Լրահոս
Օրվա լրահոսը

«Հավատում եմ այն օրվան, որ մեր արվեստագետները կսկսեն փախչել Երեւանից եւ նախագծեր իրականացնել մարզերում»

Փետրվար 22,2023 13:00

Հարցազրույց ֆրանսաբնակ ռեժիսոր Սաթէ Խաչատրյանի հետ

– Հերթական ներկայացումն եք բեմադրում՝ այս անգամ Գավառի Լ. Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնում: Խնդրում եմ ներկայացնել՝ ինչու հենց Ժոել Պոմրա: Ինչով էր նրա «Ուրիշները» առանձնահատուկ: Եվ արդյոք Գավառի դրամատիկական թատրոնում կա՞ համապատասխան պոտենցիալ՝ կատարյալ ներկայացում ստանալու համար: Նաեւ Ձեր հիմնադրած «Սաթէ-Աթղը» թատերական միությունը կարծես թե մշակութային ապակենտրոնացման կողմնակից է։ Ինչու մարզեր եւ ոչ Երեւան:

– Ժոել Պոմրային նվիրված միջոցառումների շարքը դեռ ավարտված չէ։ Մեկնարկը տրվել էր Գյումրու դրամատիկականում՝ «Սպասում» բեմականացմամբ, որի առաջնախաղը կայացել էր անցյալ տարի նոյեմբերին։ Բեմականացումը խաղացանկային է եւ շարունակվում է ներկայացվել հանդիսատեսին, օրինակ՝ մարտ ամսին ներկայացումը կրկին կցուցադրվի:

Միջոցառումների շարքը շարունակելով՝ կրկին անդրադառնում ենք նույն հեղինակի դարձյալ «Երկու Կորեաների վերամիավորումը» պիեսին` այլ պիեսի համադրությամբ։ Այսինքն՝ «Ուրիշները» ներկայացման մեջ Ժոել Պոմրայից երկու գործ կա՝ «Երկու Կորեաների վերամիավորումը» եւ «Այդ երեխան»։ Ինչ վերաբերում է այն հարցին՝ արդյոք կա՞ պոտենցիալ Գավառի դրամատիկական թատրոնում, նշեմ, որ հաստատ կա, պարզապես մարզային թատրոններն ուշադրությունից դուրս են գտնվում, երբեմն նաեւ պետական մակարդակով։ Ոչ թե ցանկությունն է պակաս, այլ թերեւս ժամանակն է քիչ, ու քանի որ հիմնական գերատեսչությունները կենտրոնացած են մայրաքաղաքում, երբեմն դժվար է նույն աչալրջությամբ հետեւել նաեւ մարզերի մշակութային կյանքին։ Իհարկե, որոշ քայլեր, այնուամենայնիվ, ձեռնարկվում են, մեր թատերական միություննն էլ իր հնարավորության սահմաններում շարունակում է աշխատել մարզային թատրոնների հետ։

Նշեմ, որ սա Գավառի դրամատիկական թատրոնի հետ մեր երկրորդ համագործակցությունն է՝ նախանցյալ տարի ներկայացրինք Քզավիե Դյուրանժեի «Մարդկային պատմությունները»՝ թատերականացված ընթերցանությամբ։ Դա ինձ համար լավ փորձառություն էր հասկանալու համար, որ այստեղ կա լավ պոտենցիալ, հետաքրքիր հանդիսատես։ Ինչպես կրթում ենք արտիստներին, այդպես պետք է կրթել նաեւ հանդիսատեսին, իսկ հանդիսատեսին կրթում են փոքր տարիքից՝ մատուցելով բարձրակարգ ներկայացումներ։ Եվ եթե մենք մարզերում ներկայացվող բեմադրությունների առումով նույնչափ բծախնդիր չենք, որչափ Երեւանում, չենք կարող հետո բողոքել, որ մարզային հանդիսատեսը պակաս հետաքրքրված է, կամ պակաս կարգապահ է, քան մայրաքաղաքինը։ Ես համոզված եմ, որ ժամանակի ընթացքում ավելի մեծ ուշադրություն կուղղվի մարզային թատրոններին ու հանդիսատեսին, քան մայրաքաղաքայինին։

– Նոր ժամանակներն այլ տեսակի թատրոնի պահանջ են առաջացնում, այլ ձեւաչափի ներկայացումներ։ Ժամանակակից դրամատուրգների գործերը հնարավոր չէ բեմադրել այսպես կոչված՝ «նախկին» կանոններով: Ինքներդ ի՞նչ եք մտածում այս մասին:

