Մոսկվայում գործող Հայ ավանդական «Նժդեհ» պարախմբի՝ «Իմ անունս է պայքար» խորագրով համերգը՝ նվիրված Հայոց բանակի տոնին, որ պետք է կայանար «Իզմայիլովո» համերգասրահում, խափանվել էր։ Ազգագրական պարերի մասնագետ, հանրային գործիչ Գագիկ Գինոսյանն այդ մասին գրառում էր կատարել ֆեյսբուքում՝ նշելով, որ մի քանի ժամ Մոսկվայի ձմռան սառնամանիքի պարագայում եւ հանդիսատեսին, եւ «Նժդեհ» խմբի անդամներին սառեցնելուց հետո հայտարարվել է, թե այդտեղ համերգն անցկացնելն անհնար է:

Ինչպես արդեն նշեցի, փորձի ժամանակ այցելած կինոլոգները ասացին, որ ամեն ինչ նորմալ է, սակայն դրանից հետո դահլիճի ղեկավարությունից զանգեցին ու ասացին՝ զանգ է եղել 0-2 հեռախոսահամարին ու ասվել, թե իբր տարածքում ռումբ է տեղադրված։ Ես մտածում էի՝ հավանաբար մեկ ժամ կստուգեն, ու մեր համերգը կկայանա։ Բայց այդ ամենն ավելի երկար տեւեց, եւ պարզվեց, որ ձգձգումը միտումնավոր է արվում․․․Սկզբում մեկ ժամ, հետո՝ երկու ժամ եւ այդպես շարունակ․․․ Ժամը 9-ի միջակայքում ոստիկանության աշխատակիցներից մեկը տեղեկացրեց, որ ամեն ինչ ստուգել են, ու ոչինչ չկա։ Ես կրկին մոտեցա համերգասրահի ղեկավարությանը, առաջարկեցի գոնե կրճատված ծրագրով համերգն իրականացնել, որովհետեւ մարդիկ ժամերով սպասել էին»,-պատմեց Արամ Պողոսյանը;
Նաեւ ընդգծեց, որ պարախմբի մասնակիցներից մեկը լսել է, թե ինչպես են երկու ոստիկան միմյանց հետո խոսելիս ասում, որ նորից պետք է տարածքը ստուգեն, տեսնելով, որ հանդիսատեսը չի ցրվում։ Պարախմբի գեղարվեստական ղեկավարի ներկայացմամբ, ի վերջո համերգասրահի ղեկավարության ներկայացուցիչն ասել է, որ իրավապահները պետք է բոլոր ներկաների հետ խոսեն, հարցեր տան, ինչը ժամեր կտեւի։ «Դրանից հետո որոշեցի, որ այլեւս իմաստ չունի սպասելը, առանց այն էլ ժողովուրդը 4 ժամ սպասել էր։ Ստիպված ասացի, որ համերգը չի կայանա, առավոտյան կգանք ու կխոսենք համերգասրահի ղեկավարության հետ»,-նշեց մեր զրուցակցը։
Կարդացեք նաև

Արամ Պողոսյանը նշեց, որ առավոտյան իրավաբան Ռուբեն Կիրակոսյանի հետ նորից եկել են դահլիճ, երկար բանակցություններից հետո իրենց վերադարձրել են սրահի վարձակալության գումարի 75 տոկոսը։ Այնուհետեւ «Նժդեհ» պարախմբի համերգի համար այլ դահլիճ են վարձակալել, որը երկու անգամ ավելի փոքր էր «Իզմայիլովո» համերգասրահից ։
«Երբ նոր դահլիճ վերցրինք, ծածուկ կապվեցինք մարդկանց հետ ու հայտնեցինք համերգի նոր վայրի մասին։ Չէինք ցանկանում, որ նույն խնդիրն էլի ունենանք։ Ամեն դեպքում դահլիճը լեփլեցուն էր, շուրջ 500 մարդ էր ներկա, եւ հունվարի 31-ին մեր համերգը կայացավ՝ ողջ ծրագրով, հաղորդավարն Արսեն Ղազարյանն էր, երգում էր Սեւակ Ամրոյանը»,-ասաց «Նժդեհ» պարախմբի գեղարվեստական ղեկավարը։


Պարախմբի հիմնադիրը խնդրեց նշել, որ ողջ գործընթացի ժամանակ իրենց կողքին են եղել փաստաբան Ռուբեն Կիրակոսյանը, Ռուսաստանի հայերի միության նախագահի տեղակալ Լեւոն Մուկանյանը, ՌԴ-ում ՀՀ դեսպանի խորհրդական Էդուարդ Ջամբազյանը։


Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները տրամադրել է Արամ Պողոսյանը




















































