Վարչական դատարանում հարցրին փորձագետին
ՀՀ վարչական դատարանում (դատավոր՝ Կ. Զարիկյան) շարունակվում է «Սասուն» ազգագրական երգի-պարի համույթի ղեկավար, «Գաթա բենդ»-ի համահիմնադիր Անդրանիկ սարկավագ Մանուկյանի հայցն ընդդեմ Երեւանի քաղաքապետարանի գործով դատական նիստը: Հերթական անգամ նիստից բացակայում էր Երեւանի քաղաքապետարանը: Դատարան էին ներկայացել երրորդ անձ ճանաչված «Օկտագոն» ՍՊ ընկերության ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Խուրշուդյանը, Անդրանիկ Մանուկյանը եւ նրա ներկայացուցիչներ Վահե Սեդրակյանն ու Ալբերտ Կանդալյանը (լուսանկարում):
Դատարանին էր դիմել փաստաբան Թամա Դարյանը, որը խնդրել էր իր վստահորդին՝ Մերի Լալայանին այս գործով ճանաչել երրորդ անձ, քանի որ նրա շահերն են շոշափվում այս գործով նույնպես. «Քանդել են Լալայանի տունը, կառուցապատողն անօրինական գործողություններ է կատարել տարածքում, առանց Լալայանի համաձայնության»: «Օկտագոն» ընկերությունն առարկեց, հայտնելով, որ ընդդեմ կառուցապատողի հայցադիմում կա դատարանում, իսկ դատարանը մերժեց նորահայտ կողմին:
Կարդացեք նաև
Մայիսի 30-ին վարչական դատարան էր հրավիրվել «Պրոէքսպերտ» ՍՊԸ-ի փորձագետ Տիգրան Ալեքսանյանը:
Հիշեցնեմ, որ այս գործով դատարան հրավիրված տարատեսակ փորձագետները պատասխանում են վիճարկվող շինարարության թույլտվությանը, որով Երեւան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Թումանյան փողոցի 2-րդ անցուղի 5/9 բնակելի տան հասցեում իրականացնում են բազմաբնակարան՝ տասներկուհարկանի բնակելի շենքի կառուցման աշխատանքներ:
Մասնավորապես, «շինարարատեխնիկական փորձաքննության թիվ ԷԸ-22/Պ-0002/1 եզրակացության համաձայն, «շինարարատեխնիկական փորձաքննություն» մասնագիտացմամբ դատական փորձագետի որակավորում ունեցող Արման Արսենյանը գտել էր, որ Երեւան քաղաքի Թումանյան փողոցի 2-րդ անցուղի 5/4 հասցեին հարակից կառուցվող Թումանյան փողոցի 2-րդ անցուղի 5/9 հասցեի բազմաբնակարան բնակելի համալիրի փաստացի տեղակայմամբ խախտվում են ՀՀՇՆ 30-01-2014 «Քաղաքաշինություն. Քաղաքային եւ գյուղական բնակավայրերի հատակագծում եւ կառուցապատում» շինարարական նորմի թիվ 79, 80, 297, 300, 439 եւ 449 եւ ՀՀՇՆ 21-01-2014 «Շենքերի եւ շինությունների հրդեհային անվտանգություն» շինարարական նորմերի թիվ 149, 150, 151, 152 կետերի պահանջները եւ որ Երեւան քաղաքի Թումանյան փողոցի 2-րդ անցուղի 5/9 հասցեի բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցմամբ Անդրանիկ Մանուկյանը զրկվում է իրեն ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող Թումանյան փողոցի 2-րդ անցուղի 5/4 հասցեի հողամասը լիարժեք տնօրինելու եւ տիրապետելու՝ ըստ նպատակային նշանակությամբ՝ «բնակելի կառուցապատման», իրավունքից, քանի որ բազմաբնակարան բնակելի շենքին կից կառուցապատումը կառաջացնի վերը թվարկված քաղաքաշինական նորմերի խախտումներ:
