Լրահոս
Օրվա լրահոսը

Պահանջում են Սամվել Բաբայանին նշանակել ԱՀ պետական նախարար

Մայիս 15,2023 16:39

Արցախի Վերածննդի հրապարակում Սամվել Բաբայանի «Միասնական հայրենիք» կուսակցության այսօր կազմակերպած «Արցախի ժողովուրդն է իր ճակատագրի իրավատերը» հանրահավաքում կազմակերպիչները հայտարարություն տարածեցին՝ Արցախի իշխանությունից պահանջելով Սամվել Բաբայանին նշանակել ԱՀ պետնախարարի պաշտոնին։

Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է․«Մենք՝ Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ս․թ․ մայիսի 15-ին ընթացող հանրահավաքի մասնակիցներս, հայտարարում ենք․

Խիստ մտահոգված լինելով Արցախում եւ նրա շուրջ ստեղծված ռազմաքաղաքական, սոցիալ-տնտեսական, բարոյահոգեբանական իրավիճակի կապակցությամբ,

Անհամաձայնություն հայտնելով իշխանությունների՝ Արցախի մարտահրավերներին եւ սպառնալիքներին անհամարժեք գործունեությանը,

Անհանգստություն հայտնելով գոյութենական վտանգի պայմաններում Արցախում անհամահունչ ներքաղաքական խմորումների առնչությամբ,

Ինչպես նաեւ՝

Ընդունելի համարելով 2020թ․ համապետական ընտրությունների արդյունքներով հանրության վստահության քվեն ստացած խորհրդարանական երկրորդ ուժի՝ «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանի՝ ստեղծված իրավիճակից ելքի տեսլականը,

Արցախի Հանրապետության Նախագահից պահանջում ենք՝ Սամվել Անդրանիկի Բաբայանին նշանակել պետական նախարարի պաշտոնում եւ, հիմք ընդունելով «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ԱՀ օրենքի իրավակարգավորումները, վերջինիս օժտել համարժեք լիազորություններով»։

Հայտարարվեց, որ ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը միջնորդական առաքելություն է ստանձնել հանրահավաքի մասնակիցների եւ ԱՀ նախագահի միջեւ՝ քաղաքական կոնսուլտացիաներ սկսելու Սամվել Բաբայանին ԱՀ պետական նախարարի պաշտոնում նշանակելու հանրային պահանջի վերաբերյալ։

Հիշեցնենք, որ երեկ Բրյուսելում Միշել-Փաշինյան-Ալիեւ եռակողմ հանդիպումից հետո Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հանդես է եկել հայտարարությամբ, ասելով՝ առաջնորդները վերահաստատել են իրենց աներկբա հավատարմությունը 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրին և Հայաստանի (29,800 քառակուսի կիլոմետր) եւ Ադրբեջանի (86,600 քառակուսի կիլոմետր) համապատասխան տարածքային ամբողջականությանը: Սահմանի վերջնական սահմանազատումը կհամաձայնեցվի բանակցությունների միջոցով։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031