Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախի իշխանությունները պետք է հայ ժողովրդին այն ուղերձը հղեն, որ Նիկոլ Փաշինյանը ոչ լեգիտիմ բանակցություններ է վարում»․ Դավիթ Գալստյան

Մայիս 05,2023 16:49 Share

«Առավոտի» զրուցակիցն է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը։

Դավիթ Գալստյան

-Պարոն Գալստյան, Վաշինգթոնում ընթացքող բանակցությունների ժամանակ ԱՄՆ Պետքարտուղարությունը, մանրամասներ հայտնելով Միրզոյան-Բայրամով բանակցություններից, «էթնիկ փոքրամասնությունների իրավունքներ ու անվտանգություն» ձեւակերպումն օգտագործեց։ Դա մտահոգություններ առաջացրեց այն առումով, որ «էթնիկ փոքրամասնություն» ձեւակերպումը վերաբերում է արցախահայությանը։ Դուք ի՞նչ տեսակետ ունեք այս բանակցությունների եւ ձեւակերպումների վերաբերյալ։

– Այդ բանակցությունները չեն արտահայտում Արցախի ինքնորոշման իրավունքը։ Դա ոչ լեգիտիմ է, քանի որ արցախահայությունը եւ ընդհանրապես հայ ազգը Հայաստանի իշխանություններին մանդատ են տվել, որպեսզի միջազգային ատյաններում միայն ու միայն առաջ քաշեն Արցախի ինքնորոշման հարցը։ Մնացած բոլոր դեպքերում ցանկացած բանակցություն, որն ինչ-որ ձեւով կարող է կասկածի տակ դնել Արցախի ինքնորոշման հարցը, ոչ լեգիտիմ է։ Այսինքն՝ Հայաստանի իշխանությունների կողմից վարվող այդ բանակցությունները ոչ լեգիտիմ են։ Հայությունը նրանց նման մանդատ չի տվել, որ Արցախը բռնակցեն Ադրբեջանին կամ արցախահայության հարցը քննարկեն որպես «ազգային փոքրամասնության» հարց։

-Հայաստանի իշխանությունները վերջին օրերին դարձյալ կրկնեցին այն թեզը, որ բանակցում են միայն արցախահայերի անվտանգության եւ իրավունքների պաշտպանության հարցերով։ Եվ այս համատեքստում խոսում են միջազգային վերահսկողության անհրաժեշտության մասին։ Այսինքն՝ ինքնորոշման իրավունքի հարցը հետին պլան են մղում, սա ի՞նչ վտանգ է պարունակում։

-Հայաստանի Գերագույն խորհրդի որոշման համաձայն՝ նրանք պետք է միայն ու միայն խոսեն Արցախի ինքնորոշման հարցով։ Եթե չեն կարողանում Արցախի ինքնորոշման հարցով խոսել, ապա նրանք պետք է իրենց մեջ ուժ գտնեն, հանուն պետականության, հանուն հայ ազգի ապագայի թույլ տան բանակցություններում ներգրավվել մարդկանց, ովքեր կհամարձակվեն խոսել Արցախի ինքնորոշման հարցով։ Չպետք է պարտված, գլուխները կախ գնան նստեն եւ ինչ-որ ձեւ փորձեն արդարացնել իրենց այսպես կոչված մտահղացումները, որոնք չեն բխում հայ ազգի շահերից։

-Ի՞նչ հնարավորություններ եք տեսնում այս փուլում Արցախի ինքնորոշման հարցի բարձրացման ուղղությամբ։

-Ցավոք սրտի, Հայաստանի այսօրվա իշխանությունների հետ կապված որեւէ հույս ու հնարավորություն մենք չենք տեսնում։ Եվ Արցախի իշխանությունները պետք է կարողանան դրա մասին բարձրաձայնել, այլ ոչ թե առանձին փակ հանդիպումների ժամանակ խոսել։ Պետք է հայ ազգին տրվի այն ուղերձը, որ Նիկոլ Փաշինյանը ոչ լեգիտիմ բանակցություններ է վարում։ Ցավոք սրտի, Արցախի օրվա իշխանությունները դեռ չեն կարող իրենց մեջ ուժ գտնել եւ նման հայտարարությամբ հանդես գալ։ Դա ինչ-որ տեղ ցավալի է, բայց մենք հույս ունենք, որ կամ իշխանություններն այդ ուժը կգտնեն, կամ նրանք հնարավորության կտան Արցախում իշխանության գալ այն ուժերին, որոնք առաջ կտանեն արցախահայության շահերը։