– Անշուշտ, ժամանակակից դրամատուրգիան բոլորովին այլ լեզվամտածողություն է, բայց ժամանակակից դրամատուրգիան հնարավոր չէ մեկ ձեւակերպման մեջ տեղավորել, որովհետեւ նույնիսկ այսօր մարդիկ գրում են տարբեր ժանրերում, տարբեր ոճերով։ Իմ ընտրած դրամատուրգները թերեւս նրանք են, ում խոսքը բոլորովին այլ մշակույթ է, նրանք բարձրացնում են թեկուզ սովորական հարցեր, ամենօրյա խնդիրներ, բայց դրանք բարձրացնում են բոլորովին այլ կերպ եւ մեզ ներկայացնում են այլ անկյան տակ։ Սա եմ կարեւորում ժամանակակից դրամատուրգիայում, չեմ կարծում, թե հիմա հնարավոր է հեծանիվ հորինել, պարզապես ձեւն ու մատուցման կերպն է այլ, եւ այդ կերպն այսօր շատ հետաքրքիր է, եթե կարողանանք այս դրամատուրգիական բազմազանության մեջ պեղել ու գտնել լավ պիեսներ, որոնք դիպչում են մեր սրտին։ Ես ասել եմ ու կրկնում եմ, որ պիեսն ինձ համար նախ եւ առաջ գեղարվեստական ստեղծագործություն է եւ իր գեղարվեստական արժեքն է սահմանում կարեւորությունը։ Ահա հարցի պատասխանը, թե ինչու այս պիեսը եւ ոչ թե այլ պիես։ Ժամանակակից շատ հեղինակներ, շատ դրամատուրգներ ոչ թե առաջարկում, այլ պարտադրում են նոր տեսակի թատրոն, նոր վերաբերմունք բեմական խոսքին, իրականությանը։ Կան հեղինակներ, ում դրամատուրգիան պարտադրում է բոլորովին այլ տեսակի խաղաոճ, այլ տեսակի բեմադրաձեւ ռեժիսորների համար։ Եվ իհարկե, նաեւ հանդիսատեսին է փոխում, որովհետեւ լավ թատրոնը կրթում է հանդիսատեսին, կրթում է ոչ միայն իմացական առումով, այլեւ իր սեփական էությանը, իր ողբերգությանը, իր երջանկությանը առերեսվելու հետաքրքիր միջոց է դառնում։ Հնարավորություն է տալիս, որ ներկայացում նայող մարդն առերեսվի իր իրականության հետ։ Հատկապես Ժոել Պոմրայի պիեսների բեմադրության ժամանակ ես հանդիսատեսի արձագանքից հասկացա, որ դրանք հնարավորություն են տալիս հանդիսատեսին իր եսի, ապրածի ու չապրածի հետ առերեսվելու։

– Եթե համեմատելու լինեք Գավառի եւ Գյումիի թատրոնների հետ ձեր աշխատանքը, իբրեւ բեմադրիչ ի՞նչ ընդհանրություններ եւ տարբերություններ կարող եք նշել:

– Ես շատ ուրախ եմ Գյումրու դրամատիկական թատրոնի հետ իմ համագործակցության համար եւ հաճախ եմ Գյումրու թատրոնն իբրեւ օրինակ բերում՝ ասելու, որ մարզային թատրոններից այն ամենաօրինակելին է, շատ հարցերում կարող է նաեւ օրինակ ծառայել երեւանյան որոշ թատրոնների համար։ Առաջին բանը, որ նկատեցի Գյումրու թատրոնում, կարգապահությունն է, որն ինձ համար լավ աշխատանքի եւ պրոֆեսիոնալիզմի հիմքն է։ Ցավով եմ նշում, որ այն ամենը, ինչ տեսել եմ Գյումրու թատրոնում, նույնությամբ չեմ տեսել այլ թատրոններում։ Ես մեղավորներ չեմ փնտրում։ Կարծում եմ՝ կա շատ մեծ ցանկություն Գյումրու թատրոնի ղեկավարության կողմից, որ իր թատրոնը լինի այդպիսին, նույն կամքն եմ ցանկանում նաեւ այլ թատրոններին։

