Լրահոս
Օրվա լրահոսը

44-օրյայում զոհվածների ծնողները մեկնում են Սյունիք. փորձելու են Տեղ գյուղի անցակետով մտնել Բերձորի միջանցք

Մարտ 31,2023 11:56

44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները, հասարակական-քաղաքական գործիչներ, այսօր ժամը 13.00-ին Եռաբլուր պանթեոնից շարժվելու են դեպի Սյունիք: Այցի նպատակն է՝ տեղում պարզել, թե ինչպե՞ս են երեկ ադրբեջանական զինուժի ստորաբաժանումները հաջողել ներխուժել ՀՀ ինքնիշխան տարածք: Այս պահին Սյունիք մեկնող խաղաղ ցույցի մասնակիցներն արդեն Եռաբլուրում են:

Aravot.am-ի հետ զրույցում, 44-օրյա պատերազմում զոհված Հայկ Մելիքյանի մայրը՝ Նաիրա Մելիքյանը տեղեկացրեց, որ Եռաբլուրից հայտարարություն են տարածելու՝ ակնկալիքով, որ հանրային այլ շրջանակներ ևս կմիանան իրենց նախաձեռնությանը։

Ի դեպ, նա փոխանցեց, որ ՊՆ-ի ներկայացուցիչները թույլ չեն տալիս, որպեսզի զոհվածների ծնողները Եռաբլուրի տարածքից հնչեցնեն իրենց կոչ-հայտարարությունը՝ ասելով, որ այդ տարածքում տեսանկարահանումներ չեն թույլատրվում:

Նաիրա Մելիքյանը տեղեկացրեց, որ փորձելու են հասնել Սյունիքի Տեղ գյուղում տեղակայված հայկական անցակետ ու անցնեն այն. «Հաագայի դատարանի որոշում կա, որ Բերձորի միջանցքը պետք է բացվի, Ալիեւն էլ առավոտից-իրիկուն հայտարարում է, որ ճանապարհը բաց է։ Հիմա մենք գնում ենք այնտեղ, եթե կարողանանք տեսնել դիտորդներին, ապա հարցեր կուղղենք միջազգային դատարանի որոշման ու դրա չկատարման վերաբերյալ։ Մենք, իհարկե, փորձելու ենք հասնել մինչեւ Լաչինի միջանցք, բայց մինչ այդ կա Փաշոեւի հայկական անցակետը ու հնարավոր է՝ մեզ թույլ չտան անցնել»։

Ակցիայի մասնակիցները ցանկանում են սեփական աչքերով տեսնել, թե ադրբեջանական զինուժը որքա՞ն է մխրճվել հայկական տարածք եւ տեղում գտնվող պատասխանատուներից ստանալ պարզաբանումներ, թե ինչպե՞ս է դա հնարավոր եղել:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031