Ինչ վերաբերում է ինքնորոշման իրավունքի հարցի բարձրացման հնարավորությանը՝ իսկ ի՞նչ է փոխվել միջազգային հանրության կամ ընդհանրապես ազգերի ինքնորոշման հարցի վերաբերյալ։ Որեւէ փոփոխություն եղե՞լ է։ Միշտ էլ Ադրբեջանը չէր ընդունում մեր ինքնորոշումը, իսկ հայկական կողմը հավասար հարթության վրա էր դրել հարցը, որ տարածքային ամբողջականությունը չի կարող առավել լինել, քան ազգերի ինքնորոշման իրավունքը։ Քանի որ Ալիեւն այսօր հաղթած է եւ Հայաստանի ու Արցախի պարտված իշխանությունների հետ թելադրանքով է խոսում, այլ ոչ թե բանակցում է, դրա համար այս պահին մեկնաբանվում է, թե հնարավոր չէ բարձրացնել Արցախի ինքնորոշման հարցը։

Ստեփանակերտ-Բաքու ուղիղ բանակցություններն ի՞նչ կարող են տալ։

-Քանի որ Հայաստանի իշխանությունները ոչ մի գործնական քայլ չեն անում 120 հազար մարդու խնդիրների լուծման ուղղությամբ, Արցախի իշխանությունները պետք է այդ հարցով մտահոգվեն։ Եվ, այո, պետք է լինեն այդ ուղիղ բանակցությունները, բայց ոչ Բաքվում։ Եթե չկան բանակցություններ, ապա դա շատ ավելի վատ է, քան այս իրավիճակը։ Պետք է ուղղակի ունենալ կամք ու կարողանալ հայկական շահն առաջ տանել։ Եթե մարդիկ այսօր հրաժարվում են բանակցություններից, հաշվի առնելով, որ պարտված իշխանություններ են, չեն կարողանալու լիարժեք ներկայացնել հայկական շահը, հրաժարական պետք է տան։ Բանակցություններ պետք է լինեն, իսկ վայրը, թեման, օրակարգը, պետք է համաձայնեցվի։ Եվ պարտադիր պետք է փորձել որպես լիիրավ սուբյեկտ հանդես գալ բանակցություններում։

-Ինչպե՞ս եք գնահատում Արցախում ստեղծված իրավիճակը։ Արցախցիները պահանջում են ապահովել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կատարումը՝ կամ վերացնել ադրբեջանական անցակետը, կամ էլ այդ անցակետում պետք է լինեն ռուսները։ Ռուսական կողմը հայտարարել է, որ բանակցում են, բայց ոչ մի առաջընթաց չկա՝ Արցախը շարունակում է մնալ շրջափակման մեջ։

-Ճիշտն ասած, մենք շատ ինֆորմացիա չունենք, թե ռուսական եւ ադրբեջանական կողմերի միջեւ բանակցություններն ինչ ընթացքում են։ Բայց դա պահանջ է, որից հետ չեն կանգնելու արցախցիները։ Այո, մեզ համար անընդունելի է ադրբեջանական անցակետը։ Չնայած Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, թե ինքը ճանաչում է Խորհրդային Ադրբեջանի սահմանները՝ որպես Ադրբեջանի տարածքային ամբողջականություն, բայց Ադրբեջանն ինքն իրեն չի ճանաչել որպես խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդ։ Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանն Արցախը ճանաչում որպես Խորհրդային Ադրբեջանի մաս եւ մեկ բառ անգամ չի խոսում այն մասին, որ Արցախը երբեք Ադրբեջանի անկախ Հանրապետության կազմում չի եղել։ Արցախն անկախացել է այնպես, ինչպես խորհրդային Ադրբեջանի Հանրապետությունը՝ համաձայն ԽՍՀՄ Սահմանադրության եւ օրենսդրական ակտերի։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031