Լրահոս
Օրվա լրահոսը

Գառնիկ Իսագուլյան․ «Որքան ուզում են մեր արեւմտամետները, աշխարհի տարբեր վերլուծաբանները ճղճղան, միեւնույն է, Արեւմուտքը պարտվելու է»

Մարտ 29,2023 16:49

«Պատերազմը դեռ շարունակվելու է, որովհետեւ Արեւմուտքը շատ լավ հասկանում է, որ Ուկրաինայում ՆԱՏՕ-ի պարտությունը Ռուսաստանին, ըստ էության, ՆԱՏՕ-ի, ընդհանրապես Արեւմուտքի մահ է նշանակում, միաբեւեռ աշխարհի իսպառ վերացում է եւ աշխարհի կենտրոնի տեղափոխումը Արեւելք: Սա այնքան պարզ ու միանշանակ է, որ, կարծում եմ, Արեւմուտքն իսկապես մինչեւ վերջին ուկրաինացին կռվելու է: Նույնիսկ փորձելու է պատերազմի մեջ ներքաշել Արեւելյան Եվրոպայի որոշ երկրներ: Բայց որքան ուզում են մեր արեւմտամետները, աշխարհի տարբեր վերլուծաբանները ճղճղան, միեւնույն է, Արեւմուտքը պարտվելու է: Սա նույնպես այնքան պարզ է, որքան 20-րդ դարի սկզբին էր: Այն ժամանակ, որքան էլ ցավալի է, Հայաստանի քաղաքական վերնախավը դա չկարողացավ հասկանալ: Ու տարօրինակ է, որ ուղիղ մեկ դար հետո նույն երեւույթները կրկնվում են ու էլի, ցավոք սրտի, հայաստանյան իշխանությունները չեն կարողանում դա գիտակցել»,- այսօր «Հայելի» ակումբում ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը:

Անդրադառնալով օրերս Մոսկվայում կայացած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինի հանդիպմանը, որի ընթացքում փոխհամագործակցության բավականին լուրջ պայմանավորվածություններ ձեռք բերվեցին, որոնք էլ ավելի են ամրացնում այդ երկրների կապը, Գառնիկ Իսագուլյանն ասաց. «Դա միայն Ռուսաստան-Չինաստան կապը չէ: Ռուսաստան-Չինաստան-Իրան: Հիմա շատ ակտիվ բանակցում են նաեւ Հնդկաստանի, արաբական աշխարհի, աֆրիկյան որոշ պետությունների հետ: Այսինքն, այս կոալիցիան, որ նոր ձեւավորվելու է, ամենեւին չզարմանաք, ապագայում կարող է նույնիսկ ՄԱԿ-ին փոխարինել: Եվ Արեւելքը կարող է դառնալ թելադրող այնպես, ինչպես եղել է հազարամյակներ: Այդ պարագայում Արեւմուտքը կդառնա ինչ-որ սպառման վայր: Շատերի համար սա գուցե թվում է անիրական: Ժամանակին, երբ Նապոլեոնը խոսում էր Չինաստանի մասին ասում էր, Չինաստանը քանի դեռ քնած է, թողեք քնած էլ մնա: որովհետեւ եթե արթնացավ, ես հիմա Նապոլեոնին բառացի չեմ ցիտում, ապա դա ըստ էության լինելու է Արեւմուտքի մահը: Կյանքը ցույց է տալիս, որ Նապոլեոնը ճիշտ է: ՀՆԱ-ով Չինաստանն արդեն անցել է ԱՄՆ-ից, ռազմական պոտենցիալով Ռուսաստանն աշխարհում թիվ մեկն է: Այսինքն, այլեւս աշխարհում թիվ մեկ Միացյալ Նահանգներ գոյություն չունի: Եվ Արեւելքը դառնում է թելադրող:

Մեր եւ մեզնից առաջվա սերունդը չի հիշի մի այնպիսի վիճակ, որ ԱՄՆ նախագահը մեկ ամսից ավելի խնդրում է, որպեսզի մեկ անգամ զանգի Չինաստանի ղեկավարին եւ այդ զանգը չի լինում, որովհետեւ Չինաստանի ղեկավարը զբաղված է եւ ժամանակ չունի պատասխանելու ԱՄՆ նախագահի զանգին:

Այսպիսին է իրավիճակը: Եվ պատկերացրեք, որ այս իրավիճակում Հայաստանի իշխանությունները հանկարծ ՍԴ-ով, որտեղ նստած են տիեզերական մասշտաբների կարկառուն իրավաբաններ, անցկացրին Հռոմի ստատուտը: Ի՞նչ է դա նշանակում: ՀԱՊԿ անդամ պետության, ԵԱՏՄ անդամ պետության, չգիտեմ, ԱՊՀ անդամ պետության, իր ռազմավարական դաշնակից երկրի ղեկավարին այս իշխանությունը պարտավորվում է կալանավորել, չնայած այդպիսի բան չի լինի, եւ հանձնել Հաագայի դատարան: Եվ դա այն դեպքում, երբ այդ դատարանը թքած ունի իր որոշման վրա՝ Արցախում Լաչինի միջանցքի բացման վերաբերյալ: Ու այս ընթացքում Ադրբեջանը չկատարելով Հաագայի դատարանի որոշումը՝ Ռուսաստանին պարզ ցույց է տալիս, որ ինքը նրա հետ է, իսկ Հայաստանն այս փաստաթուղթը վավերացնելով ցույց է տալիս, որ ինքը Ռուսաստանի թիվ մեկ թշնամին է»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031