Լրահոս
Օրվա լրահոսը

Թույլ, համակերպվող կեցվածքի ծանր հետեւանքները

Հունիս 06,2024 12:00 Share

Սկիզբը՝ այստեղ:

Պաշտոնական Բաքուն չի հրաժարվում Հայաստանին ծնկի բերելու քաղաքական գծից

Ադրբեջանի նախագահի մոտ վերջին շաբաթներին ոգեւորության որոշակի աճ է նկատվում` Հայաստան-Ադրբեջան սահմանների որոշման գործընթացի վերաբերյալ: Առանց խաղաղության համաձայնագրի ստորագրման մեկնարկած գործընթացը, անշուշտ, ոգեւորիչ է պաշտոնական Բաքվի համար: Ալիեւն այնքան է ոգեւորված այս գործընթացով, որ Հայաստանի հասցեին նորանոր մեղադրանքներ է հնչեցնում:

Բելառուսի նախագահի` Ադրբեջան կատարած այցից անմիջապես հետո, Ալիեւը նկատեց «սահմանների որոշման գործընթացի առաջին դրական արդյունքները»: Ներկայումս ընթանում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանների որոշման գործընթացը, եւ «տեսնում ենք այս գործընթացի առաջին դրական արդյունքները», նշեց Ադրբեջանի նախագահը։ Ալիեւն ընդգծեց, թե սա հույս է ներշնչում, որ երկար ընդմիջումից հետո «Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ կարող է խաղաղության պայմանագիր ստորագրվել»։ «Մենք ողջունում ենք Իրանի աջակցությունն այս հարցում», – ասել էր նա` իրանցի գործընկերոջ հետ հանդիպմանը։

Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետը Տավուշի ու Ղազախի սահմանագծի 4 գյուղերի հատվածում սահմանազատումը օրեր առաջ «մեծ հաջողություն» էր որակել։ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները մայիսի 15-ին ստորագրեցին ԽՍՀՄ ԶՈՒ գլխավոր շտաբի 1976թ. քարտեզով Բաղանիս– Բաղանիս Այրում, Ոսկեպար– Աշաղը Ասկիպարա, Կիրանց– Խեյրումլի եւ Բերքաբեր– Կըզըլ Հաջիլի բնակավայրերի միջեւ սահմանագծի համաձայնեցման մասին արձանագրությունը։ Իշխանությունների պնդմամբ՝ սա ԽՍՀՄ վերստուգված ամենավերջին քարտեզներն են: Երեւանի ու Բաքվի ավելի վաղ ձեռք բերած պայմանավորվածության համաձայն՝ այս հատվածներն այլեւս համարվում են սահմանազատված։

Ալիեւը նաեւ ընդգծել էր, թե տարածաշրջանի զարգացումը պետք է ապահովվի տարածաշրջանում ապրող ժողովուրդների կամքով։ «Ոչ տարածաշրջանային երկրների միջամտությունը մեր գործերին անընդունելի է»,- նշել էր նա՝ շարունակելով. «Ես կարծում եմ, որ Հայաստանը չպետք է սխալ քայլ կատարի՝ տարածաշրջանային խնդիրները պետք է լուծվեն տարածաշրջանի երկրների անմիջական մասնակցությամբ ու կամքով»։

Մայիսի 20-ին Լատվիայի խորհրդարանի խոսնակի հետ հանդիպման ժամանակ նույնպես Ադրբեջանի նախագահը լավատեսական նոտաներով հայտարարություններ արեց: «Այս պահին խաղաղ օրակարգում առաջընթաց արձանագրելու շատ լավ եւ բարենպաստ հնարավորություններ կան: Այն բանից հետո, երբ Ադրբեջանը վերականգնեց իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, տարածաշրջանում խաղաղության հաստատման պատմական հնարավորություն է ստեղծվել»,- ասաց նա՝ ընդգծելով, թե «երկկողմ գործընթացի շրջանակներում, մասնավորաբար սահմանազատման եւ սահմանագծման հարցում, դրական պայմանավորվածություններ են ձեռք բերվել»։

Լավատեսական շեշտադրումներով համեմված այս հայտարարություններից մի քանի օր անց արդեն Հայաստանին ներկայացրեց հերթական պահանջները: Խոջալու տեղափոխված ադրբեջանցիների հետ հանդիպմանը նա հայտարարեց, թե` «Հայաստանը պետք է ճանաչի Խոջալուի ցեղասպանությունը եւ ներողություն խնդրի»։ «Առաջին հերթին Հայաստանը պետք է ճանաչի այդ ողբերգությունը, այդ հանցագործությունը»,- հայտարարել է Ալիեւը։

Ահա, թե ինչի է հանգեցնում հայկական կողմի շարունակական զիջողական կեցվածքը: 1992-ին Խոջալուում տեղի ունեցած իրադարձություններն Ադրբեջանը տարիներ շարունակ ձգտել է ներկայացնել իբրեւ հայերի կողմից ադրբեջանցիների «ցեղասպանություն», սակայն հայկական կողմը հերքել է այդ պնդումը, այն քարոզչական հնարք որակելով:

