Լրահոս
Օրվա լրահոսը

Ծրագրեր բերեք նաեւ Քաջարան. Մանվել Փարամազյանը` միջազգային կառույցների ներկայացուցիչներին

Մայիս 07,2023 22:50

Վերջերս Գորիսում կայացած «Միասին Սյունիքի համար-գյուղատնտեսություն» աշխատաժողովին մասնակցած միջազգային կազմակերպության ներկայացուցիչները, անդրադառնալով Սյունիքի մարզում իրականացվող եւ նախատեսված ծրագրերի մասին, նշեցին, որ ներդրումների չափը  Սյունիքում կմեծանա։ Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը նկատեց՝ ինչո՞ւ այդ ներդրումները Քաջարան կամ չեն հասնում կամ քիչ են հասնում։ Ըստ Մավել Փարամազյանի՝ ճիշտ է, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն աջակցում է սոցիալական ծրագրերին, բայց   նախագծեր  շատ ունեն, ինչը հնարավոր չէ անել համայնքի միջոցներով։  «Այո՛, մենք ձեր կարիքը ունենք, հուսով եմ եւ  համոզված՝ մենք փոխշահավետ համագործակցության դաշտ կստեղծենք ի շահ Քաջարանի»,-ասաց Մանվել Փարամազյանը։

ՄԱԿ-ի զարգացման ծրագրի «Կայուն համայնքներ» ծրագրի համակարգող Արման Վալեսյանը մի այլ խնդիր բարձրացրեց՝ հաճախ ծրագրերով հասնում են հեռավոր բնակավայրեր, բայց տեղերում կարծես չեն ուզում համակարգել այդ ծրագրերը։ «Ո՞վ է կառավարելու, մասնավո՞րը թե՞ պետությունը։ Եթե ասում  եք՝ անհրաժեշտ է, ապա ցանկալի կլիներ նաեւ մոդելներ առաջարկեիք, մենք ներդրումների պատրաստ ենք, եթե չկա մոդել, գուցե հենց  դրանից սկսե՞նք։ Մենք պատրաստ ենք օգնել նաեւ մոդուլը պատրաստել, որից հետո ավելի հեշտ կլինի ներդրումներ անել»,-նշեց Վալեսյանը։

Հիշեցնենք, որ բացի ոլորտային նախարարությունների ներկայացուցիչներից, աշխատաժողովին մասնակցեցին  Սյունիքի մարզում գործունեություն ծավալող  եւ գյուղատնտեսության ոլորտում ծրագրեր իրականացնող 23 միջազգային կազմակերպության ներկայացուցիչներ։

Հաշվի առնելով վերջին տարիներին Սյունիքում ստեղծված անվտանգային միջավայրը` մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի կարծիքով՝ մարզում մշակովի պետք է դարձնել նոր տարածքներ։ «Սահմանի ու հատկապես նոր առաջնագծի հետ կապված՝ մարզում կան տարածքներ՝ արոտավայրեր, խոտհարքներ, որոնք դարձել են դժվար հասանելի քաղաքացիների համար։ Այս իմաստով շատ կարեւոր է, որ կազմակերպենք բարձրարժեք անասնակերի արտադրություն, նոր ցանքսեր անենք ու այս լուծումներով պետք է կարողանանք 1 քառակուսի մետր տարածքից ավելի շատ բերք ստանալ»,-աշխատաժողովում ասել էր մարզպետը։

2022թ. նոյեմբերին Սյունիքի մարզպետարանն առաջին անգամ կազմակերպեց «Միասին Սյունիքի համար» աշխատաժողովը, որին մասնակցում էին նաեւ մարզի բոլոր ոլորտներում ծրագրեր իրականացնող միջազգային կառույցները։

Որպես դրա տրամաբանական շարունակություն՝ որոշվել էր, որ նման աշխատաժողովներ կազմակերպել նաեւ ըստ առանձին ոլորտների։ Առաջինը գյուղատնտեսությանն առնչվող այս աշխատաժողովն էր, իսկ հաջորդին կքննարկեն առողջության ոլորտում առկա խնդիրները։

 

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031