Իրավապահները շարունակում են Բագրատ սրբազանի գլխավորած շարժման անդամների դեմ շինծու գործեր հարուցել։
Նման մի մեղադրանք էլ Դիմադրության շարժման ժամանակ հարուցվել էր քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի նկատմամբ, ում մեղադրում էին մարդկանց փողով հանրահավաքի բերելու համար: Նա «Հրապարակ»-ի հետ զրույցում շեշտում է՝ իշխանությունը մեծ հանրահավաքներից առաջ այսօրինակ գործեր է «կարում»՝ հանրությանը վախեցնելու համար։ Չալաբյանի խոսքով՝ «Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ կետը, որը սահմանում է «հանրահավաքին մասնակցելը կամ խանգարելը», իշխանությունը հակասահմանադրական ճանապարհով լրացրել է մեկ արտահայտությամբ՝ «նյութապես շահագրգռել»։ Մինչդեռ դա, ըստ Չալաբյանի, չպետք է լինի քրեորեն հետապնդելի, որովհետեւ մարդուն նյութապես շահագրգռելը կամավորություն է ենթադրում, մարդը կարող է շահագրգռվել կամ հրաժարվել, ի տարբերություն հարկադրանքի կամ շանտաժի, որը համարվում է բռնություն։
«Իշխանությունն այս կետը լրացրել է գաղտնի ընթացակարգով՝ 2022-ի այն ամիսներին, երբ ընդդիմությունը բոյկոտել ու ԱԺ չէր գնում։ Սա հակասահմանադրական է, մենք վերաքննիչ դատարան բողոք ենք ներկայացրել, որպեսզի դատարանը դիմի Սահմանադրական դատարան՝ այդ հոդվածի լրացման սահմանադրականությունը ստուգելու համար»,- նշեց նա։ Նյութապես շահագրգռելու հոդվածով կարող են քրեորեն պատժվել նաեւ այն անձինք, ովքեր կփորձեն, ասենք, իրենց ընկերոջը մեքենայով բերել հանրահավաքի կամ, օրինակ, 1 շիշ ջուր հյուրասիրել, հանրահավաքի եկած ընկերոջ համար խաչապուրի առնել։
«Օրինակ, եթե դուք ձեր ընկերոջն ասեք՝ կգա՞ս հանրահավաք, ես իմ մեքենայով կտանեմ, ֆորմալ տեսանկյունից համարվում է նյութապես շահագրգռել։ Այդ հոդվածի ամենաաբսուրդը հենց սա է նաեւ, քանի որ խոսք չի գնում ֆինանսապես շահագրգռելու մասին։ Նյութապես շահագրգռել է նշանակում նաեւ հանրահավաքի վայրում ջուր բաժանելը։ Այս հոդվածը բացարձակ հակասահմանադրական է»,- նշեց նա։
Կարդացեք նաև
Լիա ՍԱՐԳՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:


















































