են կիրառել կորտիկոստերոիդների ներարկումներ և հազվադեպ՝ վիրաբուժական միջամտություններ։ Նորարարական մեթոդների թվին են պատկանում բոտուլինային տոքսինի (Բոտոքս) ներարկումները, որոնք ժամանակավորապես թուլացնում են սրունքի հետնամասի մկանները, ինչն էլ նպաստում է ցավի նվազեցմանը։

Պլանտար ֆասցիտի բուժման ևս մեկ նորարական մեթոդ է սեփական ճարպի տեղափոխումը ոտքի ներբանի մեջ, որի վերաբերյալ հետազոտությունները շարունակվում են։

Ծանուցում․ նյութն ընդհանուր տեղեկատվական բնույթի է և բուժում նշանակելու նպատակ չի հետապնդում։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Նյութի հիմնական աղբյուր՝ Harvard Health

Գլխավոր լուսանկարը՝ © Liudmila Chernetska/Getty Images

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031