Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդդիմության քայլերը տեսանելի չեն. «Հրապարակ»

Մարտ 10,2023 10:37

Անցած տարվա հունիսին Դիմադրության շարժման ակտիվը Ֆրանսիայի հրապարակում տեղադրված վրաններն ապամոնտաժելիս հայտարարեց, թե իշխանությունների դեմ պայքարը չի ավարտվում։ Ճիշտ հակառակը՝ որոշակի անելիքներից հետո իրենք հզորացած վերադառնալու են։ Ասում էին՝ շարժումը տեղափոխվում է մարզեր, շրջելու են համայնքներով, շարժման խորհուրդներ են ձեւավորելու, ակտիվի հետ ավելի ինտենսիվ են աշխատելու։ Եվ հայտարարեցին, որ սկսում են Երեւանում ութ ոլորտային կոմիտե ձեւավորելուց՝ հանձնախմբեր, որոնք ղեկավարում էին «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքների ներկայացուցիչները, շաբաթը մեկ նիստ էին հրավիրում։

Քաղաքական հանձնախմբի պատասխանատու էր նշանակվել պատգամավոր, փաստաբան Արամ Վարդեւանյանը, որն ամիսներ առաջ հրաժարվեց մանդատից, պաշտպանության եւ անվտանգության հանձնախմբի համակարգումը վստահվել էր պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին, սոցիալականը՝ Թադեւոս Ավետիսյանին, արտաքին հարաբերությունների հանձնախումբը` Աննա Գրիգորյանին, քարոզչական հանձնախմբի պատասխանատուն Ագնեսա Խամոյանն էր, ընթացիկ միջոցառումների կազմակերպման հարցերով զբաղվող հանձնախումբ էլ կար, որը ղեկավարում էր դաշնակցական Քրիստինե Վարդանյանը, կազմակերպչականի պատասխանատուն էլ ՀՅԴ-ական Աշոտ Սիմոնյանն էր։

Այս հայտարարությունից մեկ ամիս անց շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը հրավիրած ասուլիսում կրկին հուսադրեց՝ շարժման անդամները հսկայական աշխատանք են տանում, որը հանրությանը տեսանելի չէ։ «Բոլոր բացթողումները, կազմակերպական դժվարությունները, որ ունեցել ենք, գրանցված են, եւ այդ թերությունները վերացնելու ուղղությամբ տարվում է հսկայական աշխատանք։ Այդ աշխատանքներն ավարտելուց հետո ինչ-որ մի փուլից դրանց արդյունքները ձեզ համար ակնհայտ կլինեն: Վստահեցնում եմ, որ նույն տեմպով աշխատում ենք, բայց անում ենք նաեւ բեք օֆիսի աշխատանք»,- ասել էր նա։

Ամիսներն անցան, սակայն արդյունքներն այդպես էլ տեսանելի չեղան, միակ բանը, որ փոխվեց քաղաքական կյանքում, այն էր, որ փողոցային պայքարի դուրս եկած ընդդիմադիրները հոկտեմբերին վերադարձան խորհրդարան։ Եվ որքան էլ Իշխան Սաղաթելյանը խրոխտ հայտարարում է, թե «Զարթիր լաո»-ն ուժի մեջ է, շուտով պայքարի նոր փուլ է սկսվելու, իրականությունն այն է, որ «լաոն» խոր քուն է մտած, եւ ընդդիմության քայլերն էլ տեսանելի չեն։ «Լաոյին» չեն պատրաստվում արթնացնել ո՛չ խորհրդարանական ընդդիմադիրները, ո՛չ էլ նրանց երբեմնի գործընկերներ Արթուր Վանեցյանն ու Վահե Հակոբյանը, որոնք վայր դնելով իրենց մանդատները՝ մեծամեծ խոստումներ էին տալիս քաղաքական դաշտից չհեռանալու, նոր պայքար սկսելու մասին: Ավելին՝ հայտարարում էին, թե իբր դժգոհ են գործընկերներից եւ ավելի արմատական քայլեր են ակնկալում, այդ պատճառով էլ խորհրդարանից հեռանում են։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031