Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու էր սպասում շուրջ 5 տարի, որպեսզի նոտար նշանակվի նախկին նոտարի որդին

Մարտ 17,2023 14:00

Արմավիրի մարզի բնակիչ Ալվարդ Ղարիբյանը ՀՀ գլխավոր դատախազին ներկայացրել է հանցագործության մասին հաղորդում, խնդրել է հարուցել քրեական գործ: Շուրջ 1 տարի 9 ամիս տեւած նախաքննության ընթացքում պարզվել էր միայն, որ դիմումատուի եղբայրը նոտարին կեղծ փաստաթղթեր է  ներկայացրել այն մասին, որ բացի իրենից, այլ ժառանգներ չկան: Հարցազրույց  իրավապաշտպան Խաչիկ Մարոզյանի հետ:

– Իրավական օգնություն ստանալու նպատակով մարզի բնակչուհին՝ Ա.Ղարիբյանը դիմել է ձեր՝ «Հոգեբանների եւ իրավաբանների միջազգային ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպությանը: Գործն առնչվում է 2013 թվականին կատարված գործարքի հետ: Ներկայացրեք գործի հանգամանքները:

– Դիմումատուի հայրը՝ Սարիբեկ Ղարիբյանը, մահացել է 2008թ. փետրվարի 15-ին: Հանդիսանալով առաջին հերթի ժառանգ, հոր մահից հետո դիմումատուն 6 ամսվա ընթացքում, 2008թ. օգոստոսի 8-ին իրեն հասանելիք ժառանգությունն ստանալու համար հայտարարություն է տվել ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիսի նոտարական տարածքի նոտար Ֆելիքս Սարգսյանին։ Տարիներ հետո է պարզվել, որ ամբողջ ժառանգական գույքը՝ այդ թվում մայրաքաղաքի Ն. Չարբախ 7-րդ փողոցի իքս- հասցեի եւ Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի Սոթք գյուղում գտնվող անշարժ գույքն ամբողջությամբ նույն նոտարական գրասենյակում նոտարի կողմից, որպես ըստ օրենքի ժառանգություն, ձեւակերպվել է դիմումատուի եղբոր՝ Սամվել Ղարիբյանի անունով, ավելին, 2013 թ. նրան տրվել է ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր, այդ վկայագրի հիման վրա էլ՝ անշարժ գույքի նկատմամբ Ս. Ղարիբյանի անվամբ կատարվել է իրավունքի պետական գրանցում։

– Հանրային քրեական հետապնդում չհարուցելու վերաբերյալ միջնորդություն ներկայացվե՞ց դատարան, կողմն ասում էր, թե նոտարը մահացել է:

– Հանրային քրեական հետապնդում չհարուցելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասին Գեղարքունիքի մարզի դատախազի տեղակալ Կ. Խաչատրյանի կողմից 2023 թ. փետրվարի 16-ին որոշվել է.

  1. Թիվ 31155621 քրեական վարույթով Ֆելիքս Սարգսյանի նկատմամբ 2003 թվականի օգոստոսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 38-178 -րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով եւ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 2-րդ մասով անձի մահանալու հիմքով հանրային քրեական հետապնդում չհարուցելու մասին քննիչ Դավիթ Զիրոյանի 2023 թ. փետրվարի 9-ի միջնորդությունը բավարարել։
  2. Թիվ 31155621 քրեական վարույթով Ֆելիքս Սարգսյանի նկատմամբ 2003 թվականի օգոստոսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 38-178 -րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով եւ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 2-րդ մասով հանրային քրեական հետապնդում չհարուցելու անձի մահանալու հիմքով։

– Նախաքննության մարմին կանչվե՞լ է դիմումատուի եղբայրը:

