Լրահոս
Օրվա լրահոսը

Մի զարմացեք, որ Վարդապետյանն արդարացնում է Ալեն Սիմոնյանի թքելը: Ինքն էլ թքա՛ծ ունի. Կարեն Մեժլումյան

Մայիս 05,2023 12:12

Փաստաբան Կարեն Մեժլումյանի ֆեյսբուքյան գրառումը

Աննա Վարդապետյանը = Ալեն Սիմոնյանի կամ` թքողների ու ցինիկների իշխանություն

Սահմանադրության 3-րդ հոդվածի համաձայն.
«1.Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է: Մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքն է:

2.Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններն են:

3.Հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք»:

Այսպիսով, Սահմանադրությամբ`
1.Մարդու արժանապատվությունը հռչակվել է անօտարելի և նրա իրավունքների ու ազատությունների անքակտելի հիմք.

2.Հանրային իշխանությունը (իմա. ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու իր թիկնազորը) սահմանափակված է մարդու հիմնական իրավունքներով և ազատություններով, ավելին` մարդու հիմնական իրավունքների և ազատությունների հարգումն ու պաշտպանությունը նրա պարտականությունն է:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, թեև որպես հանրային իշխանության կրող, ունի մարդու հիմնական իրավունքներն ու ազատությունները հարգելու և պաշտպանելու պարտականություն, փաստացի իրեն պահում է հետևյալ կերպ` Երևանի սրտում, բազմության առջև, օգտվելով պետական ռեսուրսից` իր թիկնազորի միջոցով երիտասարդ տղայի ձեռքերը ոլորում է, անշարժացնում, դարձնում է անպաշտպան, մոտենում է, նայում աչքերի մեջ և բոլորի ներկայությամբ ու ցուցադրաբար թքում վրան` նսեմացնելով նրա արժանապատվությունը:

Ազգային ժողովում էլ պատգամավորի հարցին պատասխանելով հայտարարում է՝ պետք լինի, [էլի] կթքի:

Դանիել Իոաննիսյանը (Իրազեկ քաղաքացիների միավորումը) այդ դեպքի առթիվ հանցագործության մասին հաղորդում է ներկայացնում, ինչի կապակցությամբ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Ազգային ժողովում պատասխանելով լրագրողների հարցերին քրեաիրավական առումով արդարացրեց Ալեն Սիմոնյանի և թիկնազորի արարքը:

Շատերը զարմացան, որ Աննա Վարդապետյանը արդարացնում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և թիկնազորի` բացառիկ ցինիզմ պարունակով արարքը:

Իրականում զարմանալ պետք չէ, քանի որ Աննա Վարդապետյանը բացառիկ ցինիզմ դրսևորելու և թքելու առումով նույն արժեհամակարգն ունի, ինչ Ալեն Սիմոնյանը: Նա էլ թքում է մարդկանց հիմնական իրավունքների վրա, ընդ որում, դրա համար օգտագործելով իր հսկողությամբ գործող քննիչին ու դատախազին:

Այսպես, Աննա Վարդապետյանը միջնորդագիր էր ներկայացրել ԱԺ և ստացել իշխող Քաղաքացիական պայմանագիր խմբակցության համաձայնությունը` ԱԺ պատգամավոր, ընդդիմադիր Հայաստան խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար:

Օրերս տեղեկացա, որ Աննա Վարդապետյանի անմիջական հսկողության տակ գտնվող նշված գործով քննիչը քրեական գործի նախաքննության ավարտ է հայտարարել և 59 հատոր (որպես կանոն յուրաքանչյուր հատորը 250-300 թերթ է կազմում), այսինքն մոտ 16.000 թերթ կամ 32.000 էջ կազմող քրեական վարույթի նյութերին ծանոթանալու համար ընդամենը 9 օր ժամկետ է տվել, այսինքն յուրաքանչյուր 5,5 հատորի կամ 1500 թերթի կամ 3000 էջի ծանոթանալու համար ընդամենը 1 օր ժամկետ է տրամադրել, իսկ դատախազն էլ մերժել է պաշտպանի բերած բողոքը, ցինիկաբար հայտնելով, որ դրանից ավել Սեյրան Օհանյանին չի հասնում:
Պատկերացում կազմելու համար, թե ինչի մասին է խոսք գնում, և ինչում է ցինիզմը, ասեմ, որ քրեական գործի նյութերին ծանոթանալու համար ողջամիտ ժամկետը 1 հատորի համար 2 աշխատանքային օրն է, որի ընթացքում հնարավոր է կարդալ, գործի մյուս նյութերի հետ համադրել և վերլուծել: Պրակտիկայում քննիչները գործի նյութերին ծանոթանալու համար ժամկետ են սահմանում 1 հատորին 1 օր հաշվարկով:

Քաղաքական դրդապատճառներով պարոն Սեյրան Օհանյանի նկատմամբ մի քանի գործով իրականացվել են քրեական հետապնդումներ, որոնցով գործի նյութերին ծանոթանալու համար տրվել է խտրական քիչ ժամկետ, օրինակ, այսպես կոչված մարտի 1-ի գործով 76 հատորին ծանոթանալու համար` 50 օր, այսինքն մեկ օրում 1,5 հատոր հաշվարկով: Ձորահեկի գործով նույնպես գործի նյութերին ծանոթանալու համար ժամկետը սահմանվել էր 1 օրում 1,5 հատոր հաշվարկով` 30 հատորին 20 օր:

Այս դեպքում, ինչպես նշեցի, 59 հատորին ծանոթանալու համար տրվել է ընդամենը 9 օր` 5,5 հատորին 1 օր:

Նման ծավալուն գործի նյութերին ծանոթանալու համար մեղադրյալին ընդամենը 9 օր տրամադրելը նշանակում է թքել մարդու հիմնական իրավունքներից Սահմանադրության 67-րդ հոդվածով երաշխավորված` մեղադրանքից պաշտպանվելու իրավունքի վրա:
Այնպես որ, մի զարմացեք, որ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը արդարացնում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կողմից մարդու վրա թքելը:

Ինքն էլ` թքա՛ծ ունի:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031