Լրահոս
Օրվա լրահոսը

ԽԱՊԿ-ն՝ ԶԼՄ-ների և լրագրողների դեմ 2021-2022թթ․ներկայացված դատական գործերի մոնիտորինգի արդյունքների վերաբերյալ

Փետրվար 28,2023 18:34

«Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե» (ԽԱՊԿ) ՀԿ-ն 2022թ․ հունիսից մինչև 2023թ․հունվար անցկացրել է ընդդեմ ԶԼՄ-ների և լրագրողների դատական գործերի մշտադիտարկում։ Ստացված արդյունքների, այդ թվում վիճակագրական տվյալների հիման վրա կատարվել է վերլուծություն և պատրաստվել զեկույց:

Նախորդ տարիներին ևս իրականացվել են այսպիսի հետազոտություններ, և դրանց շարունակականությունը կարևոր է՝ պարզելու համար, թե ինչ միտումներ ու զարգացումներ են ընթանում դատական պրակտիկայում, մանավանդ հետհեղափոխական շրջանում, երբ դատաիրավական համակարգում բարդ և ոչ միանշանակ գնահատվող փոփոխություններ են տեղի ունենում։

Մշտադիտարկման միջոցով փորձ է արվել պարզել, թե դատավորները որքանով են հետևում ԶԼՄ-ներին վերաբերող օրենսդրական կարգավորումներին, միջազգային կոնվենցիաներին, Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի, ՀՀ Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների ակտերին: Կարևոր նշանակություն է տրվել դատարանների կողմից նմանատիպ վեճեր քննելիս միատեսակ, իրավաչափ և կանխատեսելի մոտեցումներ դրսևորելուն։ Ուստի կատարվել են համեմատական վերլուծություններ։ Դրանց հիման վրա բացահայտվել են էությամբ նույն փաստական տվյալների վերաբերյալ տարբեր դատական ակտեր կայացնելու դեպքեր: Հատուկ ուշադրություն է դարձվել այն հարցին, թե արդյո՞ք դատարանները հաշվի են առնում ԶԼՄ-ների և լրագրողների առաքելությունը, խոսքի ազատության չափանիշները և դրա հանրային շահը: Որոշ գործեր վերլուծելիս վկայակոչվել են «Տեղեկատվական վեճերի խորհուրդ» մասնագիտական նախաձեռնության եզրակացություններն ու կարծիքները:

Դիտարկված ժամանակահատվածում ընդդեմ ԶԼՄ-ների ու լրագրողների ներկայացվել է 106 դատական հայց, որոնցից 72-ը՝ 2021 թվականին, 34-ը՝ 2022-ին։ Այդ հայցերից վարույթ է ընդունվել 93-ը (2021-ին՝ 69, 2022-ին՝ 24),  մնացած 13-ը վարույթ չեն ընդունվել փաստաթղթերը թերի լինելու կամ հայցը հետ վերցնելու հիմքերով։

Վարույթ ընդունված 93 գործերից 48-ում (2021թ-ին՝ 38, 2022թ-ին՝ 10) հայցվորները ներկա կամ նախկին պաշտոնյաներ են, քաղաքական գործիչներ կամ պետական մարմիններ, 25-ում (համապատասխանաբար՝ 19 և 6)՝ գործարարներ կամ տնտեսվարող ընկերություններ են, 9-ում (5 և 4)՝ մասնավոր անձինք, 4-ում (3 և 1)՝ քաղհասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ, 7-ում (4 և 3) լրատվամիջոցներ։

Մոնիտորինգի ընթացքում վերլուծության առարկա են դարձել այն գործերը, որոնց վերաբերյալ ընդունվել է առնվազն մեկ և ավելի դատական ակտ այդպիսիք 17-ն են։ Ընդ որում՝ դրանցից 6 գործով կայացված ակտերը մտել են օրինական ուժի մեջ, այսինքն՝ վեճերը հանգուցալուծվել են, իսկ 11-ի առնչությամբ ընդունվել է 1 և ավելի ակտ, բայց դատական գործընթացները սույն հետազոտությունը հրապարակելու պահին ընթացքի մեջ են եղել։

Վարույթ ընդունված դատական գործերի ճնշող մեծամասնությունը ԶԼՄ-ների հրապարակումներում վիրավորանքի և/կամ զրպարտության՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10871 հոդվածի հիմքով են 2021-ին դրանց թիվը 66 է, 2022-ին՝ 22։  Ընդդեմ ԶԼՄ-ների ներկայացված այլ՝ վարչական բնույթի վարույթ ընդունված գործերի թիվը 2021-ին 3 է, 2022-ին՝

93 վարույթ ընդունված գործերից 14-ում ԶԼՄ-ների հիմնադիրները ոչ թե պատասխանող են, այլ ներգրավվել են որպես երրորդ անձ 2021 թվականին 10, 2022-ին՝ 4 դեպքում։

Նախորդ հետազոտությունների հետ համեմատությունը ցույց է տալիս, որ վիրավորանքի և զրպարտության հիմքով դատական հայցերի հոսքը ալիքաձև ընթացք ունի․ այն 2021 թվականին ավելացել է՝ հավասարվելով 2019-ի ցուցանիշին, իսկ 2022-ին կտրուկ իջել է՝ արձանագրելով վերջին 4 տարիների նվազագույն մակարդակ։