Հույս եմ հայտնում, որ պետականորեն հարցը կկարգավորվի եւ նույն պատրաստվածությունը՝ թե տեխնիկական եւ թե գեղարվեստական առումով, կունենան նաեւ մյուս թատրոնները։ Ես մարզային բոլոր թատրոններում չեմ աշխատել, չեմ կարող կարծիք հայտնել բոլորի մասին, բայց այն թատրոններում, որոնց հետ հասցրել եմ աշխատել, նկատել եմ թե լավ, թե վատ կողմեր։ Լավ կողմերը գովելի են, վատ կողմերը նրա համար են, որ շտկվեն ու ավելի լավը դառնան, եւ խնդիրները նրա համար են, որ կագավորվեն։ Չեմ կարող համեմատություն անցկացնել Գյումրու եւ Գավառի թատրոնների միջեւ, վստահ եմ, որ Գավառի թատրոնը եւս պատվով է ներկայանում եւ անում է առավելագույնը իր հնարավորությունների սահմաններում։ Գավառի թատրոնը մարզպետարանի ենթակայության տակ է գործում, ուրախ եմ, որ այս նախագիծն իրականացնելու համար մարզպետարանն իր աջակցությունն է ցուցաբերում՝ թե ֆինանսական եւ թե բարոյական առումով։ Եթե ակտիվությունը մեծ չէ Գավառի թատրոնում, դա միայն Գավառի թատրոնից չէ, եթե առաջարկները շատ լինեն մայրաքաղաքից՝ ազատ արվեստագետների կողմից, նրանց կողմից եւս կլինի պատրաստակամություն համագործակցելու, լավ նախագծեր իրականացնելու։ Մեր ստեղծագործողները չպետք է պասիվ դիրքում լինեն ու նստեն սպասեն, որ դրսից հրավերը գա, իրենք պետք է ներկայանան որոշակի նախագծերով, լինեն նախաձեռնող, ու վստահ եմ, որ լավ նախագծերի համար ֆինանսական աջակցություն միշտ կգտնվի։ Համենայնդեպս, կարող եմ վստահեցնել, որ Գավառի թատրոնի դռները բաց են բոլոր լավ ստեղծագործողների համար, բոլոր նրանց համար, որոնք պատրաստ են համագործակցության։ Նմանատիպ պատրաստակամություն եմ ուզում հուսալ երիտասարդ արվեստագետների կողմից։ Հավատում եմ այն օրվան, որ մեր արվեստագետները կսկսեն փախչել Երեւանից եւ լավ նախագծեր իրականացնել մարզային թատրոններում։

– Հաջորդ նախագիծը ո՞ր թատրոնի հետ է նախատեսված։

– Մեր հաջորդ մշակութային կանգառը Վանաձորի պետական թատրոնն է։ «Սաթէ-Աթղը» թատերական միությունն այս տարվա համար ընտրել է Ֆիլիպ Մինյանայի դրամատուրգիան։ Այս անգամ մեր գլխավոր միջոցառումը կիրականացնենք Վանաձորի պետական թատրոնում՝ Գորիսի թատրոնի հետ համատեղ, երկու մարզային թատրոններ են աշխատելու միմյանց հետ, նաեւ հրավիրյալ դերասանուհի Տաթեւ Հովակիմյանը։ Ազատ արվեստագետների շփումը, աշխատանքը շատ կարեւոր է՝ եւ արվեստագետների, եւ թատրոնների համար, որովհետեւ տարբեր թատերական դպրոցների համագործակցությունը միշտ հարստացնող է։ Գավառի թատրոնում կայանալիք պրեմիերայում եւս այդ ձեւաչափն է օգտագործվել, Գյումրու դրամատիկականից երկու դերասաններ կան հրավիրված՝ Արսեն Միքայելյանը եւ Ջեմմա Ադամյանը, Տաթեւ Հովակիմյանն է հրավիրյալ դերասանուհի, որը նաեւ հրավիրյալ դերասանուհի էր Գյումրու դրամատիկականի իմ ներկայացման մեջ եւ երեք հրաշալի դերասաններ հենց Գավառի թատրոնից՝ Լաուրա Ստեփանյանը, Սաթեն Թովմասյանը, Նորայր Հերգնյանը։ Ամբողջովին երիտասարդական, հետաքրքիր ներկայացում է ստացվել։ Նաեւ հետաքրքիր է իբրեւ փորձառություն՝ տարբեր թատերական դպրոցների ներկայացուցիչներ կներկայանան մեկ հարթակում եւ Ժոել Պոմրայի «Ուրիշները» պիեսով։ Կարծում եմ՝ սա ոգեւորող օրինակ կլինի այլ թատրոնների համար։

Զրուցեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
21.02.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728