Հարցեր են տրվում կառուցապատվող շենքի եւ Ա. Մանուկյանի սեփականության միջեւ առկա հեռավորության առնվազն 18 մետրով պահպանված չլինելու հանգամանքի վերաբերյալ: Ըստ «Պրոէքսպերտ» ՍՊԸ ներկայացուցչի՝ 28.03.2022թ. եզրակացության համաձայն՝ Թումանյան փ., 2-րդ անցուղի, 5/9 հասցեն հանդիսանում է վերակառուցվող տարածք: Հիշյալ փորձագիտական եզրակացությամբ նշվել է, որ Թումանյան փողոց, 2-րդ անցուղի, 5/9 հասցեում կառուցվող շենքը չի կարող ազդել Թումանյան փողոց, 2-րդ անցուղի, 5/4 շենքի ինսոլյացիայի եւ լուսավորվածության վրա: Սա այն դեպքում, երբ 2022-ին նույն վարչական դատարանը փաստել էր իր մի որոշմամբ. «Դատարան ներկայացված ապացույցների հանրագումարն առաջացնում է հիմնավոր ռիսկեր, որ վիճարկվող շինարարության թույլտվությամբ նախատեսված աշխատանքները կարող են ազդել հայցվորին պատկանող գույքի վրա: Տվյալ պահին հնարավոր չէ բացառել, որ շինարարությամբ կարող են առաջանալ հայցվորին պատկանող գույքի պահպանման լուրջ խնդիրներ: Նման պայմաններում այս պահին եղած տվյալների հիման վրա անհրաժեշտ է կասեցնել վիճարկվող ակտի կատարումը՝ վերեւում նշված ռիսկերն ապահովագրելու նպատակով»:
Ըստ եզրակացության, կառուցվող բազմաբնակարան շենքը համապատասխանում է ՀՀ-ում գործող ՀՀ ՇՆ 30-01-2014 «Քաղաքաշինություն. Քաղաքային եւ գյուղական բնակավայրերի հատակագծում եւ կառուցապատում», «Շենքերի եւ շինությունների հրդեհային անվտանգություն», «Սեյսմակայուն շինարարության նախագծման պահպանում, նորերի ներգրավում, անավարտ շինարարության պահպանում» նորմերին, այսինքն, քաղաքաշինության նորմերի համապատասխան:
Փորձագետ Ալեքսանյանն ասաց, որ պատվիրատու «Օկտագոն» ընկերության կողմից իրեն է տրամադրվել փաստաթղթերը, ըստ նրա, շինարարությունը կատարվում է այնտեղ, որտեղ նախագծված է: Հարցին, թե նախագծին ծանո՞թ է, պարզվեց՝ ոչ: «Նախագծի ուսումնասիրություն չեմ արել»,-ասաց 2014թ.-ից փորձագետ Տ. Ալեքսանյանը:
Հիշեցնեմ, որ հայցվոր Ա. Մանուկյանը բարձրաձայնում է կառուցապատվող շինության հնարավոր բացասական ազդեցության հարցի մասին՝ իր սեփականության նկատմամբ՝ նախանշված հեռավորությունները պահպանված չլինելու, սեյսմակայունության տեսանկյունից, իսկ ներկայացուցիչները փորձագետներին հարց տալիս կարեւորում են փորձագետների տեղում լինելու հանգամանքը, հարցնում են՝ դուք նախագծով, փաստաթղթերո՞վ եք հանգել տվյալ եզրակացությանը, եղե՞լ եք տեղում, ո՞վ է պատվիրատուն եզրակացություն տալու համար…
Ըստ հայցվոր Անդրանիկ Մանուկյանի՝ շինարարական աշխատանքները կատարվում են սեփականության իրավունքով իրեն պատկանող հողամասի մի հատվածում:
Թե դատավորը, թե փաստաբանները հարցրեցին փորձագետին.
– Ուսումնասիրե՞լ եք Անդրանիկ Մանուկյանի հողամասից դեպի շինարարություն հեռավորությունը, պահպանվե՞լ է, ինչին ի պատասխան՝ փորձագետն ասաց. «Խնդրո առարկա շենքը կառուցված է «Օկտագոնի» սեփական տարածքում: Փաստացի հեռավորությունից հեռավորություն չափագրում եմ կատարել»:
– Ո՞ր քարտեզներից եք օգտվել, արդյոք ունեցե՞լ են ծածկագրեր:
Փորձագետը հաճախակի էր կրկնվում, վերահաստատում իր եզրակացությունից մեջբերումները, երբեմն ստանձնում նիստը վարողի դեր, ասելով՝ կպատասխանի հարցերին, չի պատասխանի, կամ թե հնչել է հարցը…
Դատական հաջորդ նիստը նշանակվեց օգոստոսի 21-ին:
Դատարանը կլսի փորձագետ Արտյոմ Թումասյանին, որը ներկայացել էր դատարան, սակայն չհասցրեց պատասխանել կողմերի հարցերին:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
05.06.2024




















































