Լրահոս
Օրվա լրահոսը

Արծրուն Հովհաննիսյան. «Այն, ինչ ասել է վարչապետը «5-րդ շարասյան» մասին, ցավոք, ճշմարտություն է». «Հայկական ժամանակ»

Մարտ 19,2023 16:22

«Այն, ինչ ասել է վարչապետը «5-րդ շարասյան» մասին, ցավոք, ճշմարտություն է։ «5-րդ շարասյուն» կոչվածը միայն զինված ուժերում չէ, որ գործել է, բայց բանակն էլ միայն այդ շարասյան պատճառով չի պարտվել»:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է ռազմական փորձագետ, Պաշտպանության նախարարության նախկին աշխատակից Արծրուն Հովհաննիսյանը՝ ի պատասխան «5-րդ շարասյան» պատճառով 44-օրյա պատերազմում պարտվելու վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին մեր հարցին։

«44-օրյա պատերազմի ժամանակ իրենց կյանքը չխնայած հազարավոր հերոս հայորդիների կողքին, այո, մեզանում եղել են նաեւ դավաճանական գործողություններ իրականացրած ստորներ, ստահակներ։ Այդ ստահակները այսօր էլ, փաստորեն, շարունակում են իրենց սեւ գործը եւ նոր ձեռք բերված զենք-զինամթերքի մասին, ըստ իրավապահ մարմինների հաղորդագրությունների, հասցրել են տեղեկություններ փոխանցել հակառակորդին»,- նկատում է Հովհաննիսյանը, որը, հիշեցնենք, 44-օրյա պատերազմի օրերին ղեկավարում էր «Հայկական միասնական հարթակ» կենտրոնի ամենօրյա մամուլի ասուլիսները։

Արծրուն Հովհաննիսյանին հարցնում ենք՝ որպես ռազմի դաշտից եկած ինֆորմացիոն հոսքերին քաջածանոթ գործիչ՝ իրեն պատերազմի օրերին հասե՞լ են տեղեկություններ, թե այսինչ տեղում այսինչ մարդիկ հակապետական քարոզչություն են իրականացվում, խուճապ ու անորոշություն տարածում։ Վարչապետը, օրինակ, 2020 թ․ հոկտեմբերի 8-ի ֆեյսբուքյան իր գրառման մեջ ահազանգել էր, թե՝ «առաջնագծի հատվածներից մեկում ինչ-որ մարդիկ գնացել, կռվող զինվորներին համոզել են, որ «Նիկոլը հողերը ծախել է, սա իրականում պայմանավորված պատերազմ է, ձեզ էստեղ բերել, մսաղացի մեջ են գցել, որ կոտորեն, որ պայմանավորվածությունը չերևա, դիրքերը պահելը իմաստ չունի»։

Ի պատասխան՝ Պն նախկին աշխատակիցն ասում է․ «Անկեղծ ասած՝ հիմնական հոսքերից նման ինֆորմացիա չի հասել, բայց կային տարբեր ասեկոսեներ, խոսակցություններ, ես դրանց մասին նաեւ պարզաբանումներ եմ տվել Քննչական կոմիտեում։ Եթե անկեղծ ասեմ՝ պատերազմի թոհուբոհի մեջ, հարափոփոխ իրավիճակում, ցավոք, սկզբում ուշադրություն չենք էլ դարձրել նման խոսակցություններին, չենք էլ կարեւորել՝ կարծելով, որ եթե նման քարոզչություն անողներ կան, ապա դրանք այնքան թույլ ու մարգինալ կարող են լինել, որ չեն կարող ազդել իրավիճակի վրա։ Արդեն պատերազմից հետո պարզվեց, որ հեչ էլ թույլ չեն եղել, լավ էլ ազդեցություն են ունեցել, սկսեցին դեպքեր ու դրվագներ ի հայտ գալ, շատերը սկսեցին խոսել այդ մասին։ Պատերազմի օրերին, կրկնում եմ, նման ասեկոսեներին, որոնք գալիս էին զորքերից եւ կամավորականներից, կարեւոր տեղ չէի տալիս ու այդ մեծ ծավալը ընդհանուր հոսքերի մեջ չէի նկատում»։

