Մեծ էր մեր գյուղը։ Մեկ տասնյակից ավելի անուն ունեցող թաղերով։ Դրանցից ամենքն իր անունը ստացել էր թաղի մեծ ընտանիքի ազգանվան պատվին՝ Քյալունց թաղ, Հայրունց թաղ, կամ տարածքի աղբյուրի պատվին՝ Երե ճիրին թաղ, Մաչի ճիրին թաղ, կամ հասարակական կառույցների պատվին՝ Մանկապարտեզին թաղ, Ճեղացեն թաղ, Շկոլեն թաղ, Մագազինին թաղ, Ստալավոյեն թաղ, Կլուբեն թաղ եւ այլն։
Մեր տունը Մանկապարտեզին թաղում էր։ Մի ճանապարհ ներքեւ Ճեղացին թաղն էր։
Ճեղացը, իմ հիշելով, գյուղի մեջ միակ էլեկտրական ալրաղացն էր։ Հարեւան գյուղերից էլ էին էստեղ ցորեն, գարի բերում աղում։ Պարկերը բարձում էին ձիերին, բերում դարսում Ճեղացի դռանը, սպասում իրենց հերթին։ Հերթն էլ, երբեմն, կարող էր հասնել մի ամիս հետո։ Էդպես էր: Գյուղացիք մաքուր հաշվարկով գիտեին, որ մինչեւ իրենց հերթը հասնելը դեռ հացի ալյուր ու անասնակեր ունեն։ Ջաղացպանը շատ կարդացած, գյուղում մեծ հարգանք վայելող մարդ էր։ Երկարահասակ, նիհար, մեջքը ձիգ, թասակը գլխին, չիբուխն էլ, երբ տեսնեիր, բերանում էր։ Աղացի հերթը արդար էր պահում։
Մենք ձի կամ ավանակ չունեինք, էդ պատճառով, ցորենի պարկը մաս-մաս պիտի անեինք, որ հեշտ տանեինք աղալու։ Առավոտյան պարկը կիսեցինք, կշռեցինք կախովի, զսպանակավոր կշեռքով։ Քսանհինգ կիլոգրամ էր։ Ես վերցրեցի պարկը, տատիս հետ ճանապարհվեցինք Ճեղաց։ Ծանր էր, քսան մետր գնում էինք, տատս անհանգստանում էր՝ «Վեր տիր, վեր տիր, դինջաց պատառ»։ Ցած էի դնում, մի քանի րոպե զրուցում էինք ու էլի գնում։ Տատս ուզում էր օգնել ինձ՝ «Պեր ղրաղան ես փռնիմ»։ Ես չէի թողնում՝ «Չէ՜ թիթեւ ա, Պապունց Մամ, եկ»։ Մինչեւ Ճեղաց ութ անգամ հանգստանալու համար կանգնեցինք։ Հասանք, ջաղացպանը առաջ եկավ, վերցրեց մեր բեռը, տարավ դրեց հերթով շարված պարկերի վերջում։ Մեզ ասաց, որ հենց աղա, տեղյակ կպահի. «Աղամ, դիյող կանիմ»։ Մեր հաշվարկով յոթ օրից պատրաստ կլիներ։
Երեկոյան, արդեն մութն ընկած, տատիս թեյը լցրեցի, դրեցի, դրսից ձայներ լսվեցին։ Նայեցինք, դարպասի առաջ ձի էր, շալակին կիսով չափ լի ալյուրի պարկ։ Ձիապանը, որ մի ամոթխած երիտասարդ էր, ձեռքի երեք շարժումով ձիու մեջքից գետնին իջեցրեց պարկը։ Ջաղացպանի տղան էր։ Մեր հերթը առաջ էին գցել, իրենց ձիով էլ բերել։ Ես ու տատս իրար նայեցինք։ Իջանք։ Տատս երիտասարդին օրհնեց, ճանապարհ դրեց, դարպասը փակեց, ես էլ ալյուրը տարա ներս։ Էդպիսին էին մեր գյուղի տղամարդիկ՝ կնոջը չարչարանքից հեռու պահող։ Կանայք էլ՝ օրհնանքը բերաններին։
Դա վերջին անգամն էր, որ մենք Ճեղաց ցորեն տարանք աղալու։
Դրանից հետո եղավ Հաղթանակը։
Փակ ճանապարհները բացվեցին։
Արցախ աշխարհի հացերն էլ սպիտակեցին։
Արդեն սպիտակ ալյուր էինք բերել տալիս քաղաքից…
Ասթինե ՔԱԼԱՇՅԱՆ
Արցախ, Մեծ Թաղեր
«Առավոտ» օրաթերթ
05.06.2024


















































