Լրահոս
Օրվա լրահոսը

Այլ կերպ ասած, արցախա-ադրբեջանական բանակցություններն ընթանում են Ադրբեջանի զինուժի պարբերական կրակահերթերի տակ. «Հայաստանի Հանրապետություն»

Մարտ 03,2023 11:30 Share

Հատկանշականն այն է, որ վերջին օրերին հենց Մարտունու շրջանի շփման գծի հատվածում են տեղի ունեցել Արցախի Հանրապետության եւ Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչների հանդիպումներն ու բանակցությունները: Վերջին հանդիպումը կայացել է մարտի 1-ին՝ ադրբեջանական զինուժի կողմից այդ ուղղությամբ հրադադարի խախտման օրը: Այլ կերպ ասած, արցախա-ադրբեջանական բանակցություններն ընթանում են Ադրբեջանի զինուժի պարբերական կրակահերթերի տակ:

Այստեղ պակաս նշանակություն չունի այն իրողության դիտարկումը, որ ռուս խաղաղապահների հրամանատարության կողմից տեղեկատվություն չի հրապարակվում, թե ինչ քայլեր են ձեռնարկվում Ադրբեջանին ստիպելու, որպեսզի պահպանի հրադադարի ռեժիմը, ինչի հետեւանքով հենց հրադադարի խախտման հաջորդ իսկ օրն ադրբեջանական զինուժը կրակում է շփման գծի նույն հատվածում:

Լավ իմանալով ադրբեջանական պետության իրական նպատակները եւ վարած պետական քաղաքական գիծը, կանխատեսելի էր, որ խոչընդոտներ կստեղծվեն Արցախում մեկնարկած գյուղատնտեսական աշխատանքների համար: Այս վարքը տեղավորվում է Արցախը շրջափակման ենթարկելու պետական համալիր քաղաքականության տրամաբանության մեջ, այն է՝ արցախցիների համար ստեղծել կենսագործունեության անտանելի պայմաններ՝ ստիպելով լքել իրենց հազարամյա բնօրրանը եւ գաղթել: Պարենային եւ հումանիտար ճգնաժամի մեջ հայտնված արցախցիները փորձում են խնայած վառելիքով գյուղատնտեսական մշակաբույսեր աճեցնել՝ առաջնային պահանջները բավարարելու համար, ինչին կրկին խոչընդոտում է ադրբեջանական զինուժը: Այն դեպքում, երբ 44-օրյա պատերազմից հետո Արցախը զրկվեց իր մշակվող հողատարածքների մեծ մասից, իսկ մնացածի զգալի հատվածն էլ հայտնվեց արցախա-ադրբեջանական շփման գծի մոտ, հրադադարի ռեժիմի խախտումները լրջագույն ռիսկեր են առաջացնում գյուղացիների համար՝ անհնար դարձնելով գյուղատնտեսական աշխատանքների կատարումը:

Իսկ Արցախի ժողովրդի անկոտրում կամքին ծանոթ յուրաքանչյուր ոք գիտի, որ նման ձեւով հնարավոր չէ նրան ստիպել հրաժարվել իր ընտրած արդար ճանապարհից, առավել եւս՝ անհնար է այդ կրակահերթերի տակ ընթացող հանդիպումների ժամանակ Արցախի ժողովրդից զիջումներ կորզել: Ընդհակառակը՝ պաշտոնական Բաքվի նման վարքագիծն ավելի է ամրապնդում իր ինքնորոշման համար պայքարի գործում արցախցու կամքը, մյուս կողմից էլ, հրադադարի ռեժիմների նման խախտումները միջազգայի հանրության առաջ դնելու լուրջ փաստարկներ են, որոնք ապացուցում են այդ երկրի հետ Արցախի համատեղ գոյակցության անհնարինությունը:

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031