Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԹԿՊԻ-ում Սոս Սարգսյանի հիշատակին նվիրված գիտաժողով է կազմակերպվել

Ապրիլ 14,2023 12:17

Նախօրեին Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում կայացավ Ուսանողական գիտական ստեղծագործական ընկերության կազմակերպած հանրապետական երիտասարդական գիտաժողովը, որը նվիրված էր Սոս Սարգսյանի վառ հիշատակին։ Այն իրականություն է դարձել Համազգային հայ կրթական և մշակութային միության աջակցությամբ։

«Արվեստը ժամանակի մեջ, ժամանակը` արվեստի» խորագրով գիտական նստաշրջանը նախագահում էր ԵԹԿՊԻ-ի Ուսումնագիտական աշխատանքների գծով պրոռեկտոր, արվեստագիտության թեկնածու, պրոֆեսոր Նարինե Սարգսյանը։

Պրոֆեսորն իր ելույթում ընդգծեց, որ նմանօրինակ գիտաժողովները կարևոր բաղադրիչ պետք է լինեն ստեղծագործական բուհի համար։ Ն. Սարգսյանը նաև արժևորեց Սոս Սարգսյանի ավանդը թատերարվեստի և կինոարվեստի ոլորտներում, արվեստի կրթության կազմակերպման ասպարեզում։

-1998 թվականին Սոս Սարգսյանն ու Հրաչյա Գասպարյանը հուրախություն մեզ եկան թատերական ինստիտուտ, որովհետև նրանք կանգնած էին երկընտրանքի առաջ՝ գնալ Սունդուկյան թատրոն կամ գալ մեր ինստիտուտ։ Ընտրությունը եղավ մեր բուհը։ Այդ պահից սկսեցին վերակենդանացնել արվեստի օջախը․ ստեղծվեց թատրոն, հիմնովին վերանորոգվեցին լսարաններն ու միջանցքները, պատերին տեղ գտան նկարներ պատկերասրահի պահոցից, իսկ ընդմիջումներին հնչում էր Առնո Բաբաջանյանի երաժշտությունը։ Մի խոսքով՝ ռոմանտիկ ստեղծագործական մթնոլորտ ստեղծվեց, որի արդյունքում մենք սիրեցինք մեր բուհը։

Բախտ եմ ունեցել տասը տարի աշխատել Սոս Սարգսյանի ղեկավարած բուհում, որից հինգ տարին անմիջապես նրա կողքին լինել, քանի որ այդ ժամանակ Թատրոնի և կինոյի ֆակուլտետի դեկանն էի,- հիշեց Նարինե Սարգսյանը՝ հավելելով,- Սոս Սարգսյանն իսկական հեղաշրջում արեց մեր ինստիտուտում։ Այսօր նրա շնորհիվ ենք թատրոնի և կինոյի ինստիտուտ։ Նա կինոթևը բերեց և կարևորեց կինոմասնագետների պատրաստումը և թողարկումը Հայաստանում։ Բացի այդ, նա պարարվեստի ռեժիսուրա մասնագիտությունը դաշտ բերեց։ Սոս Սարգսյանը շատ էր կարևորում բուհի մասնաճյուղերի գործունեությունը, նշելով, որ դրանք ռազմավարական նշանակություն ունեն և մարզային թատրոնների գոյությունը պահպանելու, զարգացնելու համար շատ կարևոր օջախներ են։ Սոս Սարգսյանն իսկական քաղաքացի էր․ իր երկրի և՛ տերն էր, և՛ ծառան։ Այդ ամենի հետ` անսահման բարի էր․․․,-եզրափակեց պրոֆեսոր Նարինե Սարգսյանը՝ հաջողություն մաղթելով գիտաժողովի աշխատանքներին։

Գիտաժողովին բուհի ուսանողներից բացի, մասնակցում էին նաև հրավիրյալ ուսանողներ հայաստանյան տարբեր բուհերից:

 

ԵԹԿՊԻ-ի Ուսանողական գիտական, ստեղծագործական ընկերության նախագահ Վովա Արզումանյանը նշեց, որ գիտաժողովի խորագրի ներքո փորձել են այնպիսի մասնագիտական ուղղություններ ընդգծել և ներառել այնպիսի զեկույցներ, որոնք այսօր և ապագայում նույնպես կարևոր են ժամանակակից արվեստի, ինքնության պահպանման, արժեքները գնահատելու և վերարժևորելու տեսանկյունից։

-Արվեստով վերահայտնագործում ենք մեզ, մեր ժամանակը, ժամանակի մեջ մեր սպասումները, սպասումների մեջ մեր վաղը։ Այսպիսով, Ուսանողական գիտական, ստեղծագործական ընկերությունն իր գործունեության հիմքում ունենալով հստակ նպատակներ և ծրագրեր` ձեռնամուխ է եղել ստեղծելու տարբեր հարթակներ` ուսանողների գիտական և ստեղծագործական մտքի արդյունքը ներկայացնելու և նոր ճանապարհներ բացելու համար,- ասաց Վովա Արզումանյանը՝ ընդգծելով, որ գրախոսման փուլը հաղթահարած բոլոր հոդվածները լույս կտեսնեն առանձին ժողովածուով։

 

Իզա ԱՍԾԱՏՐՅԱՆ

 

ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 4-րդ կուրս

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930