Լրահոս
Օրվա լրահոսը

Ավտոմեքենաների ապակիների լուսաթափանցելիությունը ստուգող սարքերի ստուգաչափման հստակությունը կասկածելի է շատ վարորդների համար

Մայիս 23,2023 17:57

Հայտնի է, որ հունիսի 1-ից պարեկային ծառայողները և ճանապարհային ոստիկանները հայտնաբերելու են ապակիների լուսաթափանցելիության չափի խախտմամբ տրանսպորտային միջոցները և վարչական պատասխանատվության են ենթարկելու նվազագույն աշխատավարձի քսանհինգապատիկի չափով։ Ըստ ոստիկանության՝ ներպետական օրենսդրության իրավադրույթների և Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի համաձայն՝ մեքենաների առջևի կողային ապակիների լուսաթափանցելիությունը պետք է կազմի առնվազն 70%:

Սրա հետ կապված պարեկային ծառայությունը մայրաքաղաքում եւ մարզերում արդեն 2 օր է՝ իրականացնում է իրազեկման միջոցառումներ, որի ժամանակ վարորդները մոտենում են նախապես տեղակայված կարգախմբերին ու նրանց օգնությամբ՝ համապատասխան սարքերի միջոցով ստուգում մեքենաների առջեւի կողային ապակիների լուսաթափանցելիության աստիճանը:

Վանաձորի Հայքի հրապարակում էլ այսօր Լոռու պարեկային գումարտակի կարգախմբերին էին մոտենում տասնյակ վարորդներ, նրանց մեքենաների մեծ մասը թաղանթապատ էր, լուսաթափանցելիության աստիճանը՝ թույլատրելից քիչ: Համապատասխան սարքով չափելուց հետո՝ վարորդների մի մասը կամ տեղում էր փորձում պոկել թաղանթը, կամ հեռանում էր, նշելով, որ մինչեւ ամսի 1-ը նոր կհեռացնի: Իսկ նրանք, ովքեր ցանկանում էին հենց տեղում հեռացնել թաղանթը, պարեկներն էին նաեւ օգնում:

«Վանաձորի վարորդների ակումբի» հիմնադիր Անդրանիկ Հովհաննիսյանը թեպետ կողմ է օրենքի կիրառմանն ու թաղանթների հեռացմանը, սակայն նշում է՝ չափիչ սարքերը տեխնիկապես լավ չեն աշխատում, նույն սարքով ապակին 2 տարբեր հատվածում կամ տարբեր անգամներ չափելիս այլ տոկոս է ֆիքսվում.

«Նույն ապակին նույն կետում ամեն չափելուց տարբերվող թիվ է ցույց տալիս, սարքը անընդհատ «կալիբրովկա» են անում՝ նոր ստուգում, որ մի քիչ մոտիկ լինի ռեալ թվերին, սրանից բացի՝ երկու տարբեր սարքով չափում ենք նույն կետը, էլի տարբեր թվեր է ցույց տալիս, ու տարբերությունը ոչ թե ասենք 1-2 տոկոս է, այլ ահագին բարձր տարբերություն»,-ասաց նա, կասկած հայտնելով սարքերի ստուգաչափման և հստակության վրա:

Անդրանիկն ասում է՝ սարքերը, որոնցով պարեկները ստուգում են ապակիների լուսաթափանցելիության աստիճանը, ցածր դասի սարքեր են ու ճիշտ չեն աշխատում, կամ էլ ունեն հատուկ մոտեցում որն, ըստ նրա, չեն բացատրել պարեկներին որ իմանան՝ ինչպես ճիշտ չափեն. «Կոնկրետ իմ մեքենայի ապակին գործարանային է, մի սարքով չափեցինք՝ 65 տոկոս ցույց տվեց, մյուսով՝ 83, բայց ըստ գործարանի թվի պետք է 70 տոկոս լիներ»:

Անդրանիկ Հովհաննիսյանն առաջարկում է օրենքում լրացում անեն և թույլատրելի շեղում ավելացնեն, ինչպես արագաչափերի դեպքում է 10 արագություն շեղումը. «Որ չստացվի՝ սարքը 65 ցույց տա առանց ֆոլյա ապակին, ու տուգանեն, երբ գործարանային ստանդարտ ապակի է վրան»:

Էդվարդ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031