Դիտարկմանը, որ պատերազմի օրերին 5-րդ շարասյունը շատ ակտիվ էր նաեւ սոցցանցերում, մասնավորապես մեծաթիվ հետեւորդներ ունեցող ֆեյք էջերը մարտական գործողությունների, «հողեր հանձնելու», վարչապետի ընտանիքի անդամների, պետական, ռազմական գործիչների, նաեւ՝ Արծրուն Հովհաննիսյանի մասին հայհոյախառն, ոչ նորմատիվային բառապաշարով գրառումներ էին կատարում, որոնք բազմաթիվ հավանումներ ու մեծ տարածում էին գտնում։ Արծրուն Հովհաննիսյանն ասում է.

«Այո, այդպիսի ֆեյքեր կային, բայց կային նաեւ ոչ ֆեյքեր, իրական օգտատերեր, որոնք կեղծ ինֆորմացիա էին տարածում, թե՝ «վայ, հակառակորդը էսինչ ուղղությամբ առաջ է եկել, այսինչ դիրքը վերցրեց, էսինչ ուղղությամբ մեր զորքերը նահանջեցին, այն մի վայրում տարհանում է իրականացվում» եւ այլն։ Այս քարոզչությունը, ի դեպ, տարվում էր նաեւ 44-օրյա պատերազմից հետո։ Սա նույնպես «5-րդ շարասյան» ձեռագիրն է։ Մի դրվագի մասին էլ նշեմ․ մարդիկ կային, չգիտեմ՝ ովքեր էին, որոնք ՀՀ ԶՈՒ տարբեր ստորաբաժանումները մարտական գործողությունների գոտի տեղափոխելուն խոչընդոտում էին, ճանապարհ էին փակում։ Սրանք «5-րդ շարասյուն» չեն, բա ի՞նչ են։ Այնքա՜ն բան կարելի է նշել, չեմ ուզում հիմա ամբողջ նեգատիվը վերհիշել»։

Նկատենք՝ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի քննարկման ժամանակ, որին ներկա էին ուժային կառույցների ղեկավարները, արծարծվեց նաեւ բանակում առկա արատավոր երեւույթների, այդ թվում՝ «5-րդ շարասյան» թեման, եւ խոսվեց դրա «գլուխը ջարդելու» անհրաժեշտության մասին։ Այս առնչությամբ Արծրուն Հովհաննիսյանը նկատում է՝ պետությունների կայացման գործում շատ կարեւոր է այն, թե որքանով է տվյալ պետությունը էֆեկտիվ իր ներսում հակապետական գործողությունները ոչնչացնելու հարցում։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Blog_H says:

    Իսկ երբ որ ահաւոր կերպով պարտւում էինք, իրենք իրենց հալին լքուած մեր առիւծ տղերքը վերածուած էին մսաղացի մթերքի, մէկ ու ամիս շարունակ՝ համայն հայութեան, բայց մանաւանդ՝ կռուող տղոց ընտանիքներին, տեւաբար ու ամեն օր յայտնել ու հաւաստիացնելը որ՝ յաղթո՛ւմ ենք, դա… ի՞նչ ա: Փոխանակ, մարդավարի նահանջ մը կազմակերպելու…

    Այս նիւթը դադրեցէք այլեւս քաղաքականացնել: Աստուծոյ սիրոյն, դադրեցէք:

    Եթէ լուրջ եւ իսկական փաստեր ունիք, զանոնք ներկայացուցած: Թէ ոչ, այս յիմարութիւններին վերջ դրէք: Առ ի յարգանք՝ նահատակներին:

    Մ. Հայդուկ Շամլեան

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031