Լրահոս
Օրվա լրահոսը

Հաճախ արվեստը դառնում է ամենադժվար խնդիրների մասին խոսելու միակ ձևը. կինոաշխարհի մի շարք ներկայացուցիչներ պարգևատրվել են ԿԳՄՍՆ ոսկե մեդալներով

Ապրիլ 14,2023 16:40

Հայ կինոյի 100-ամյա հոբելյանի առթիվ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի հրամանով կինոոլորտի մի շարք ներկայացուցիչներ պարգևատրվել են նախարարության ոսկե մեդալներով, պատվոգրերով և շնորհակալագրերով:
ԿԳՄՍ նախարարը, շնորհավորելով կինոգործիչներին և շնորհակալություն հայտնելով նրանց կատարած աշխատանքի և գործադրած ջանքերի համար, կարևորել է մարդկային ներդրման արժևորումը:

«Խոսելով հայ կինոյի 100-ամյակից՝ մենք առաջին հերթին խոսում ենք կոնկրետ մարդկանց և նրանց ներդրման մասին, քանի որ հայ կինոյի 100-ամյակը վերացական ժառանգություն չէ: Մեր պարտավորությունն է նաև արժևորելու այդ ներդրումը: Հուսով եմ՝ գնահատանքի այս ձևը ձեզ խրախուսելու է՝ ունենալու մասնագիտական և ստեղծագործական նորանոր հաջողություններ: Չնայած տեխնոլոգիաները և ժամանակները փոխվում են, բայց կինոն մեր կյանքում շարունակում է մնալ և լինել արվեստի ձևերից այն կարևորագույնը, որը հանրության լայն հատվածներին առնչում է արվեստին, հետևաբար կինոն, ինչ-որ առումով, ներկայացնում է նաև արվեստի դեմքը հանրության առջև»,- ընդգծել է Ժաննա Անդրեասյանը:

ԿԳՄՍ նախարարը կարևորել է կինոյի միջոցով մեր իրականության կարևորագույն խնդիրներից խոսելու անհրաժեշտությունը՝ ընդգծելով, որ արվեստը միշտ խոսակցություն է. «Հաճախ արվեստը դառնում է ամենադժվար խնդիրների մասին խոսելու միակ ձևը: Հուսով եմ՝ այսօրվա գնահատանքը կօգնի շարունակելու այդ խոսակցությունը և անդրադառնալու նոր խնդիրներին»:

ԿԳՄՍ նախարարության ոսկե մեդալներով պարգևատրվել են «Բարս մեդիա» ընկերությունը՝ պատմականության և գեղարվեստականության բացառիկ համադրման և հայ կինոարվեստի միջազգայնացման գործում ունեցած ավանդի համար, Արմեն Ղազարյանը՝ հայ կերպարվեստի և կինոարվեստի զարգացման գործում ունեցած ներդրման և բարձր գեղարվեստական չափանիշների հաստատման համար, Վահագն Տեր-Հակոբյանը՝ հայ օպերատորական արվեստի կայացման և զարգացման գործում ունեցած վաստակի համար, Արամ Շահբազյանը՝ կինոարվեստում բարձր պրոֆեսիոնալ չափանիշների հաստատման և հեղինակային կինոյի զարգացման գործում ունեցած ավանդի համար, Նաիրա Մուրադյանը՝ հայ անիմացիոն արվեստի զարգացման և բարձր գեղարվեստական չափանիշների հաստատման համար, Ջիվան Ավետիսյանը՝ հայ կինոյի և արցախյան հիմնախնդիրը կինեմատոգրաֆիական լեզվով միջազգայնացնելու համար և Անի Ոսկանյանը՝ համատեղ կինոարտադրության շրջանակների ընդլայնման և հեղինակային կինոյի զարգացման գործում ունեցած ավանդի համար:
Կինոաշխարհի մի շարք ներկայացուցիչներ արժանացել են շնորհակալագրերի և պատվոգրերի: Ցանկը կցվում է:

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930