Ինչպես ցույց են տալիս ԽԱՊԿ-ի բազմամյա դիտարկումները, դա հիմնականում պայմանավորված է երկրում տիրող հասարակական-քաղաքական իրավիճակով. երբ այն լարված է, ավելանում են նաև դժգոհություններն ու ճնշումները ԶԼՄ-ների վրա, այդ թվում՝ դատական հայցերի տեսքով։ Այս առումով հատկանշական է, օրինակ, վիրավորանքի և զրպարտության հիմքով դատական գործերի քանակի աճը 2021 թվականին, երբ ներքաղաքական մթնոլորտը 2020թ․44-օրյա պատերազմից հետո ծայրաստիճան սրվել էր, երբ և՛ հասարակությունում, և՛ լրատվական դաշտում համատարած բևեռացվածություն էր, անհանդուրժողականություն ու ատելություն, երբ տեղի ունեցան արտահերթ ընտրություններ, որոնց արդյունքում իրենց քվեն պետք է ստանային այդ առճակատման հիմնական դերակատարները։ Ի տարբերություն սրա, 2022-ը շատ ավելի հանդարտ էր, և դատական հայցերի հոսքն էլ գրեթե եռակի նվազեց։

Իհարկե, այս գործերի քանակը կարող էր էլ ավելի նվազել, եթե երկրում ձևավորված լիներ տեղեկատվական վեճերի արտադատական լուծումների պրակտիկա, եթե կայացած լիներ ԶԼՄ-ների ինքնակարգավորման համակարգը, եթե ցածր չլիներ լրագրողների մասնագիտական կարողությունների և իրավական գիտելիքների ընդհանուր մակարդակը։

Ինչպես վկայում են մշտադիտարկման արդյունքները, դատական իշխանությունում էլ առկա են խնդիրներ, որոնք հաճախ խոչընդոտում են վիրավորանքի և/կամ զրպարտության գործերով ամբողջովին իրավաչափ և հիմնավորված ակտեր կայացնելը։ Այսպես՝

Դատարանները բավարար ուշադրություն չեն դարձնում՝

  • փաստերի և գնահատող դատողությունների տարանջատմանը
  • արտահայտությունների արատավորող բնույթի և դիտավորության վերլուծությանը
  • պատշաճ պատասխանողին որոշելու հարցին
  • նյութական և ոչ նյութական փոխհատուցման իրավաչափությանը
  • դատական ակտերի պատճառաբանված լինելուն
  • հայցի ապահովման միջոցի կիրառմանը
  • դատական ծախսերի (պետական տուրքի չափ, փաստաբանի վարձատրություն) ճշգրիտ սահմանմանը

      Ուշադրության արժանի է այն պրակտիկան, որ հայցի ապահովման միջոց կիրառելու (հայցագնի չափով գույքի և բանկայի հաշիվների վրա արգելանք դնելու) միջնորդությունները որոշ հայցվորներ փորձում են օգտագործել որպես պատժիչ գործիք ընդդեմ ԶԼՄ-ների ու լրագրողների։ Դրական միտում է, որ վերջին տարիներին հազվադեպ են ներկայացվում այդպիսի միջնորդություններ, և դատարաններն էլ ավելի քիչ դեպքերում են բավարարում դրանք, քանի որ գույքի և բանկայի հաշիվների վրա արգելանք դնելը կարող է հանիրավի սահմանափակել ԶԼՄ-ի կամ լրագրողի գործունեությունը և իրավունքները։
Մոնիտորինգի ընթացքում վերլուծված 17 դատական գործերից 5-ում են ներկայացվել այդպիսի միջնորդություններ, որոնցից բավարարվել են 2-ը:

Մշտադիտարկումը թույլ տվեց բացահայտել ևս մեկ հետաքրքիր միտում․ հայցվորները նյութական փոխհատուցման չափի վերաբերյալ վերաքննիչ բողոքներ չեն ներկայացնում, երբ դատարանները 10-20 անգամ ավելի քիչ գումար են սահմանում, քան սկզբնապես պահանջվել է: Դա վկայում է այն մասին, որ հայցերում առավելագույն գումար նշելիս դրանց հեղինակները հաճախ այդ միջոցը դիտարկում են  որպես ԶԼՄ-ների ու դրանց աշխատակիցների վրա ներազդելու լրացուցիչ լծակ, և երբ այդ մտադրությունը չի իրականանում, հայցվորները գերադասում են համակերպվել սրա վերաբերյալ դատական վճռի հետ, քան շարունակել հեռանկար չունեցող պայքարը։

Փաստորեն, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածում իրականացված փոփոխություններից հետո, որոնցով եռապատկվեցին վիրավորանքի և զրպարտության համար փոխհատուցումների վերին շեմերը, դատարանները դրանք չդիտարկեցին որպես ազդակ ԶԼՄ-ներից ավելի բարձր դրամական միջոցներ բռնագանձելու համար, և դա նույնպես դրական միտում է։

 Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728