– Սամվել Ղարիբյանը նախաքննության ընթացքում բացատրություն է տվել այն մասին, որ ինքը տեղյակ չի եղել նույն ժառանգական գործում առկա Ալվարդ Ղարիբյանի՝ ժառանգությունն ընդունելու վերաբերյալ հայտարարության առկայության մասին։ Նաեւ պարզվել էր, որ գործարքը ավարտին հասցրած նոր նոտարը՝ Տիգրան Սարգսյանը, գործարքը սկսած նոտար Ֆելիքս Սարգսյանի որդին է։ Այսքանից հետո պարզ չի դարձել նախաքննությամբ, թե հորը փոխարինելու եկած նոր նոտարը՝ Տիգրան Սարգսյանը, ի վերջո, ինչքանով էր տեղյակ կատարվածին,   ինչքանով էր պարտավոր տեղյակ լինել դրանից, օրենքով ունե՞ր նման պարտավորություն գործը նայելու, թե՝ չէ: Կամ՝ գրանցամատյաններում կա՞ր, արդյոք, գրանցում՝ Ալվարդ Ղարիբյանի կողմից՝ ժառանգությունն ընդունելու վերաբերյալ 2008 թ. օգոստոսի 8-ի հայտարարության մասին։ Ըստ դատախազ Կ. Խաչատրյանի՝ հանրային քրեական հետապնդում չհարուցելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասին 2023 թ. փետրվարի 14-ի որոշման՝ Սամվել Ղարիբյանը ցուցմունք է տվել այն մասին, որ իր հայրը՝ Սարիբեկ Ղարիբյանը 2008 թվականի փետրվարի 15-ին մահացել է: Դրանից հետո երկու ամիս անց, ապրիլ ամսին, ինքը գնացել է Վարդենիսում գտնվող նոտարական գրասենյակ, դիմել է այն ժամանակվա նոտար Ֆելիքս Սարգսյանին, որպեսզի ժառանգություն ստանա հոր անվամբ գրանցված Երեւանում եւ Սոթք գյուղում գտնվող բնակարանները եւ հողատարածքները: Նոտարին է ներկայացրել իր անձնագիրը, բնակության վայրից տեղեկանք, հոր եւ մոր մահվան վկայականների պատճենները եւ սեփականության իրավունքի վկայականները: Այնուհետեւ նոտարական գրասենյակում գրավոր դիմում է ներկայացրել ժառանգության հետ կապված եւ տվել նրան: Այդ ժամանակ նոտարը բացել է իր դիմաց գտնվող մատյանը եւ գրառում կատարել, որից հետո ինքը ստորագրել է այդ մատյանում: Այդ ժամանակ նոտարի կողմից որեւէ գործարք չի կատարվել: Դրանից հետո՝ երկու ամիս անց, ինքը նորից գնացել է Վարդենիս, որպեսզի կատարի համապատասխան գործարք, եւ նոտարական գրասենյակ այցելելու ժամանակ տեսել է, որ դուռը փակ է: Ինքը տեղյակ է եղել, որ նոտարը բնակվում է Վարդենիս քաղաքում գտնվող նոտարական գրասենյակի դիմաց, եւ այդ նպատակով այցելել է վերջինիս բնակության հասցե՝ որտեղ իրեն ասել են, որ Ֆ. Սարգսյանն ունի առողջական խնդիրներ եւ երկար ժամանակ գտնվում է հիվանդանոցում: Այնուհետեւ, իր ծանոթների միջոցով անընդհատ փորձել է տեղեկություն ստանալ Ֆ. Սարգսյանի առողջական վիճակի մասին եւ իրեն պատասխանել են, որ դեռ չի ապաքինվել, եւ աշխատանքի չի հաճախում: Որոշ ժամանակ անց ինքը տեղեկացել է, որ Սարգսյանը մահացել է, եւ դրանից հետո՝ մեկ տարի, նրա փոխարեն որեւէ աշխատող չի եղել, որպեսզի դիմի՝ գործարք իրականացնի: Այնուհետեւ՝ 2013 թվականին, ինքը տեղեկացել է, որ Ֆելիքսի փոխարեն որպես նոտար աշխատանքի է անցել նրա որդին՝ Տիգրան Սարգսյանը, եւ այդ նպատակով կրկին գնացել է Վարդենիս եւ դիմել նրան, ասելով, որ նախկինում դիմել է նրա հորը՝ ժառանգության հետ կապված…

Այսպիսով՝ ինչու էր սպասում շուրջ 5 տարի, որպեսզի նոտար նշանակվի նախկին նոտարի որդին, վերջապես ինչ գործարք է կատարել նախկինում պետ. նոտար Ֆիլիքս Սարգսյանը, որի համար, ինչպես նշել է Սամվել Ղարիբյանը իր նախաքննական ցուցմունքներում, ինքը ինչի համար է ստորագրել իր դիմաց դրված մատյանում հոր մահից հետո երկու ամիս անց՝ ապրիլ ամսին: Ինչ գործարք պետք է արվեր դրանից երկու ամիս անց, երբ Սամվել Ղարիբյանը կրկին գնացել է Վարդենիս եւ պարզել, որ նոտարը հիվանդ է, որոշել է գնալ նրանց տուն: Հորը փոխարինելու եկած նոտար Տ. Սարգսյանն էլ իր հերթին ավելի է խճճել ու անհասկանալի դարձրել գործի փաստերը, տրված հարցերին տալով խուսափողական ու անորոշ պատասխաններ:

– Գործով քննիչը դիմե՞լ էր նոտարական գրասենյակին:

– Գործով քննիչին ՀՀ նոտարական պալատից ստացված պատասխան գրությամբ մասնավորապես հայտնվել է. «Նույն ժառանգական գործի շրջանակներում նույն նոտարին տրված բոլոր դիմումներն ու հայտարարությունները ներառվում են նույն նոտարական գործում: Քանի որ գրության մեջ նշվել է, որ Սարիբեկ Ղարիբյանը մահացել է 15.02.2008 թ. եւ Ալվարդ Ղարիբյանի կողմից Սարիբեկ Ղարիբյանի ժառանգությունն ընդունելու վերաբերյալ հայտարարություն է ներկայացվել մինչեւ 15.08.2008 թ., որն ընդունվել եւ գրանցվել է սեղանամատյանում, ապա հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1227 -րդ հոդվածի 1-ին մասը եւ 328 -րդ հոդվածի 3-րդ մասը՝ փաստվել է, որ Ալվարդ Ղարիբյանի կողմից ժառանգությունն ընդունելու վերաբերյալ հայտարարությունը եղել է սահմանված ժամկետում»:

– Դուք պահանջ ունե՞ք:

– Խդրել եմ դատախազից՝ Սամվել Ղարիբյանի եւ Ֆելիքս Սարգսյանի նկատմամբ վաղեմության եւ անձի մահվան հիմքով հանրային քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումները վերացնել, հարուցել քրեական հետապնդում նոտար Տիգրան Սարգսանի նկատմամբ: Քրեական գործը շարունակել, մեղադրանք առաջադրել բոլոր մեղավորներին, տուժողին տալ տուժողի կարգավիճակ:

Հարցազրույցը՝

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
16.03.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031