Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվել են հայ-մեքսիկական կրթական և մշակութային համագործակցության հարցեր

Մարտ 02,2023 18:02

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մեքսիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Էդուարդո Վիլյեգաս Մեխիասին: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Ալֆրեդ Քոչարյանը:

ԿԳՄՍ նախարարը, ողջունելով դեսպանին, շնորհավորել է նշանակման կապակցությամբ և արդյունավետ աշխատանք մաղթել հայ-մեքսիկական բարեկամական կապերի զարգացման, առավել ամրապնդման և խորացման գործում։

«Տարեսկզբին մենք նախարարությունում ընդունել ենք Մեքսիկայի Պատգամավորների պալատի Հայաստան-Մեքսիկա բարեկամության խմբի ղեկավար Բերենիսե Խուարես Նավառետեի գլխավորած պատվիրակությանը և քննարկել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներում համագործակցության խթանման, տարբեր ուղղություններով փորձի փոխանակման կարևորության վերաբերյալ հարցեր»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Նա նշել է, որ մշակվել և ներկայում ներպետական փոխհամաձայնեցման փուլում է «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Մեքսիկական Միացյալ Նահանգների մշակույթի նախարարության միջև 2023-2026 թվականների մշակութային համագործակցության մասին» գործնական ծրագիրը, որը հնարավորություն կընձեռի իրականացնելու համատեղ աշխատանքներ և մի շարք միջոցառումներ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև նախարարության համակարգման ոլորտներում մեքսիկական կողմի հետ համագործակցության հեռանկարները: Հատկապես կարևորվել է գիտակրթական համատեղ ծրագրերի իրականացումը, որը կարող է նպաստել գիտության և կրթության ոլորտներում համագործակցության նոր հնարավորությունների ստեղծմանը: «Հայ-մեքսիկական բարեկամական համագործակցության շրջանակում առկա է մեծ ներուժ, որը կարող է նպաստել միջբուհական համագործակցության ամրապնդմանը՝ համատեղ կրթական և հետազոտական, ինչպես նաև ուսանողների և դասախոսների փոխանակման ծրագրերի իրականացմամբ»,- ասել է նախարարը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև մշակույթի ոլորտում համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունը: Հատկապես ընդգծվել է «Հայ գրականությունը թարգմանություններում» դրամաշնորհային ծրագրի և Մեքսիկայի «Թարգմանությանն աջակցող ծրագրի» (Programa de Apoyo a la Traducción) միջև համագործակցության խթանման հնարավորությունը:

Կարևորվել են նաև հայ-մեքսիկական հարաբերությունները մշակութային ժառանգության պահպանության և կառավարման բնագավառներում զարգացնելու, մասնագիտական որակավորմանը և փորձի փոխանակմանը նպաստելու, երկու երկրների միջև թանգարանային համագործակցությանն աջակցելու, նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության նպատակով ժողովրդական ստեղծագործության ցուցադրություններ, վարպետաց դասեր և թեմատիկ հանդիպումներ կազմակերպելու նախաձեռնությունները:

Նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը հանդիպման ընթացքում անդրադարձել է մշակութային տուրիզմի զարգացմանն ուղղված հարցերի՝ շեշտելով այս ուղղությամբ ևս համատեղ ծրագրեր իրագործելու հնարավորությունը:

Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել Մեքսիկայի Սենատին այս տարվա փետրվարի 8-ին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ փաստաթուղթն ընդունելու համար: Նա բարձրացրել է նաև Լեռնային Ղարաբաղի շրջափակման հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամի և կրթության իրավունքի խախտման խնդիրները, որոնք անդառնալի հետևանք են թողնում մարդու իրավունքների վրա:

Նորանշանակ դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և շեշտել, որ դիվանագիտական առաքելության ժամանակահատվածում իր ջանքերն է ներդնելու հայ-մեքսիկական հարաբերությունների սերտացման, առկա համագործակցության ծրագրերի իրագործման ուղղությամբ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031