Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհաննես Հովսեփյան․ «Ուրախ եմ, որ կարողացանք պատմական արդյունք գրանցել»

Մայիս 04,2023 10:18

Երեւանի «Միկա» մարզահամալիրում ավարտվեց բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը։ Երեկ կայացած եզրափակիչ մենամարտերում Հայաստանն ուներ երեք ներկայացուցիչ, որոնցից միայն 86 կգ քաշային Դավիթ Սիմոնյանին հաջողվեց բարձրանալ պատվո պատվանդանի առաջին աստիճան ու պարգեւատրվել ոսկե մեդալով։


Մեր մյուս երկու բռնցքամարտիկները՝ 57 կգ քաշային Գոռ Ազիզյանը եւ 80 կգ Աղվան Ալեքսանյանը, իրենց վճռորոշ մարտերը տանուլ տվեցին եւ բավարարվեցին արծաթե մեդալով։ Այսպիսով` մեր տղաները Եվրոպայի առաջնությանը մասնակցեցին 13 բռնցքամարտիկով, որոնցից 12-ը արժանացավ մեդալի․ մեկը՝ ոսկե, երկուսը՝ արծաթե, ինը բրոնզե։
Հավաքականի ավագ մարզիչ Վազգեն Բադալյանը առաջնության ավարտին Aravot.am-ին ասաց․ «Մեդալների քանակից շատ գոհ եմ, բայց պետք է ունենայինք երեք հաղթող։ Այսօր 57 կգ քաշային կարգում հաղթանակը բացահայտորեն մեզ չտվեցին։ Գոռ Ազիզյանը առաջին ռաունդում հաղթեց, իսկ երրորդը շահեց ավելի մեծ առավելությամբ։ Ինչպե՞ս կարելի է, որ այսպիսի բան լինի։ Նմանապես մեր ձեռքից գնացին կիսաեզրափակչում Արթուր Միսկարյանի եւ Արթուր Մկրտչյանի մարտերը»։

Իսկ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը ասաց․»Արդյունքից գոհ եմ։ Շնորհակալություն եմ հայտնում թիմին։ Մենամարտերում, որ պարտվել են տղաները, տարբերությունն աննշան է եղել։ Բոլորս էլ գիտենք, որ բռնցքամարտը սուբյեկտիվ մարզաձեւ է մրցավարության առումով։ Նոր կարգը, որ ներկայումս գործում է, հնարավորություն չի տալիս բողոքարկելու եւ այդ պատճառով մի քանի մենամարտերում մենք խնդիր ենք ունեցել, հաղթանակի նժարը մեր կողմ չի թեքվել։ Բայց ուրախ եմ, որ մենք կարողանում ենք պատմական արդյունք գրանցել։ Նկատի ունեմ նաեւ մեր աղջիկներից Լուսինե Գեւորգյանի բրոնզե մեդալը։ Ինչպես երեւում է՝ ինչ խոստացել եմ, կատարվում է»։

ՀԲՖ նախագահը մեզ տեղեկացրեց նաեւ, որ «Միկայում» երիտասարդների Եվրոպայի առաջնության ավարտից անմիջապես հետո մեկնելու է Տաշքենդ, որտեղ Հայաստանի ազգային հավաքականը հանդես է գալիս աշխարհի առաջնությունում։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031