Այժմ Ալիեւի կողմից հրապարակ նետված նոր մեղադրանքը պաշտոնական Երեւանը կո՞ւլ է տալու…

Իբր Հայաստանի հետ խաղաղության ձգտող Ալիեւը մի կողմից շարունակում է մեղադրանքների շարանը Հայաստանի ուղղությամբ, մյուս կողմից ի լուր աշխարհի հավաստիացնում, որ Ադրբեջանը շարունակելու է զինվել, ամրապնդել բանակը: Սակայն նույնը Հայաստանին, ինչպես մի քանի առիթներով է նա հայտարարել` արգելված է: «Պետք է պատրաստ լինենք ցանկացած պահի», «իհարկե, առաջին հերթին անհրաժեշտ է մեր բանակը ամրապնդել, եւ մենք դա անում ենք», ասել է նա, նաեւ անդրադառնալով ներհայաստանյան քաղաքական գործընթացներին, հավելել է. «Հայաստանում ռեւանշիստները բավական շատ են։ Մենք նաեւ հետեւում ենք վերջին իրադարձություններին, տեսնում ենք, որ կրկին փորձեր են ձեռնարկվում տարածքային հավակնություններ ներկայացնել մեզ»:

Ալիեւը Խոջալուում նաեւ հստակ հայտարարեց նախորդ սեպտեմբերին ամբողջությամբ հայաթափված Լեռնային Ղարաբաղի ժողովրդագրական պատկերը փոխելու մտադրության մասին. «Սեպտեմբերից մենք սկսում ենք Խանքենդիի վերաբնակեցումը։ Առաջինը կտեղափոխվեն Ղարաբաղի համալսարանի ուսանողներն ու դասախոսները։ Այնպես որ՝ ձեր մի կողմից Խանքենդին կլինի, մյուս կողմից՝ Աղդամը։ Այնտեղ մարդիկ կսկսեն վերադառնալ արդեն հաջորդ տարի»։

Արցախում էթնիկ զտում իրագործած, Արցախի դեմ պատերազմում բազում ռազմական հանցագործություններ գործած, արգելված զինատեսակներ կիրառած երկիրը, դեռ այսօր էլ հայատյացության քարոզ իրականացնող պետությունն ու նրա ղեկավարն, ահա, ընդդեմ Հայաստանի կեղծ մեղադրանքներ են հնչեցնում, փորձելով Հայաստանը ներկայացնել որպես` «ցեղասպան», «ագրեսոր» պետություն։

Հայաստանի ներկայիս իշխանության ներկայացուցիչների շուրթերից որեւէ մեկը լսե՞լ է հիշեցում, թե որ երկիրն է ղարաբաղյան առաջին եւ երկրորդ պատերազմներն առհասարակ սկսել: Ադրբեջանին` պատերազմները սկսելու, ԼՂ-ի հանդեպ ցեղասպանական քաղաքականություն վարելու հարցում պաշտոնական Երեւանի կողմից պատմական այս դրվագների մասին հիշեցնելը, կարծես, արգելված թեմա լինի: Հետեւաբար, ինչո՞ւ Ալիեւը չպետք է շարունակի Հայաստանի նկատմամբ ճնշումների գործադրման պետական քաղաքական գիծը…

Ադրբեջանի նախագահի կողմից Հայաստանին վերագրվեց Խոջալուում ցեղասպանություն իրականացնելու պաշտոնական մեղադրանք: Սա հետեւանքներ կունենա, եթե պաշտոնական Երեւանը չկանխի Ալիեւի նոր նպատակը, այն է` կեղծ մեղադրանքներով Հայաստանին մի նոր հարցով նվաստացնել:

Ի վերջո, խոսքը վերաբերում է մի թեմայի, որի վերաբերյալ անգամ Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովն է հստակ հայտարարություն արել: Հայտնի է, որ Խոջալուի դեպքերի վերաբերյալ Մութալիբովը մեղադրել էր Ադրբեջանի Ազգային ճակատին` նրանց մատնանշելով որպես կազմակերպիչ, որոնց նպատակը, ըստ Ադրբեջանի նախկին նախագահի` իրեն իշխանությունից հեռացնելն է եղել: Այս պատմական փաստերը հաստատող այլ վկայությունների մասին օրերս հիշեցրել էր Հայ ազգային կոնգրեսը:

Պաշտոնական Երեւանը չպետք է թուլացնի զգոնությունը` Բաքվից հնչող լավատեսական հայտարարությունների ֆոնին: Ադրբեջանի իշխանությունները, թեեւ գործընկերների հետ հանդիպումներում փորձում են Հայաստանի հետ ընթացող առանձին` սահմանային գործընթացը ներկայացնել որպես լրջագույն դիվանագիտական հաջողություն, սակայն ակնհայտ է, որ պաշտոնական Բաքուն չի հրաժարվում Հայաստանին ծնկի բերելու իր քաղաքական գծից, իսկ դա նախեւառաջ պաշտոնական Երեւանի կողմից վարվող թույլ, հարմարվող, համակերպվող քաղաքական գծի հետեւանք է:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 05.06.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930