Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Ո՞վ է հիմա առել Հովիկ Աբրահամյանի տունը, էդ մասին ասա, թող երեխեքն էլ լսեն». Վեճ՝ ԱԺ-ում. Գեղամ Նազարյանին ու Ասպրամ Կրպեյանին զրկեցին ձայնի իրավունքից

Մարտ 21,2023 12:03

Այսօր ԱԺ էին այցելել Աշոտ Նավասարդյանի անվան թիվ 196 դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները, օթյակից հետեւում էին նիստին:

Գեղամ Մանուկյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, դիմելով նրանց՝ ասաց. «Դուք կրում եք մի մարդու անուն ձեր դպրոցում, որն իր ամբողջ գիտակից կյանքում պայքարեց անկախության, պետականության համար: Այս օրերին այս դահլիճում հաճախ լսում եք խաղաղության դարաշրջան արտահայտությունը: Մի քիչ եթե ուսումնասիրեք Աշոտ Նավասարդյանի գործունեությունը, կտեսնեք, որ նրանց պատկերացմամբ խաղաղությունը չեն մուրում, թշնամու ամեն հարձակումից հետո պետական պաշտոնյաները թութակի պես չեն կրկնում՝ խաղաղություն: Խաղաղության համար պետք է ուղեղով աշխատել, պետք է չսողալ»:

Վահագն Ալեքսանյան

Հետո ՔՊ-ի հերթն էր: Վահագն Ալեքսանյանը, դիմելով աշակերտներին, ասաց. «Դուք վստահաբար սովոր եք լսել մարդկանց, ովքեր սիրում են իրենց ձեռքերը տաքացնել ուրիշների թափած արյան վրա: Դուք վստահաբար շատ կլսեք մարդկանց, ովքեր քարկոծում են խաղաղությունը, բայց դրա հետ մեկտեղ հարստացել են բանակի հաշվին: Շատ կլսեք մարդկանց, ովքեր փաստաբաններն են իրենց այն շեֆերի, որոնք ծակ գրպանով եկել են Երեւան, բայց հիմա դոլարային միլիոնատերեր են»:

Նիստերի դահլիճից Ասպրամ Կրպեյանը բղավեց՝ դատե՛ք: Ալեքսանյանը արձագանքեց. «Դատում ենք, շատ ենք դատում, օրական 4-5 հայցադիմում է գնում դատարան՝ ձեր թիմակիցների ապօրինի գույքի հետ կապված: Պարոն Արծվիկ Մինասյան, դուք նախարար եք եղել, ձեր վարչապետն եղել է Հովիկ Աբրահամյանը, ո՞նց կգնահատեք Հովիկ Աբրահամյանի տունը, ձեր ճաշակո՞վ է»:

Սա հունից հանեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանին, նա սկսեց տեղից գոռալ՝ «Ո՞վ է հիմա առել Հովիկ Աբրահամյանի տունը, էդ մասին ասա, թող երեխեքն էլ լսեն»: Ալեքսանյանը պատասխանեց. «Ինչքանով ես եմ տեղյակ, պատկանում է մի մարդու, ով երբեք քաղաքական պաշտոն չի զբաղեցրել, ՀՀ ոչ վարչապետ է եղել, ոչ նախարար է եղել, այդքանը հերիք է: Սիրելի՛ աշակերտներ, երբ որ տեսնում եք, որ որեւէ պետական պաշտոնյա հղփանում է այնքան, որ ոսկեզօծ պատերի մեջ է ապրում, արեք այն, ինչ պետք է անեք»:

Նիստը վարող ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը նկատողություն արեց ու զրկեց այս նիստի ընթացքում Գեղամ Նազարյանին ձայնի իրավունքից:

Ասպրամ Կրպեյանը նույնպես զրկվեց ձայնի իրավունքից ու ստացավ սպառնալիք՝ այնպես արեք, որ այլ սանկցիաներ չկիրառվեն:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Հովիկ Աբրահամյանի տան լուսանկարը՝ «Հետքի»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031