Լրահոս
Օրվա լրահոսը

«Թուրքիան առաջիկայում եւս կօգտագործի պատեհ առիթները Հայաստանի խոցելիությունն ի ցույց դնելու համար»

Մայիս 08,2023 13:30

«Առավոտի» զրուցակիցն է ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, Արցախի նախկին ԱԳ նախարար Արման Մելիքյանը։

– Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ բանակցային սեղանին կա փաստաթուղթ, եւ կարող եք ծանոթանալ։ Բայց որեւէ մեկը կարծես չի հասկանում՝ կոնկրետ ի՞նչ փաստաթղթի մասին է խոսքը։ Իհարկե, ընդհանուր թեզերը թերեւս հասկանալի են, բայց գոնե ձեզ համար ուրվագծվո՞ւմ է այդ փաստաթղթի բովանդակությունը, եւ այս անորոշությունը մի՞թե վտանգավոր չէ։

– Եթե ցանկացած ոք իրավունք եւ հանրավորություն ունենար ծանոթանալու քննարկվող փաստաթղթի բովանդակությանը, ապա այն, թերեւս, արդեն հրապարակված կլիներ: Վարչապետը հատկապես ընդդիմադիր պատգամավորներին հրավիրեց ԱԳՆ՝ փաստաթղթի բովանդակությանը ծանոթանալու համար: Ընդ որում, կարծում եմ, որ դա գաղտնի փաստաթուղթ է, որին ծանոթանալու իրավունք կարող են շատ սահմանափակ թվով մարդիկ, այդ թվում ԱԺ պատգամավորներն, ունենալ, իսկ դրա գաղտնազերծումն էլ նրանց համար կարող է օրենքով նախատեսված բացասական հետեւանքների հանգեցնել: Ես այդ փաստաթղթի վերաբերյալ բացառապես ընդհանուր բնույթի դատողություններ կարող եմ անել: Բայց ամենակարեւորն այն է, որ ներկայիս արագընթաց աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում, երբ գլոբալ ուժերի միջեւ խախտվել է հավասարակշռությունը, ցանկացած պայմանավորվածություն կարող է շատ կարճ կյանք ունենալ:

– Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում ասաց, որ ՀՀ կառավարությունը եւ Հայաստանի Հանրապետությունը պետք է հայտարարի, որ տարածքային նկրտումներ ոչ միայն չունի, այլ նաեւ չի ունենալու։ Ըստ նրա՝ սա է այն միակ սկզբունքը, որը մեզ շանս կտա պետություն ունենալու։ Հակառակ դեպքում եկեք նայենք, 4 կողմից ամեն ինչ անելու են, որ մենք որպես պետություն չլինենք։ Նիկոլ Փաշինյանը ձեր գնահատմամբ՝ հիմա՞ ինչի է պատրաստում հասարակությանը։

– Հավանաբար ակնարկվում է 29.800 քառակուսի կիլոմետր տարածքով Հայաստանի Հանրապետություն ունենալու անայլընտրանքային տարբերակը, որի արդյունքում մեր սահմանները բոլոր հարեւանների հետ փոխադարձաբար կճանաչվեն ու առհավետ կկայունանան:

– Ինչպե՞ս կգնահատեք ԱՄՆ-ում ընթացած Միրզոյան-Բայրամով բանակցությունները։ ԱՄՆ-ի պաշտոնական հայտարարությունների համաձայն՝ այդ բանակցություններում առաջընթաց կա եւ կրկին խոսում են համաձայնագրի մասին։ Հնարավո՞ր է առաջիկայում, այնուամենայնիվ, որեւէ նոր փաստաթուղթ ստորագրվի։

– Դեռեւս հասկանալի չէ, թե կոնկրետ ինչ առաջընթացի մասին է խոսքը: Բանակցությունները մի քանի օր են տեւել եւ օրինաչափ կլինի ենթադրել, որ արտգործնախարարները քննարկել են կողմերի համար առավել դժվար հաղթահարելի հարցերի շրջանակը: Հավանաբար Արցախի հետ կապված իրավիճակն առանցքային է եղել կողմերի շփումներում եւ ԱՄՆ պետքարտուղարը, կարծես, հենց այս խնդիրն է շեշտադրել իր հայտարարությունում: Փաստաթղթի ստորագրումն արտգործնախարարների մակարդակով դժվար թե նպատակահարմար լինի՝ նրանք կարող են փաստաթուղթ նախապատրաստել պետությունների ղեկավարների մակարդակով ստորագրելու համար, իսկ դա լրացուցիչ ժամանակ է պահանջելու: Բոլոր դեպքերում, կարծես թե առայժմ ծրագրվում է արտգործնախարարների նոր հանդիպում, ինչը նշանակում է, որ դեռեւս չլուծված հարցեր են մնացել:

– Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները՝ ռուս խաղաղապահների իրավասության գոտում միջազգային փաստահավաք խմբի անհրաժեշտության մասին, շատ քննադատվեցին։ Այդ մասին նա նաեւ հայտարարեց Պրահայում։ Դուք այս հայտարարություններում եւ մասնավորապես միջազգային փաստահավաք առաքելության՝ Լաչինի միջանցքում տեղակայման դեպքում ի՞նչ վտանգներ եք տեսնում։

– Փաստահավաք առաքելության մուտքը մարդասիրական միջանցքի գոտի հնարավոր չի լինելու առանց պաշտոնական Բաքվի համաձայնության: Կարծում եմ, որ ստեղծված իրավիճակում Ռուսաստանը եւս չի ողջունի այս նախաձեռնությունը: Վարչապետ Փաշինյանը հաջորդ շաբաթ ծրագրում է այցելել Մոսկվա եւ այն ժամանակ էլ, թերեւս, կպարզվի, թե ինչ դիրքորոշում կարտահայտի Կրեմլը հայաստանյան այս նախաձեռնության վերաբերյալ:

– Միրզոյան-Բայրամով հանդիպում նաեւ նախատեսվում է Մոսկվայում։ Այս հանդիպումի՞ց ինչ ակնկալել եւ այս իրավիճակում ներկայիս փուլում ինչպե՞ս կգնահատեք պաշտոնական Մոսկվայի դիրքավորումը։

– Ռուսաստանի պաշտոնական ներկայացուցիչները որպես հայ-ադրբեջանական հարաբերությունների համակողմանի կարգավորման միակ ընդունելի հիմք դիտարկում են 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, իսկ ուրիշների միջնորդության փորձերը համարում են տարածարջանում իրավիճակն ապակայունացնելուն միտված գործողություններ: Դժվար թե Մոսկվայի դիրքորոշումն այս հարցում փոխվի մոտ ապագայում:

-ԱՄՆ պետքարտուղարությունն իր անհանգստությունն է հայտնել հայկական ավիաընկերությունների թռիչքների թույլտվությունը կասեցնելու վերաբերյալ Թուրքիայի որոշման կապակցությամբ: Արդյոք Թուրքիայի՝ այս քայլը միտված չէ՞ ՀՀ-ից նոր զիջումներ ստանալուն եւ որո՞նք կարող են դրանք լինել։

– Թուրքիան առաջիկայում եւս կօգտագործի պատեհ առիթները Հայաստանի խոցելիությունն ի ցույց դնելու համար: Այս կերպ Անկարան նաեւ ի ցույց է դնում իր՝ ԱՄՆ-ից անկախ, ինքնուրույն գործելու կամքն ու քաղաքական ներուժը:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
06.05.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031