Լրահոս
Օրվա լրահոսը

Զոլյան. «Արցախն Ադրբեջան է, եւ վերջ» հայտարարության փոխարեն Փաշինյանը կոմպրոմիսային տարբերակ է գտել: Եթե նման ճշգրտությամբ թիվ է նշվում, ուրեմն կա հստակ ցանկ, քարտեզներ՝ ինչը պիտի հանձնվի եւ ինչպես. «Հրապարակ»

Մայիս 19,2023 11:15
Zolyan

ԳԽ պատգամավոր, քաղաքագետ Սուրեն Զոլյանի կարծիքով՝ 86.6 ք/կմ-ի մասին հստակ ընդգծումը նշանակում է, որ Փաշինյանը կատարում է Ալիեւի պահանջը, որը բոլորովին վերջերս հոխորտում էր, որ Փաշինյանը պետք է հայտարարի՝ «Արցախն Ադրբեջան է, եւ վերջ»։ Ըստ ամենայնի, Բրյուսելում Շառլ Միշելի միջնորդությամբ «փոխզիջումային» տարբերակն է ընտրվել, եւ «Արցախն Ադրբեջան է, եւ վերջ» ուղիղ հայտարարության փոխարեն Փաշինյանը կոմպրոմիսային տարբերակ է գտել՝ 86.6 ք/կմ-ի մասին հայտարարելով, ինչը բացարձակապես նույն բանն է։ Զոլյանը հիշեցրեց․ «Որոշ ժամանակ առաջ էլ Փաշինյանն ասում էր, որ Խորհրդային Միության գլխավոր շտաբի քարտեզներով են սահմանազատումն անելու, ու ոչ ոք չգիտեր, թե ԳՇ քարտեզները որոնք են։ Այսինքն՝ եթե նախկինում իր պայմանավորվածությունների մասին լղոզված, քողարկված էր տեղեկացնում, հիմա պետք է ասել, որ նրան խուսանավել թույլ չեն տալիս։ Ի վերջո, եթե նման ճշգրտությամբ թիվ է նշվում, ուրեմն կա հստակ ցանկ, քարտեզներ՝ ինչը պիտի հանձնվի եւ ինչպես։ Ես ուղղակի ուզում էի հասկանալ 4.5 հազար ինչ պիտի ավելանա Ադրբեջանի տարածքին, որ այդ թիվը կազմի»։ Նկատի ունի, որ այսօրվա տարածքը 82 հազար ք/կմ է, այդ մոտ 4,5 հազարը ԼՂԻՄ-ի տարածքն է՝ ամբողջությամբ։

Այդուհանդերձ, քաղաքագետի խոսքով՝ թե՛ հայկական կողմը, թե՛ Շառլ Միշելը նման հայտարարությամբ խեղաթյուրում են, փորձում են խախտել Ալմա-Աթայի հռչակագրի նորմերը, քանի որ եթե խոսքը գնում է 1991 թվականի սահմանների մասին, ապա Արցախը, Զոլյանի խոսքով, այդ ժամանակ հաստատ չէր գտնվում Ադրբեջանի կազմում։
Նա հիշեցնում է․ չնայած 1991 թվականի դեկտեմբերի 21-ին ստորագրվել է Ալմա-Աթայի հռչակագիրը, որով, ըստ էության, արձանագրվում է Խորհրդային Միության փլուզման մասին, եւ անդամ պետությունները փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, սակայն դրանից առաջ՝ դեկտեմբերի 10-ին, Արցախում տեղի է ունեցել ինքնորոշման հանրաքվե, եւ հռչակագիրն ընդունելուց առաջ Արցախն արդեն անկախ էր։ Բացի այդ՝ Ալմա-Աթայի հռչակագրում կա Արցախի մասով վերապահում, հռչակագրում մասնավորապես հետեւյալ ձեւակերպումն է մտցվել․ «Համաձայնագրի 13 հոդվածի երկրորդ պարբերությունը «բաց է ԽՍՀ Միության անդամ բոլոր պետությունների առջեւ» բառերից հետո լրացնել՝ «այդ թվում՝ ԽՍՀՄ-ի նախկին ինքնավար կազմավորումների համար, որոնք ԽՍՀՄ Գերագույն խորհրդի «ԽՍՀՄ-ի գոյության դադարեցման մասին» հռչակագրի ընդունումից առաջ անցկացրել են անկախություն հռչակելու վերաբերյալ համաժողովրդական հանրաքվե, եւ դրա հիման վրա ինքնավար կազմավորման իշխանության բարձրագույն գործադիր մարմինը դիմել է Անկախ պետությունների համագործակցություն` նրա կազմի մեջ ընդունվելու խնդրանքով» բառերով»։

Զոլյանի մեկնաբանությամբ, Ալմա-Աթայի պայմանագրի դրույթներն առհասարակ չեն կարող որեւէ կերպ տարածվել Ադրբեջանի վրա։

 Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031